Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխությունը կարժենա ավելի քան 100 միլիոն դոլար

Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխությունը կարժենա ավելի քան 100 միլիոն դոլար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի անվանափոխումը Նուր-Սուլթանի, կարող է արժենալ այդ երկրի բյուջեի վրա 125 միլիոն դոլար։ Այս մասին հայտարարել է «Ալպարի» վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռազուվաեւը։ Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը այս շաբաթավերջին Աստանան պաշտոնապես վերանվանվեց Նուր-Սուլթանի։ «Մայրաքաղաք անվանափոխելն այնքան էլ էժան գործ չէ։ Հիմնական միջոցներն էլ գնալու են բյուջեից։

Խոսքը քաղաքացիների համար նոր փաստաթղթերի տպագրության մասին է, որը կարժենա մոտ 80 միլիոն դոլար, նոր ցուցանակների պատրաստման մասին է, որը կարժենա 25 միլիոն դոլար, նոր քարտեզների հրատարակման մասին է, որը կարժենա 5 միլիոն դոլար»,- մասնավորապես ասել է Ռազուվաեւը, հավելելով նաեւ արդեն ներպետական օրենսդրական բազայում կատարելիք փոփոխությունների հետ կապված ողջ ծախսերը, որոնք բյուջեի վրա կնստեն 15 միլիոն դոլար։ Ուշագրավ է այն, որ Ղազախստանի Ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը իր հերթին հայտարարել է, որ մայրաքաղաքի անվանափոխման համար անհրաժեշտ ծախսերը դեռ հաշվարկված չեն պաշտոնապես, սակայն եւ նկատել է, որ գումարները կվերցվեն տեղական եւ պետական բյուջեներից։