Մտորումներ Նիկոլի ղազախական արշավանքի շուրջ

Մտորումներ Նիկոլի ղազախական արշավանքի շուրջ

Մինչև Փաշինյանի իշխանության գալը ՀԱՊԿ-ի մասին ես շատ բարձր կարծիքի էի: Մեկ անգամ չէ, որ ասել եմ` ՀԱՊԿ-ն է մեր անվտանգության երաշխավորը: Հիշում եմ` քննադատում էի ընդդիմադիր Փաշինյանին, երբ նա ափեղ-ցփեղ բաներ էր դուրս տալիս այդ ռազմականացված կառույցի մասին: Բայց ի վերջո պարզվեց, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ես սխալվում էի: Նա, օրինակ, ասում էր. «Հապըկը, Հապըկը... դարձրիք Հոռոմի էն իքը, հլա եկեք տեսնենք` ինչ է այդ Հապըկըն...»:

«Ո՞նց թե ինչ է, ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության պայմանագիր է, որ մենք ստորագրել ենք, որպեսզի, երբ թշնամին մեզ վրա հարձակվի, կառույցի մյուս պետություններն օգնության հասնեն»,- ասում էի ես:

Պատմությունը, սակայն, ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէր, որքան ես էի կարծում: Որպեսզի ՀԱՊԿ-ին տեղից շարժես, հասկանում ես, պետք է նախ քո երկրի ղեկավարը դիմի ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավարին, վերջինս էլ իր հերթին շտապ խորհրդակցություն հրավիրի, որպեսզի նոր միայն որոշում կայացվի հարձակման ենթարկված երկրին օգնություն ցուցաբերելու մասին: Ու դեռ հարց է` կկայացնե՞ն նման որոշում, թե՞ չեն կայացնի: Այսուհանդերձ շատ բան կախված է այն բանից, թե հարձակման ենթարկված երկրի ղեկավարն ով է, ինչ է իրենից ներկայացնում, կամ որքա՞ն ծանրակշիռ է ՀԱՊԿ անդամ տվյալ երկիրը: Մի խոսքով` ՀԱՊԿ-ը մի կառույց է, որ կամ կմիջամտի, կամ չի միջամտի... Նայած հանգամանքներին, հասկանում ես:

Իսկ հիմա մի փոքրիկ պատմական ակնարկ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), երբեմն՝ «Տաշքենդի պակտ» կամ «Տաշքենդի համաձայնագիր», տարածքային միջազգային կազմակերպություն է, որի գործունեության հռչակված նպատակներն են հանդիսանում «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումը»: 

ՀԱՊԿ-ի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի մայիսի 15-ը, երբ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները ստորագրեցին հավաքական անվտանգության պայմանագիր: 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը լքեցին կազմակերպությունը: 1994 թվականին պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ՀԱՊԿ-ի անդամ էր 9 պետություն, այս պահին՝ 6։ Կազմակերպության բարձրագույն մարմինը հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղար:

Եկեք խոստովանենք, որ իր ստեղծման օրվանից մենք այս կառույցին գործողության մեջ չենք տեսել: Բայց, եթե հիշում եք նման դեպք, հիշեցրեք նաև ինձ: Կարիք չկա ասելու` բա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարների հայտարարությունները հե՞չ: Այո, հեչ: Հայտարարություններ ո՞վ չի անում: Կարևորը դրանց հետևող գործողություններն են, իսկ ՀԱՊԿ ուժերի գործողություններ մինչ օրս չեն եղել: Առաջին անգամ ՀԱՊԿ-ը տեղից շարժվեց Ղազախստանում սկսված անկարգությունների ֆոնին: Եթե խիղճս կորցնեմ, նույնիսկ կարող եմ ասել, որ դա հրահրեց ՀԱՊԿ նախագահ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` սխալ հասկանալով Ղազախստանի նախագահ Տոկաևին: Տոկաևը հո չէ՞ր ասել, որ Ղազախստանի վրա արտաքին հարձակում կա: Նա ընդամենը նշել էր, որ կասկածներ ունի, թե այդ խժդժությունները հրահրվում են դրսից: Նիկոլն էլ, փչացած հեռախոսի նման զանգել է Պուտինին, թե Տոկաևն ասում է հարձակում կա, հասեք օգնության: Պուտինին էլ այդպիսի զանգ էր պետք... Մինչև ՀԱՊԿ անդամ երկրները կանեին մեկ, երկու, երեք, չորս, ՌԴ հատուկ նշանակության զորքերը մի ոտ շուտ են հասնում Ղազախստան: Զգացվեց, որ Հարավսլավիայից դասեր են քաղել: Ելցինը գլխին էր տալիս` ուշացանք, ուշացանք... Պուտինը, ահա, չուշացավ Ղազախստանի անդորրը վերականգնելու հարցում: Պուտինը` դա Ռուսաստանն է, բայց, արդյոք, ՀԱՊԿ-ը, որպես ռազմականացված միջազգային կառույց, ճի՞շտ վարվեց` մտնելով Ղազախստան: Այս հարցը, կարծում եմ, դեռ կքննարկվի ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և մի շարք այլ միջազգային կազմակերպություններում, բայց մինչ այդ ես ուզում եմ այն ուղղել Նիկոլ Փաշինյանին` ՀԱՊԿ նախագահ երկրի վարչապետին, որ ակամա դարձել է ՀԱՊԿ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար: Նիկոլի ղազախական արշավանքը... Ում պատմես` չի հավատա... Թազա Բաթու խան է հայտնվել, վրաներս խաբար չկա: Նիկոլ, դու իրավունք ունեի՞ր ՀԱՊԿ-ը ներքաշել ներղազախական խնդիրների մեջ, ինչքան էլ որ դրանք հրահրված լինեին դրսից:

