5 հազար տարվա հնության հուլունքներ են հայտնաբերվել

5 հազար տարվա հնության հուլունքներ են հայտնաբերվել

Հորդանանում էնեոլիթյան շրջանի բնակավայրում, որը գտնվում է Թել-Հուջայրաթ-ալ-Ղուզլանում, հայտնաբերվել է 5600 տարվա հնության սափոր, որի մեջ եղել են հազարավոր հուլունքներ` պատրաստված կավից, ոսկորներից, խեցիներից, հայտնում է Planet Today-ը։ Գտածոն թվագրվում է մթա 3600 թվականով։ Նշենք, որ Թել-Հուջայրաթ-ալ-Ղուզլանը  գտնվում է Աքաբիից 4,5 մղոն դեպի հյուսիս եւ իրենից ներկայացնում է մթա 4000-3500 թվականների ամրացված բնակավայր։ Այնտեղ հայտնաբերվել են քարե եւ ցեխ-աղյուսե պատերով կառույցներ, որոնք ամրացվել են երկրաշարժի պատճառով վնասվելուց հետո։

Բնակավայրն ավերվել եւ լքվել է այն բանից հետո, երբ հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, սակայն ի տարբերություն այլ համանման բնակավայրերի, ամբողջովին չի ավերվել ու ոչնչացել։ Բնակավայրի լաբիրինթոս հիշեցնող հատակագիծը պահպանվել է։ Պահպանվել են նաեւ 5,5 մետր բարձրության հասնող պատերը, պատուհանները, դռների բացվածքները եւ սյուները, որոնք իրենց վրա պահել են տանիքները։ Այս բնակավայրը հնարավորություն է տալիս հնագետներին ուսումնասիրելու 4-րդ հազարամյակի թվագրումով էնեոլիթի վերջին փուլը, երբ պղնձե դարն անցում էր կատարում բրոնզե դարի։ Սա այն ժամանակներն են, երբ առաջին անգամ խոսվում է պղնձաձուլության մասին։ Բրոնզե դարի սկզբներին Թել-Հուջայրաթ-ալ-Ղուզլանն ու հարեւան քաղաքը ոչ միայն կարեւոր պղնձաձուլական վայր են եղել, այլ նաեւ կարեւոր առեւտրային կենտրոն, որոնք գտնվելով Կարմիր ծովից ոչ հեռու, կարեւոր նշանակություն են ունեցել Լեւանտի եւ Եգիպտոսի միջեւ առեւտրի իրականացման համար։