Խաղը բարդանում է

Խաղը բարդանում է

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին, ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը մեջբերել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին, ըստ որի անցյալ տարի Բաքուն հայկական կողմին որոշակի ժամանակ էր տրամադրել` ծանոթանալու ԼՂ կարգավորման բանակցությունների պատմությանը: Ըստ Տարասովի, փաստացի դիվանագիտական բուն գործընթացը վերսկսվել է այս տարեսկզբից, բայց դա ժամանակահատված է, որն աչքի է ընկնում երկու հանգամանքով: Առաջինը «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած լարվածությունն է Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, երկրորդը` որ Միացյալ Նահանգները փոխել է դեկորացիան, եւ Հայաստանի  ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նախատեսվող հանդիպումը հազիվ թե տեղի ունենա  ԱՄՆ-ում»: Քաղաքագիտական մեծ վարպետություն պետք չէ նման եզրահանգման գալու համար:

Համանախագահների տարածած հայտարարության մեջ արդեն իսկ ասված է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա իրենց հովանու ներքո: Այստեղ արդեն հանդիպման վայրը կարեւոր չէ: Էական է, որ արտգործնախարարների հանդիպում չի կազմակերպվում ԱՄՆ պետքարտուղարի կողմից: Բայց թե ինչո՞ւ ռուսաստանցի քաղաքագետն այդ համատեքստում հատուկ ընդգծել է Նիկոլ Փաշինյանի «նախաձեռնած լարվածությունը Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ»` չափազանց ինտրիգային է: Տարասովը վերջերս այցելել էր Արցախ, հանդիպումներ ունեցել քաղաքական, փորձագիտական եւ հանրային որոշակի շրջանակների հետ: Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ Նիկոլ Փաշինյանի «նախաձեռնած լարվածության» մասին նա Արցախու”մ է տեղեկացվել, թե դա զուտ վերլուծաբանական ընկալո՞ւմ է: Եւ ի”նչ կապ կա Երեւան-Ստեփանակերտ «լարվածության» եւ այն հեռանկարի միջեւ, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի չի ունենա ԱՄՆ-ում:

Մանավանդ որ Տարասովը միանշանակորեն եզրահանգում է, որ Միացյալ Նահանգները ԼՂ կարգավորման գործընթացում առաջին ջութակի դերը վերապահել են Ռուսաստանին, բայց խնդիրն այն է` «կկարողանա՞ վերջինս խաղալ ներհայաստանյան դաշտում` միաժամանակ հակամարտության կարգավորմանն ուղղված ինչ-որ լուրջ քայլեր ձեռնարկել»: Խաղն, ինչպես ասում են, լրջանում է: Ռուսաստանցի վերլուծաբանը փաստացի ակնարկում է, որ Ռուսաստանը կարող է ներհայաստանյան դաշտում «խաղալ»: Ի՞նչ է նշանակում այս ենթատեքստային ակնարկը` ահա, թերեւս, հարցերի հարցը: Ըստ էության, Տարասովը հասկանալ է տալիս, որ Ռուսաստանը ԼՂ կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր չի ձեռնարկի, մինչեւ «չխաղա» ներհայաստանյան դաշտում: