Կրթության ազգային ինստիտուտը կվերածվի հիմնադրամի՞

Կրթության ազգային ինստիտուտը կվերածվի հիմնադրամի՞

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն ուղղել էինք հետեւյալ հարցումը․ «Մեր խմբագրությունը ստացել է նամակ հետեւյալ բովանդակությամբ․ «2019թ․հունվարի 22-ին «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի եւ նրա մասնաճյուղերի աշխատակիցները ստացել են ծանուցում՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի խորհրդի 15․01․2019թ․ նիստի որոշումը՝ 2019թ․ մարտի 31-ից կարող է լուծվել Ձեզ հետ կնքված պայմանագիրը (հիմք՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ եւ 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ եւ 115-րդ հոդվածի 1-ին մաս)։ Տնօրեն՝ Ն․ Ղուկասյան»։

Ծանուցումը ստորագրվել է աշխատակիցների կողմից, սակայն սկիզբ է առել անորոշ տագնապայնության տհաճ ու գաղջ մթնոլորտ, ոչ ոք չգիտի եւ չի պատկերացնում , թե մարտի 31-ից հետո ինչ է սպասվում ավելի քան 400 աշխատակցի, ինչ փոփոխություններ կամ հեղաշրջում կլինի տարիներ շարունակ չնչին աշխատավարձով , բայց իրենց գործն ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կատարած մարդկանց աշխատատեղում։ Կա՞ն արդյոք նախապես մշակված ընդունելի եւ արդյունավետ մոտեցումներ ու չափանիշներ փոփոխությունների կատարման համար, ովքե՞ր են հեղինակել փոփոխությունների չափանիշները։ Խնդրում ենք Ձեր հնարավորությունների սահմանում պարզել, թե ինչ եւ ինչպիսի փոփոխություններ կարելի է ակնկալել, քանի որ ամեն ինչ ծածկված է գաղտնիության թանձր մշուշով»։ Արձագանքելով մեր հարցմանը՝ կրթության եւ գիտության նախարարությունից պատասխանել են․ «Ի պատասխան Ձեր 07․02․2019թ․ ԿԳՆ ուղղված գրության՝ տեղեկացնում ենք, որ կրթության բովանդակության եւ կառավարման բարեփոխումների համատեքստում նախատեսվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարում։

Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետ ակնկալվելու է ԿԱԻ-ից, որպես կրթական ծրագրերի եւ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող կառույց։ Այս փուլում, մասնավորապես, դիտարկվում է Կրթության ազգային ինստիտուտի գործառույթները շահույթ չհետապնդող կառույցի՝ հիմնադրամի միջոցով իրականացնելու հնարավորությունը։ Առաջիկայում նախատեսվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոխարեն ստեղծել կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց, որտեղ մրցութային հիմունքներով կարող են ընդգրկվել նաեւ ԿԱԻ-ում աշխատող մասնագետները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԿԱԻ-ն ներկայումս ունի 267 աշխատակից»։