Ժողովրդի կողմից ընտրված իշխանության որոշումը ճիշտ ենք համարում

Ժողովրդի կողմից ընտրված իշխանության որոշումը ճիշտ ենք համարում

ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008թ․ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Տասը տարի շարունակ պայքարած, իրավապահ մարմիններին դիմած եւ այդպես էլ որեւէ պատասխան չստացած մարտի 1-ի զոհերի հարազատները վերջապես արդարության վերականգնման հույսեր են փայփայում։ Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, որն առայժմ ապրում է Բելգիայում, մեզ հետ զրույցում փոխհատուցման առթիվ նշեց․ «Հանցավոր իշխանության ժամանակ մենք դիմել էինք եվրոպական դատարան,որտեղ պահանջներից մեկը փոխհատուցումն էր,այն ժամանակ այդ իշխանությունների հետ մենք միայն դատարանով պահանջներ էինք դնում ,նրանք մեր կողմից ընդունված և ճանաչված չէին,քանի որ եկել էին իշխանության մեր երեխաների արյան գնով,այսօր Հայաստանում կա ժողովրդի և մեր կողմից ընդունված իշխանություն ,որի մասին 10 տարի երազել ենք,և շատ ճիշտ եմ համարում այդ որոշումը»։

Իսկ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ «Մարտի 1-ի քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ տրամադրել ծանոթանալու մեղադրյալներին եւ նրանց ներկայացուցիչներին»։