Սամվել Ուզունյանը լքել է Հայաստանը

Սամվել Ուզունյանը լքել է Հայաստանը

ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

 «Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- նշեցին այնտեղից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին տեղեկություն տարածվեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։

Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։