Համայնքի դիրքորոշումը՝ յուրաքանչյուր ոք, բայց ոչ Աթեշյանը․ Բ․ Էստուկյան

Համայնքի դիրքորոշումը՝ յուրաքանչյուր ոք, բայց ոչ Աթեշյանը․ Բ․ Էստուկյան

Պոլսո պատրիարքի ընտրությունը տեղի կունենա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքից հետո, մինչ այդ կրոնական ժողովը պետք է տեղապահ ընտրի, և այդ տեղապահը պետք է կազմակերպի ընտրությունները։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Ստամբուլում «Ակօս» շաբաթաթերթի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով․  «Այս առումով շատ բան հստակեցված չէ, թեկնածուներն էլ հստակեցված չեն և այս գործըթնացը պիտի սկսվի Զատկից հետո։ Այսինքն՝ Մեսրոպ պատրիարքի քառասունքից հետո, և այդ ժամանակ պիտի հստականա, թե ովքեր թեկնածու պիտի լինեն և այդ թեկնածուների նկատմամբ ինչ ուշադրություն պիտի ցուցաբերել։

  Բագրատ Էստուկյանի խոսքով՝ ինչպես և նախորդ՝ չկայացած ընտրություններում Պոլսո պատրիարքի հիմնական թեկնածուներ կարող են լինել  և կամ հնարավոր է՝ լինեն Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, Պոլսից մեկ այլ թեկնածու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանիայի հայոց թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը։ 

Հարցին, թե համայնքը, մեծամասնությունը ում է ուզում տեսնել Պոլսո պատրիարքի աթոռին, հայազգի խմբագիրը՝ առաջին հերթին՝ ոչ Աթեշյանին, որի անունը Բագրատ Էստուկյանի խոսքով՝ այս ընթացքում «բավական մաշեցավ»։
«Բայց թեկնածուն էլ պիտի իր շնորհքներով համայնքի մոտ դրական տպավորություն ստեղծի»,-ասում է Բագրատ Էստուկյանը։

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքի աթոռի թեկնածուների մի մասը նախորդ անգամ հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Ինչ վերաբերում է ոչ անհայտ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի թեկնածությունը՝ Բագրատ Էստուկյանն արձանագրում է․ «Նա նույն դիրքորոշումն ունի նաև հիմա, բայց թե իր շանսը որքան է, այդ մասին շատ մեծ հույսեր չկան, քանի որ այս դեպքերի ժամանակ իր անունը բավական մաշեցավ։ Հետևաբար, շատ կարևոր է, թե ովքեր այստեղ թեկնածու պետք է ներկայանան»,-ասում է Բագրատ էստուկյանը։ 

Վերջինս  վստահ է, որ Թուրքիայի իշխանությունները կփորձեն միջամտել Պոլսո պատրիարքի ընտրություններին և անցկացնել  Արամ Աթեշյանին, օրինակ, մեկնաբանելով, թե   ընտրություններին կարող են մասնակցել միայն Թուրքիայում ծնված և ծառայած հոգևորականները: 

Հիշեցնենք, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացավ  մարտի 8-ին՝ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում՝   9 տարի կոմայի մեջ էր գտնվելուց հետո։ Երեկ  Մութաֆյան պատրիարքի  հուղարկավորությունը տեղի ունեցավ Գումգափուի մայր եկեղեցում, իսկ մարմինն  ամփոփվեց  Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Պոլսո պատրիարքի հուղարկավորությանը մասնակցելու համար Ստամբուլ էին ժամանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Անթիլիասի, Երուսաղեմի, Արևմտյան Եվրոպայի պատվիրակություննրը։ Իսկ հուղարկավորութանը մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի նախագահի խոսնակ (ինչպես Էստուկյանն է նշում՝ Էրդողանի բանբեր )Իբրահիմ Քալընը, քաղաքապետի թեկնածուներ, Թուրքիայի խորհրդարանի հայ և քուրդ պատգամավորներ։