Պայքար Ռոբերտ Նազարյանի պաշտոնի համար

Պայքար Ռոբերտ Նազարյանի պաշտոնի համար

Ո՞վ կշարունակի աշխատել քայլարշավողների թիմում եւ ո՞վ կհեռանա իշխանության ղեկից՝ այս հարցի շուրջ կառավարության ենթակուլիսներում ինտրիգներ են հյուսվում, կրքեր են եռում, բանակցություններ են գնում։ Նախկին նախարարների համար հարմար աշխատատեղ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Դրա նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել իր լիազորությունները 2018-ի հուլիսի 25-ին, եւ մինչ օրս այս տեղը թափուր է։ Այս պաշտոնի համար յուրօրինակ մրցակցություն է սկսվել վերացող, օպտիմալացող նախարարությունների ղեկավարների միջեւ։ Տեղեկություն կա, գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն է այս օրերին բանակցությունների մեջ։ 

Գյուղնախն օպտիմալացման ենթակա կառույցների թվում է։ Այն միանալու է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, եւ Գեղամ Գեւորգյանը, ըստ լուրերի, փորձում է ամրապնդել քայլարշավող կառավարիչների հետ կապերը, նույնիսկ հիշեցնել ժամանակին արած լավությունները։ Իսկ լավությունը 35 հազար դոլարի կամ 16 մլն դրամի պետական դրամաշնորհն էր, որը Գեւորգյանը, լինելով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն, տվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին։ Այս ՍՊԸ-ն հիմնվել է 2011 թվականին եւ զբաղվում է չրերի արտադրությամբ, ինչի շնորհիվ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վայելում է «Չրերի Տիկո» մականունը։ Ընդ որում, «Իրիգեյթը» երկար ժամանակ անկման մեջ էր եւ դրամաշնորհը ստացավ մայիսի 25-ին, երբ արդեն Ավինյանը փոխվարչապետ էր։ Ինչպես կասեին պատմաբանները, «Իրիգեյթի» ծաղկուն շրջանը համընկնում է Փաշինյանի վարչապետության շրջանի հետ։ Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակից սկանդալային բացահայտման առիթով ներկայացրել էին ԳԶՀ-ից վարկեր ստացած մյուս ձեռնարկությունների ցանկը՝ ոչինչ չասող պարզաբանում տարածելով, թե գործընթացը համապատասխանում է «միջազգային բարձր չափորոշիչներին եւ նպատակ ունի առավել անաչառություն ապահովելու, առանցքային դեր է կատարում»։ 

Գյուղատնտեսության նախարարի խոսնակ Անի Սմբատյանը վստահեցնում է, որ դրամաշնորհ տրամադրելու գործընթացը սկսվել էր հեղափոխությունից մոտ 1 տարի առաջ։ «Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ հեղափոխություն է լինելու, եւ որ Ավինյանը նշանակվելու է փոխվարչապետ»,- ասաց նա։ Անի Սմբատյանը նաեւ հերքում է իր նախարարի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակվելու հավակնությունը։ «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նախարարի խոսքերը մեզ փոխանցեց Անի Սմբատյանը։ Դուք ապագայում է՞լ եք Ձեզ տեսնում կառավարման համակարգում։ Մեր հարցին նախարարի պաշտոնակատարը պատասխանեց հարցով․ «Այո, ինչո՞ւ չտեսնեմ»։ Ո՞ր ոլորտում եք Ձեզ տեսնում։ «Տարբեր ոլորտներում։ Հենց որ որոշակիություն լինի, կհայտնենք։ Այս պահին ես շարունակում եմ իրականացնել նախարարի առաջին տեղակալի գործառույթները, որն ի պաշտոնե նախարարի պաշտոնակատար է»։

Ռոբերտ Նազարյանի պաշտոնի մյուս հավակնորդն էլ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն է՝ ԱԱԾ տնօրենի քենակալը։ Ըստ որոշ գնահատականների, նրա նշանակման հարցն արդեն որոշված է, քանի որ նա վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի կառավարման մասնագետ է, ՀԾԿՀ-ում աշխատել է 2004-2011 թվականներին, մինչ այդ էլ՝ սակագնային քաղաքականության ոլորտում եւ առավելություն ունի մասնագիտությամբ իրավաբան Գեւորգյանի նկատմամբ։ Ուստի Տիգրան Ավինյանը եթե անգամ փորձի էլ Գեղամ Գեւորգյանին նախագահ նշանակել, աջակցություն չի ստանա։ «Գեւորգյանի անունը չի էլ շրջանառվում»,- ասաց կառավարության մեր աղբյուրը։ Արդյոք Գեղամ Գեւորգյանին կթողնեն անպաշտո՞ն։ Բանն այն է, որ նրան շատերն ասոցացնում են նախկին իշխանությունների հետ: Գեղամ Գեւորգյանը կապեր ունի նախկին կառավարության անդամների հետ, որոնց շնորհիվ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետից աճեց մինչեւ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար: 

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությամբ վերջինիս ղեկավարած ԾԻԳ-ում չարաշահումներ հայտնաբերվեցին, ինչի արդյունքում արձանագրվեց, որ Համաշխարհային բանկի եւ այլ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի գումարները փոշիացվել են, ԾԻԳ-ը դրանք օգտագործել է անարդյունավետ եւ ոչ նպատակային: Վերահսկիչի նյութերով որեւէ գործ չհարուցվեց։

Փոխվարչապետին ուզում էինք հարցնել, թե որպես տնտեսական «բլոկով» զբաղվող անձ՝ ո՞ւմ է տեսնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Նույնիսկ երեք րոպե ժամանակ չունեմ Ձեզ լսելու»,- պատասխանեց փոխվարչապետը՝ մեզ ուղղորդելով դեպի իր խոսնակ Վարագ Սիսեռյանի «գիրկը»։ Բայց այնտեղ հայտնվել մեզ չհաջողվեց, քանի որ վերջինս «շեֆից» էլ շատ էր զբաղված։ Զանգ ստանալուն պես խոսնակը պարզապես անջատում էր հեռախոսը։