Զորություն ֆուտբոլը

Զորություն ֆուտբոլը

Այն, ինչին ականատես եղանք, եւ այն, ինչ վերապրեցինք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, դժվար է սթափ բառերով եւ սառը մտքով նկարագրել: Հիրավի, ֆուտբոլի համար սա պատմական շաբաթ էր, մեծագույն զգացումների, հույզերի, անզուգական կրքի ու մինչեւ վերջին շունչը պայքար, հաղթանակի հույսը չթողնելու փառավոր շաբաթ: Դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ անգլիական ակումբները՝ «Լիվերպուլն» ու «Տոտտենհեմը», ոչ միայն արեցին անհնարինը, այլեւ անցան այդ «անհնարին» կոչվող երեւույթի սահմանները․ նրանք հենց տեղում վերաստեղծեցին, երկրպագուներին վերադարձրին այս մեծ խաղի ու տոնակատարության ողջ փառքն ու իսկությունը:

Եվ այս պարգեւած կախարդանքի համար ֆուտբոլային ողջ հանրույթը հավասարաչափ, գուցե նաեւ ավելին, երախտապարտ է ե՛ւ «Բարսելոնային», ե՛ւ «Այաքսին»: Չեմպիոնների լիգայի երկու կիսաեզրափակիչները դարձան անկրկնելի նաեւ այն առումով, որ «Բարսելոնան» եւ «Այաքսն» իսկապես չպարտվեցին. այսօրինակ պարտություններ պարզապես չեն լինում, պարտություններ, որոնք համազոր են հաղթանակներին, ազնվագույն պարտություններ՝ ոգեղեն ու հերոսական, երբ մեջտեղից այլեւս դուրս է գալիս, այլեւս անելիք չունի «արժանավորի եւ անարժանի» հարցը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում մենք կարող էինք տեսնել թե՛ «Բարսելոնային», թե՛ «Այաքսին»:

Այս երկու լեգենդար ակումբները ցուցադրեցին «պարտվելու արվեստի» ողջ հմայքը՝ դարձյալ ընդգծելով գոլառատ, գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլի արժեքն ու գերադասությունը կոմֆորմիստական մոտեցումների հանդեպ: Անկասկած, այս ամենում նոր սերնդի մարզիչները ծանրակշիռ ներդրում ունեցան․ ահա՝ Յուրգեն Կլոպը, Էրիկ տեն Հագը, Մաուրիսիո Պոչետինոն, Էռնեստո Վալվերդեն, Պեպ Գվարդիոլան եւ մյուսներն իրենց հետ բերեցին նոր գաղափարներ, նոր թարմություն, շարժուն էներգիա ու ամենաէականը՝ ոճի եւ բովանդակության յուրօրինակ զուգորդում: Չմոռանանք, որ տարիներ շարունակ Ամստերդամի «Այաքսի» եւ հոլանդական ֆուտբոլի երազանքը հենց այսպիսի վերադարձն էր, եւ գրեթե միշտ երիտասարդական ոգով աչքի ընկած «Այաքսը» կյանքի կոչեց այն: Աներկբա է՝ սրանից հետո հոլանդական ֆուտբոլն էլ ավելի ինքնավստահություն ձեռք կբերի՝ հավատալով տարիների կուտակած ներուժին, որն ունակ է նվաճել ամենաանմատչելի թվացող բարձունքները:

Իսկ «Այաքս»-«Տոտտենհեմ» հանդիպումից հետո առանց հուզմունքի դժվար էր հետեւել լոնդոնցիների մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի զգացումներին: Տպավորություն էր, թե այս բազմաշնորհ, ներկայումս աշխարհի լավագույն մարզիչներից մեկին, այդուհանդերձ, ինչ-որ բան չի հերիքում, որ նրա տարիների աշխատանքն այդպես էլ չի ամբողջանալու: Սակայն, ինչպես ասում են, եկավ Պոչետինոյի ժամանակը, եւ նրա տաղանդը, տարիների տքնաջան աշխատանքը տվեցին իրենց պտուղները: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին՝ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, եւ այդ օրը դարձյալ երկրպագելու եմ զորություն ֆուտբոլին:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