«Ստորության» կամ «Մերֆիի» կանոնի ուժով մանիպուլյացումը

«Ստորության» կամ «Մերֆիի» կանոնի ուժով մանիպուլյացումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ այս իշխանության հիմնական զենքը սուտն է: Կիսում եմ Լևոնի կարծիքը՝ հատկապես որ ստի ու կեղծիքի նիկոլական սնսպառ շտեմարանի մասին բազմիցս գրել եմ: Բայց այս իշխանության հենասյունը սուտը չէ. դա նախկինների վերադարձի վերաբերյալ կիսագրագետ զանգվածներին մանիպուլացնելն է: Եվ դժբախատաբար այդ թակարդն ընկավ ոչ միայն հանրության այդ հատվածը, այլև առաջին հայացքից նույնիսկ գրագետ թվացող մասը: Եվ կրկին դժբախտաբար այդ հարցում երբեմնի «դուխով» Նիկոլին, անկախ իրենից, աջակցեց Լևոնի հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Աջակցեց 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանի ընտրությանն իր առաջադրմամբ՝ որպես ընդդիմադիր դաշինքի ղեկավար: Չնայած Քոչարյանի առաջադրումն այլընտրանք չուներ. դա ընտրություննների եղանակով Նիկոլին իշխանությունից հեռացնելու միակ տարբերակն էր: Բայց հենց դա էլ ռուսական «Ստորության կանոնի» (закон подлости) և կամ անգլիական «Մերֆիի կանոնի» ուժով նպաստեց անգրագետ ու նույնիսկ գրագետ զանգվածներին նախկինների վերադարձի վախով մանիպուլյացնելուն: 

Առանց հասկանալու, նույն այդ երևույթին աջակցելու հիմք դրեց նաև ինքը՝ Լևոն Քոչարյանը՝ համաձայնելով ստանձնել ԱԺ պատգամավորի մանդատը: Ինչը կյանքի կոչվեց նրանից առաջ ցուցակում գտնվող երկու-երեք թեկնածուների հրաժարականի շնորհիվ: Նպատակն այն էր, որպեսզի պատգամավորի մանդատի ուժով վերջինս կարողանա դուրս գալ կալանավայրից: Հենց այս հանգամանքն էլ անհրաժեշտության դեպքում վստահաբար կօգտագործվի գործող իշխանության կողմից: Իսկ այդ անհրաժեշտությունն էլ կծագի Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրությունների ընթացքում: Եվ կստացվի, որ որպես ընդդիմություն հանդես եկող նախկինները, նախ, փորձում են այլոց մասնակցությամբ իշխանությունից հեռացնել Նիկոլին: Եվ երկրորդ՝ նրան հեռացնելուց բացի ցանկանում են հենց իրենք վերադարձնել իշխանությունը: Այն, ինչն անհրաժեշտ պահին անընդհատ օգտագործվում է Նիկոլի կողմից: Իսկ «նախկիններն» էլ և կամ նրանց հարազատներն է, ինչպես տվյալ դեպքում, Նիկոլին սկուտեղի վրա են մատուցում այդ հնարավորությունը:

Որպես «60 +» տարիքի անձնավորություն, որը շուրջ երկու տասնամյակ մասնակցել է փողոցային ակցիաներին, համարում եմ, որ մասնակցողը պետք է հաշվի առնի նաև ոստիկանների կողմից ծեծի և բերման ենթարկվելու հավանականությունը: Հաշվի առնի նաև, որ իրեն կծեծեն, սակայն կմեղադրեն ոստիկան ծեծելու մեջ: Հենց այն, ինչ տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի հետ: Որքան էլ դա թե՛ ֆիզիկապես և թե՛ հատկապես հոգեբանորեն տհաճ լինի, այնուամենայնիվ, այդպիսին է բռնապետության պայմաններում ոստիկանության աշխատաոճը: Հասկանալի է, որ կրկնակի ծանր է հոգեբանորեն՝ երբ այդպիսի վարքագիծ է դրսևորում այն իշխանությունը, որն իրեն հռչակել է որպես «ժողովրդավարության բաստիոն» և Արևմուտքում էլ դիտարկվում է որպես ժողովրդավարական: Նախկինների դեմ պայքարի մեջ մտած իմ սերնդակիցների և ավելի երիտասարդների համար այդ հանգամանքը չէր գործում: Մենք գիտեինք, որ Հայաստանն անցումային փուլում է թե՛ տնտեսության ազատականացման և թե՛ ժողովրդավարացման գործընթացի առումներով: Եվ ոստիկանության բռնարարքներն էլ դիտարկում էինք որպես դրան համարժեք վարքագիծ: Այնպես որ, եթե որևէ մեկը՝ ով էլ կամ ում զավակն էլ նա լինի, չի ցանկանում «վայելել» ոստիկանության «հոգատար» վերաբերմունքը, ապա չպետք է դուրս գա փողոց: Դժբախտաբար, այդպիսին է բռնապետության պայմաններում փողոցային պայքարի կանոնը: Իսկ Հայաստանը եղել և մնում է բռնապետական երկիր՝ նախկինում անթաքույց գայլի, իսկ գործող իշխանության պարագայում՝ գառան մորթի հագած գայլի ինքնությամբ: 
Վերջաբանի փոխարեն: Ինչ մնում է «ստի շղթան կոտրելու»՝ Լևոնի գաղափարին, և դրա միջոցով Նիկոլից ազատվելուն, ապա ասեմ, որ այն, դժբախտաբար, իրատեսական չէ: Ամենուրեք և բոլոր ժամանակներում մարդիկ գերադասել են սուտը: Քանի որ այն ունի ընդարմացնող հատկություն, իսկ ճշմարտությունը դառն է ու դաժան: Ըստ այդմ, մարդիկ տրվում են ստին, սակայն ստիպված են պայքարել հանուն ճշմարտության: Իսկ պայքարն էլ այն վարքագիծը չէ, որ հատուկ է բնակչության մեծամասնությանը: Իսկ ստի շղթան կկտրվի ինքնաբերաբար՝ երբ իշխանությունից հեռացվի Նիկոլը: