Հայկ Մարությանն ընկերոջը տնօրեն է դարձրել

Հայկ Մարությանն ընկերոջը տնօրեն է դարձրել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շատ է սիրում իր ընկերներին։ Հունվարին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը համայնքային ենթակայության մի քանի ոչ առեւտրային կազմակերպությունների եւ ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հաղթող թեկնածուների թվում է Հայկ Մարությանի ընկեր Արման Մխիթարյանը, որն այս մրցույթի արդյունքում դարձավ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն։ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունների խումբը՝ ներառյալ նույն անունով տաքսի ծառայությունը, որոնց դեմ վարչական դատարանում բազմաթիվ հայցեր կան հարկային պարտավորությունները չկատարելու  վերաբերյալ, բռնագանձման պահանջներ։ Ինչո՞վ էր Մխիթարյանն առավել մյուսներից, որ հաղթող ճանաչվեց։

Բանն այն է, որ Արման Մխիթարյանը, ըստ «Բիզի» տաքսի ընկերությանն առնչվող աղբյուրի, Երեւանի քաղաքապետի ընկերներից է, նրա հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Ով է ում քավորը, մեզ պարզել չհաջողվեց։ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ընդամենը հայտնեց, որ քաղաքապետի ազգակցական կապերի մասին շատ աղոտ պատկերացումներ ունի։ «Նույնիսկ երեխաներից ոչ բոլորի անունը կարող եմ թվել»,- ասաց նա՝ խոստանալով ճշտել։ Քիչ անց էլ հայտնեց․ «Վստահաբար կարող եմ ասել, որ չկա նման կապ»։ Մինչ խոսնակը ճշտումներ էր անում, մենք համացանցում գտանք լուսանկարներ, որոնք վկայում են Արման Մխիթարյանի եւ Հայկ Մարությանի ջերմ, անմիջական կապերի մասին, իսկ քաղաքապետարանի հայտարարած մրցույթները շարունակում են իմիտացիոն բնույթ կրել։ Այս լուսանկարներում Արման Մխիթարյանը ձախից առաջինն է։