Քաղաքացիներին էլ որ հարցնեք, կասեն՝ բացի ասֆալտապատումից էական ոչինչ չի արվել․ Գյումրի համայնքի զարգացման ծրագրում ինչ շեղումներ կան

Քաղաքացիներին էլ որ հարցնեք, կասեն՝  բացի ասֆալտապատումից էական ոչինչ չի արվել․ Գյումրի համայնքի զարգացման ծրագրում ինչ շեղումներ կան

Յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիր  ուղղված է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը՝ հիմնված համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման վրա։ Գյումրի համայնքի զարգացման ծրագրի եւ տարեկան (2022թ) աշխատանքային պլանի վերլուծությունը ցույց է տալիս, որ կան ցուցանիշի փաստացի շեղումներ։ 

«Գյումրու հնգամյա զարգացման ծրագրում ատ դրույթներ կան, որոնք չափելի չեն եւ իշխող ուժին մանևրելու տեղ են տալիս։ Ծրագիր կա, որ պետք է իրագործվի մեկ տարվա ընթացքում, բայց իրականացվում է 5 տարվա ընթացքում, եւ կարող են ասել, որ մեր խոստացածն արել ենք։Իսկ եթե չափելի լիներ թվերով, մենք կարող էինք ասել՝ հարգելիներս խոստացլ եք անել նշված ժամանակահատվածում, բայց չեք արել, եկեք, քաղաքական պատասխանը տվեք, եւ միայն այդ ժամանակ կունենայինք պարզ ու շիտակ, իրական հնգամյա զարգացման ծրագիր» ,- խոսելով համայնքի զարգացման ծրագրի շեղումներից՝ նշեց Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը «Երկխոսության մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում՝ ընդգծելով, որ չնայած ավագանին ունի վերահսկողական լծակներ եւ խնդիրը բարձրաձայնելու հնարավորություն, այնուամենայնիվ համայնքը դրանից չի շահում ։

«Մենք ունենք խնդիր․ հրավիրվեցին հասարակական լսումներ, բայց շատ քիչ թվով մարդիկ մասնակցեցին, չկային լրատվամիջոցներ», այս խնդիրը լուծողը համայնքապետարանն է, որ պիտի փորձի լոբբինգի միջոցով մարդկանց մասնակցությունն ապահովել հասարակական լսումներին։ Որ այսօր համատարած անտարբերություն է, երևաց նաև մայրաքաղաքի ընտրություններով՝ մարդկանց փոքրքթիվ մասնակցությամբ։ Պետք է աշխատանք տարվի մարդկանց հետ, հասկացնենք նրանց, որ իրենց կարծիքն ու գնահատականը շատ կարևոր է , եւ որ  համայնքի խնդիրն իրենց խնդիրն է»,-ասում է ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Անդրադառնալով 2018թ.-ից հետո մինչ այսօր համայնքում արված գործերին՝ շեշտում է․ «Մեր քաղաքացիներին էլ որ հարցնեք, կասեն՝  բացի ասֆալտապատումից մեր քաղաքում էական ոչինչ չի արվել» ։

Ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Գոռ Մանուկյանը նույնպես վկայում է, որ համայնքի զարգացման ծրագրում առկա են մի շարք շեղումներ, եւ որ ամենակարևորն է՝ ծրագրում չկան շեշտված ժամկետներ ։ 
«Ասենք՝ ծրագիր կա, որ պիտի 2023թ-ին կատարված լիներ, չկա հստակ ժամկետի նշում։ Օրինակ, վերջին տարիներին բազմաթիվ շինարարական կոմունիկացիոն խնդիրներ են առաջ եկել ժամկետների հետ կապված, եւ  բնակիչներին անհանգստություններ են պատճառում։ Ընդհանուր ծրագիրն ավելի շատ մտքի թռիչքի ձևակերպում է։
Այն ի կատար պետք է ածվի համայնքապետարանի ու համայնքի բնակիչների փոխադարձ համագործակցությամբ »,-ասում է «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամը։

Տնտեսագետ, ծրագրի փորձագետ Լուսյա Գալոյանն էլ նկատում է, որ աղքատության ցուցանիշով բարձր համարվող Հանրապետության երկրորդ քաղաքի հնգամյա ծրագրում սոցիալական խնդիրների լուծմանը, գործազրկության կրճատմանը միտված ծրագրեր գրեթե չկան։

«Մեր՝ արտագաղթի մեծ կշիռ ունեցող քաղաքում այդքան մանկապարտեզներ , մարզադպրոցներ արդյոք պետք են։ Համայնք ծրագրում առաջնահերթությունները վերանայելու կարիք կա ։ Իրականում, ինչ արվում է, ողջունելի է, բայց կա առաջնահերթության խնդիր, պետք է գնահատել ու հասկանալ, թե ինչի կարիք ունի համայնքի բնակիչը, նաև արդյունավետության խնդիր կա, ավելի արդյունավետ չէ մեր եղածը տեխնիկապես զինելը, քան նորը կառուցելը»,-ընդգծում է փորձագետը։