Ինչո՞ւ է թանկացել «ամենահեղափոխական» միրգը՝ բանանը

Ինչո՞ւ է թանկացել «ամենահեղափոխական» միրգը՝ բանանը
Գեղամ Գևորգյան

Պարո՛ն Գևորգյան, ինչո՞ւ է թանկացել Հայաստանի ամենահեղափոխական միրգը՝ բանանը, հարցրինք ՏՄՊՊՀ նորանշանակ նախագահ Գեղամ Գևորգյանին, ով մինչ այդ գյուղատնտեսության նախարարն էր։

Մեր հարցը նախ ժպիտ առաջացրեց Գևորգյանի մոտ, ով խոստացավ, որ ինչպես բենզինի, այնպես էլ բանանի, դեղերի և այլ շուկաներում ուսումնասիրություններ են կատարելու։
Նկատեցինք, որ Միհրան Պողոսյանին արդեն բռնել են, «նստած» տեղից նորցի ազդո՞ւմ է բանանի գնի վրա։

«Կնայենք, Վահե ջան, եթե էլի գնի թանկացում կլինի անհամաչափ․․ ուղղակի մի բան եմ խնդրում ձեզ ֆիքսեք, որովհետև ձեր միջոցով ես մեծ հույս ունեմ, որ մեր հասարակությանը մենք էդ ինֆորմացիան կհասցնենք։ Եթե գինը օբյեկտիվ է, ապա էստեղ ՏՄՊՊՀ-ն որևէ ֆունցկիա չունի։ Բայց եթե գինն օբյեկտիվ չէ, և կա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա ու այստեղ կա չարաշահում, ուրեմն մենք էստեղ գործ ունենք անելու»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

-Մեկ տարվա ընթացքում բանանի գինը կրկնակի ավելացել է, դա օբյեկտի՞վ է, թե՞ սուբյեկտիվ է։

-Ես ընդամենը մի ամիս առաջ եմ նշանակվել կամ մի ամսի էլ չկա․․

-Բայց Դուք մեկ տարի է՝ բանան ուտում էիք, չէ, մտել եք խանութ ու տեսել եք, չէ՞, այդ գնաճը։

-Ես շատ գներ եմ տեսել, բայց հիմա որպես քաղաքացի՝ այլ է, որպես սպառող՝ այլ է, որպես պրոֆեսիոնալ գործի պատասխանատու անձ՝ լրիվ այլ է։ Իմ պատասխանները պետք է լինեն հավասարակշռված։ 

-Հիմա ուսումնասիրելո՞ւ եք բանանի շուկան։ 

-Ասում եմ՝ բոլոր շուկաները, որտեղ լինելու է խնդիր, բոլորն ուսումնասիրելու ենք, բայց եկեք օբյեկտիվ վերաբերվենք, էլի։ Հարյուր հատ շուկա կա՝ շաքարի շուկա, պարենային մթերքների շուկաներ, կան կենցաղային իրերի շուկաներ, կան գերիշխող դիրքեր, կա կազինոների շուկա, հարյուրավոր շուկաներ կան։ Դուք չէիք սպասում, չէ՞, որ մեկ ամսում ես պետք է գայի ասեի՝ ժողովուրդ, էս շուկաներում էս ա պատկերը, ու սենց պետք է լուծում լինի։ Հիմա դեղերի շուկան արդեն ուսւոմնասիրում ենք ու արդեն լուծումներ ունենք, նույնիսկ քննարկում է եղել, և առոջղապահության նախարարության մեր գործընկերների հետ շուկայի լրջագույն կարգավորում ենք առաջարկել, տնտեսվարող սուբյեկտներն էլ կարծես թե համաձայնել են։

-Ինչպիսի՞ կարգավորում, օրինակ, որ «Նատալի ֆարմում» ավելի թանկ չլինին դեղերը, քան այլ դեղատներո՞ւմ։

-Այո, շատ ճիշտ ասացիք։