Բայց գնանք 2008 թվականի փետրվարի վերջ և մարտի 1, երբ Նիկոլ Փաշինյանը, նույն ինքը վարչապետ Նիկոլը, Երևանի փողոցներում ճիշտ այն գործողություններն էր անում, ինչ Ալամթիի խուժանը օրեր առաջ` Ղազախստանի նախկին մայրաքաղաքում: Ռոբերտ Քոչարյանը, թերևս, կարող էր զանգել ՀԱՊԿ նախագահ երկրի ղեկավարին և օգնություն խնդրել` նշելով, որ ՀԱԿ-ի գործողությունները հրահրվում են դրսից, որ դրսի ագենտները` Սծյոպա Սաֆարյան և այլք, դուրս չեն գալիս ԱՄՆ դեսպանատնից: Բայց Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանն էր... ասվածից բխող բոլոր հետևանքներով: Ճիշտ է, ունեցանք 10 զոհ, ճիշտ է, դրանից հետո 10 տարի իրեն մեղադրեցին ու քննադատեցին այդ զոհերի համար, բայց Երևանում մենք ՀԱՊԿ ու ռուսական զորք չտեսանք:

Նիկոլը մարտի 1-ին փրկվեց` ընդհատակ ճողոպրելով, չմտածելով փողոցում անտեր մնացած խուժանի մասին: Հետո ստեղծվեց հանձնաժողով, հետո քննեցին... Քոչարյան Անդոյին հարցրեք` ի՞նչ բացահայտեցիք այդ քննության ժամանակ: Վաղ թե ուշ կքննվեն նաև Ղազախստանի դեպքերը, իսկ այնտեղ ավելի շատ զոհեր ու ավերածություններ կան: Ո՞վ է պատասխան տալու: Ի դեպ` խուժանին երբեք պատասխանատվության չեն ենթարկում, որովհետև նա հենց չդատվելու համար էլ խուժան է կոչվում: Բուն մեղավորներին են փնտրելու: Առաջինը Տոկաևին են հարցնելու` բա ինչպե՞ս եղավ, որ ՀԱՊԿ-ը հասավ «օգնության»: Տոկաևն էլ ասելու է, որ առաջինը զանգել է Նիկոլին, իսկ մնացածն արդեն Նիկոլն է կազմակերպել... Դուք ամերիկացի կամ եվրոպացի դատավոր տեսած կա՞ք: Նիկոլին կբերեն հրապարակ ու... Էն Սեյրան Սարոյանը ո՞նց էր ասում` այ տղա Նիկոլ, հլը ղազախներին ես մեր քրֆեի կամ Մանվելը, էլի կխասկնայինք, բա դու, որ քեզ գիրք կարդացած տղու տեղ ես դրե, ինչի՞ ես ղազախներին մեր քրֆում արա: Մենք քրֆելն էլ գիտենք, պատասխան տալն էլ: Բա դու քրֆել ես, պատասխան էլ չես կարում տաս, բա էդպես կեղի՞... Մոտավորապես այս ոճի մեջ կքննեն Նիկոլին օտար դատավորներն ու վերջում կհարցնեն` դու էդ քանի՞ գլուխ ունես, որ քո անճոռնի գործողություններով ճնշում ես ղազախ ժողովրդի բողոքը, առիթ ես տալիս, որ ռուսական սպեցնազը, ՀԱՊԿ և հայկական զորքերը մտնեն սուվերեն Ղազախստան: Բա հո Պուտինին կամ Բատկային չեն դատելու: Նիկոլն է շուխուրը դրել, Նիկոլին էլ կդատեն: Թող դրանից հետո ինչքան ուզում է ճղճղա, թե ինքը չէր կարող թույլ տալ, որ փողոցային խուժանը իշխանություն վերցներ Ղազախստանում: Չի օգնի, իրեն ցույց կտան իր անցած ճանապարհն ու կասեն` սա չե՞ս եղել դու:

Հ.Գ. Ղազախստանի օրինակն, ի դեպ, վատ նախադեպ կարող է դառնալ: Ակամա ՀԱՊԿ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար դարձած Նիկոլը կարող է հավաքական անվտանգության խաղաղապահներ հրավիրել Փարաքար, Վարդենիս, Վեդի, ինչու ոչ` Գորիս, Կապան, Մեղրի` հաղթած համայնքապետերին պաշտոնանկ անելու, ՔՊ-ականներին համայնքապետ կարգելու և ժողովրդին հնազանդություն պարտադրելու համար: Մի հատ զանգ չի՞ եղած-չեղածը: