ՌԴ-ն հարվածել է «Իսկանդերներ»-ով, կան զոհեր․ Ուկրաինայի ԳՇ

ՌԴ-ն հարվածել է «Իսկանդերներ»-ով, կան զոհեր․ Ուկրաինայի ԳՇ

Կիևում և Ուկրաինայի մի շարք մարզերում կրկին օդային տագնապ է հայտարարվել մայրաքաղաքի գիշերային հրթիռակոծությունից հետո, հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հունիսի 1-ի առավոտյան 07։00-ից հետո Ուկրաինայի մի շարք մարզերում զանգվածաբար հնչել են օդային հարձակումների սպառնալիքի մասին ազդանշանները։ 

Այս պահին օդային տագնապ է հայտարարվել Կիևում և համանուն մարզում, ինչպես նաև Պոլտավայի, Զապորոժիեի, Դոնեցկի, Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի մարզերում։

Մոնիտորինգային կենտրոնները գրում են բալիստիկ հրթիռների սպառնալիքի մասին՝ պնդելով, որ դրանք ուղղված են հենց Կիևի վրա։

Միաժամանակ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը թարմացված տեղեկատվություն է հրապարակել Կիևի հրթիռակոծության հետևանքների մասին։ Ըստ այդմ, հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, որոնցից մեկը՝ 2012 թվականին ծնված երեխա։ Ավելի վաղ հաղորդվել է երկու երեխայի զոհվելու մասին։ Բացի այդ, Կիևի երկու շրջաններում տուժել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հաղորդել են մայրաքաղաքի ռազմական վարչակազմից։
Կիևի մարզում հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ռուսների կողմից արձակված 10 «Իսկանդեր» հրթիռներից 10-ը, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Գիշերը հակառակորդը կրկին կիրառել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի հրթիռներ մայրաքաղաքի և Կիևի մարզի քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքների ուղղությամբ»,-ասվում է ԳՇ հայտարարության մեջ։