2018-ի սկանդալային դատական պրոցեսներն ու ՔԿՀ-ից ազատ արձակվածները

2018-ի սկանդալային դատական պրոցեսներն ու ՔԿՀ-ից ազատ արձակվածները

Անցնող տարին լի էր ձերբակալություններով, կալանավորումներով եւ դատավարություններով։ Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների, նրանց հետո մտերմիկ հարաբերություններ ունեցողների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեցին տարբեր հոդվածներով՝ խարդախությունից մինչեւ սահմանադրական կարգ տապալել, խոշոր չափով կաշառք ստանլուց մինչեւ ապօրինի հարստացում ու յուրացում։

«Հրապարակ»-ը ձեզ է ներկայացնում 2018-ի աղմկահարույց եւ հասարակական հնչեղություն ունեցող ունեցող դատավարությունները։ Տարվա սկզբին կաշառք ստանալու օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանը 700 հազար դրամի դիմաց ազատ արձակվեց։
Այս տարվա մարտին հրապարակվեց նաեւ 2015թ. սպանված էքստրասենս, հիրոմանտ Անի Մաջնունյանի գործով դատավճիռը։ Ըստ այդմ՝ գործով միակ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Մյուս աղմկահարույց գործերով դատավարությունները տեղի են ունեցել հեղափոխությունից հետո, եւ հենց այդ ժամանակ իրենց քաղբանտարկյալ հայտարարածները դատարանի որոշմամբ իրար հետեւից ազատ արձակվեցին։

Այս տարվա հունիսի 13-ին ապօրինի զենք զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի և զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի եւ այդ գործով անցնող մյուս ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց, թեպետ  դատարանը Սեֆիլյանին դատապարտեց 5,5 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չկիրառվեց։

6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Վճռաբեկը նույնպես ազատ արձակեց՝ գործն ուղարկելով վերաքննության։

Գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը մայիսի 7-ին ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Նրա գործով դատաքննությունն այժմ էլ շարունակվում է, հասել են տուժողների հարցաքննությանը։

Հունիսի 5-ին խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Հայկ Կյուրեղյանը կիսաբաց ռեժիմից անցավ  բաց ռեժիմի, այսինքն՝ առավոտյան քրեակատարողական հիմնարկից կարող է գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ դարձյալ քրեակատարողական հիմնարկ։

Արժեքների հեղափոխության փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանը նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, սակայն մինչ այդ նա նշում էր, որ կալանավայրից դուրս է գալու միայն մի դեպքում, երբ իր վերաբերյալ արդարացման դատավճիռ լինի։

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այս տարի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 

Այս տարի մեկնարկեց նաեւ Ալավերդիում սպանված Կամո Փիրուզյանի գործով դատավարությունը։ Սակայն, դատաքննությունը կարծես առաջ չի շարժվում, 1-2 նիստ է եղել, որը տեխնիկական պատճառներով հետաձգվել է․ այս գործով քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը կալանավորված է։

Վերջերս էլ մեկնարկեց նաեւ տարվա ամենաաղմկահարույց գործերից մեկի դատավարությունը, որտեղ ամբաստանյալի աթոռին պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է՝ Հայկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Հուլիսի 11-ին նա կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Այս գործով դեռեւս մեկ նիստ է տեղի ունեցել, որտեղ ճշտվել է Սարգսյանի ինքնությունը։

Հաջորդ աղմկահարույց գործը, որի դատավճիռը հրապարակվեց օրեր առաջ, քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի գործն է։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը արդարացման դատավճիռ հրապարակեց նրա համար, գործով ամբաստանյալներից արդարացվեց նաեւ Բանդուրյանի թիկնապահ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը։ Իսկ «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նրա դեպքում համաներում է կիրառվել։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Այս տարի էլ մեղադրանք առաջադրվեց քրեական հեղինակություն համարվող  «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին, եւ ընդամենը ամիսներ անց մեկնարկեց դատավարությունը։ Առաջին նիստին էական ոչինչ տեղի չունեցավ, այն հետաձգվեց։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի Ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:Վարդանյանը մեղադրվում է տուժողին առեւանգելու մեջ։ 

2018-ին նաեւ 2016 թվականի ամռանը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարությունը։ Այս տարի գործի քննությունը նույնպես առաջ չանցավ, որովհետեւ նույն գործը առանձնացված է 3 մասի եւ քննվում է տարբեր դատավորների վարույթներում։ Բացի սրանից՝ մի քանի դատավորներ փոխվեցին, եւ նոր վարույթ ընդունածները ստիպված ամեն ինչ սկսում էին զրոյից։ Միակ մեծ շրջադարձն այն էր, որ փոխվեցին բոլոր ամբաստանյալների խափանման միջոցները, բացի Սմբատ Բարսեղյանից եւ Արմեն Բիլյանից․ նրանց է մեղսագրվում ոստիկանների սպանությունը: