Միայն ԵԱՀԿ Մինսկի խումբ

Միայն ԵԱՀԿ Մինսկի խումբ

Երեքշաբթի օրը, երբ Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանին ռազմական գործողություններ ծավալվեցին, այդ օրը գրվող հոդվածի համար երկու զուտ տեղեկատվական բնույթի հարց ուղարկեցի ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով, որ հնարավորինս արագ պատասխանեն, որպեսզի պատասխանները հոդվածում մեջբերեմ:

Մի հարցը վերաբերում էր նրան, թե դեսպան Լին Թրեյսին օրվա ընթացքում ինչ շփում, հանդիպում, հեռախոսազրույց է ունեցել հայաստանյան իշխանությունների հետ, եւ ինչ արդյունք է եղել: Հարցն արդեն ուղարկել էի, երբ հաղորդագրություն տարածվեց, որ դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ: Այսինքն՝ այդ մի հանդիպման մասին ինքնաբերաբար իմացվեց: 

Երկրորդ հարցն էլ վերաբերում էր նրան, թե Վաշինգտոնից սպասվո՞ւմ է արդյոք արձագանք եւ ո՞ր մակարդակից` Պետդեպի՞, թե՞ Սպիտակ տան: Հարցն ուղարկելուց հետո, ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը տարածվեց: Ընդ որում՝ մինչ Բլինկենի հայտարարությունը, ռուսական ՏԱՍՍ-ն էր օտարոտի լուր տարածել, թե Պետդեպի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ «Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին հաղորդագրություններով, կոչ է անում կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով»։ 

«Այդ թվում` ԵԱՀԿ-ի միջոցով» ձեւակերպումն էր տարօրինակ, քանի որ ստացվում էր, թե ԵԱՀԿ-ից բացի Հայաստան-Ադրբեջան  բանակցությունների այլ ձեւաչափ էլ կարող է գոյություն ունենալ: Ռուսական լրատվական գործակալությանը կարող է թվալ, թե Ալիեւ-Պուտին-Փաշինյան ձեւաչափ էլ գոյություն ունի, բայց ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից դուրս որեւէ այլ բանակցային ձեւաչափ ի՞նչ տրամաբանությամբ պիտի ճանաչի: Պարզ է` ոչ մի: Ինչեւէ, ՏԱՍՍ-ի տարածած կասկածահարույց լուրից շատ չանցած՝ պետքարտուղար Բլինկենի անունից պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որը, հստակ ու միանշանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափն ակտիվացնելու կոչ էր: 

Այնպես որ, կարելի էր համարել, որ դեսպանատուն իմ ուղարկած երկու հարցի պատասխաններն էլ մի քանի ժամում ինչ-որ չափով ստացվեցին, նյութն էլ հաջորդ օրը տպագրվեց, բայց ԱՄՆ դեսպանատնից երեկ պատասխաններ ուղարկեցին, որը նույնպես հրապարակում ենք:

- Կարո՞ղ եք մի քանի բառով ասել՝ ի՞նչ հանդիպումներ կամ հեռախոսային խոսակցություններ է այսօր ունեցել դեսպանը հայ-ադրբեջանական սահմանին բռնկված բախումների կապակցությամբ: Նրա ջանքերը որեւէ շոշափելի արդյունք տվե՞լ են:

- Դեսպանը շարունակաբար շփման մեջ է եղել ՀՀ կառավարության անդամների հետ՝ սահմանային լարվածությունների առնչությամբ, ներառյալ ամենավերջին բախումների` շեշտելով իրավիճակի լիցքաթափման եւ կայունացման անհրաժեշտությունը: 

- Դուք այսօր ավելի ուշ սահմանի իրավիճակի առնչությամբ Վաշինգտոնից հայտարարության սպասո՞ւմ եք արդյոք: Այն կլինի Պետդեպի՞ց, թե՞ Սպիտակ տնից:

- Պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց պետքարտուղար Բլինկենի անունից՝ խոր մտահոգություն հայտնելով ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ծավալված ինտենսիվ բախումների առնչությամբ, 2 կողմերին հորդորելով անմիջական եւ հստակ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու եւ հետագա էսկալացիայից խուսափելու համար, եւ կողմերին կոչ անելով ուղիղ ու կառուցողական շփումներ հաստատել` առկա բոլոր խնդիրները, այդ թվում՝ սահմանի նշագրման հարցը, լուծելու համար: