Քանի Փաշինյանը վարչապետի պաշտոնին է, այդ հետապնդումները լինելու են. Նարեկ Սամսոնյան

Քանի Փաշինյանը վարչապետի պաշտոնին է, այդ հետապնդումները լինելու են. Նարեկ Սամսոնյան

«Հույս ունեմ, որ դատարանը կկայացնի արդարացի վճիռ, եւ այդ աբսուրդը կվերանա»։ Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նշենք, որ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Սամսոնյանը նշեց, որ այսօր է հույս հայտնել, որ դատավորը հայ է, վնգստացող չէ եւ չի սպասարկում Ադրբեջանի շահերը, ինչպես նախաքննական մարմինը, որի պատճառով Արա Սաղաթելյանն ապօրինի բանտարկված է. «Դատարանը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի, որ գործ ունի մի մարդու հետ, որը կապիտուլյանտի ավագ գործատուին՝ Իլհամ Ալիեւին, ողջ ադրբեջանական քարոզչությանը մեծ վնաս է հասցրել»։

Սամսոնյանի խոսքով՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. «Եթե մոտակա օրերի ընթացքում չհաջողվի իշխանափոխություն անել, ապա բոլորս ենք նստելու, օրինակ՝ ես կարող եմ նստել կապույտ վերարկու կրելու համար։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք խելագարին խանգարում են, պետք է բանտարկվեն»։