Հազար անգամ ասեցինք՝ կարճեք, գցեք մի կողմ

Հազար անգամ ասեցինք՝ կարճեք, գցեք մի կողմ

Երեկ անդրադարձել էինք ազատամարտիկ, գործարար, նախկինում վարչապետեր Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի խորհրդական Համլետ Հովսեփյանի բիզնեսին՝ Սյունիքի մարզի Տաշտուն եւ Լիճք համայնքներից ընդամենը 5 կմ հեռու գտնվող ոսկու հանքին, որը պատկանում է մասամբ Հովսեփյանին եւ նրա որդիներին, մասամբ էլ՝ ռուսաստանյան բաժնետերերի։  

Հովսեփյանի ընկերությունն «ԱՏ Մետալսն» է, որի վերաբերյալ բնապահպանները պարբերաբար դժգոհություններ են հայտնել, եւ օգոստոսից հարուցված է քրեական գործ՝ ընդերքօգտագործման կանոնների խախտման եւ պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։
Դատախազությունը, ուսումնասիրություններ կատարելով այս ընկերության հողատարածքներում, գտել է, որ հանքի տարածքի մոտ 33 հեկտարը համընկնում է «Արեւիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողերի հետ եւ ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում, իսկ «Արեւիկի» աշխատակիցները Հովսեփյանի ընկերությանը թույլ են տվել այստեղ աշխատել առանց հողատարածքի օգտագործման պայմանագրերի։ Ամիսներ շարունակ գործի ընթացքից նորություն չկա։

Այս իրավիճակին, Սյունիքում տարածվող խոսակցություններին, որոնց պատճառը նաեւ քրեական գործի վերաբերյալ պաշտոնական լռությունն է, անդրադարձել էինք «Հրապարակ»-ի երեկվա համարում։ Հույս էինք հայտնել նաեւ, որ Համլետ Հովսեփյանը կարձագանքի մեր հրապարակմանը եւ կտա մեզ հուզող հարցերի պատասխանները։ Երեկ գործարարը կապվեց մեզ հետ։ Հայտնեց, որ քրեական գործով մեղադրյալ չկա, որ ինքը շարունակում է աշխատել ու հանքաքար տեղափոխել Կապանի ֆաբրիկա, ինչի իրավունքն ունի։ «Լավ ենք անում, դա մեր իրավունքն է, ընդերքօգտագործող անձի իրավունքն է։ Մենք տարեկան 10 մլն դրամից ավելի փող ենք մուծում, որ կարող ենք տարեկան 46 տոննա հանքանյութ հանել, բայց քանի որ մեր գործարանը դեռեւս շահագործման հանձնված չէ, մենք հանել ենք, տվել ենք Ղափանի գործարանին։ Ի՞նչ կա այդտեղ։ Ամեն ինչ օրինական հիմքերով է»,- ասաց Մեղրասարի հանքի շահագործողը։

Նա մեզ տրամադրեց հանքի շահագործման լիցենզիան՝ ասելով, որ ինքը «կամիկաձե» չէ, որ առանց լիցենզիայի հանք աշխատեցնի։ «Կամ՝ ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը, եթե ես հանքօգտագործման լիցենզիան ձեռք եմ բերել դեռ 2007 թվականին, երբ դեռ խորհրդական չէի աշխատում։ Ես մեծ դժվարությամբ գտել եմ ռուս գործընկերների, մինչեւ հիմա էլ վարկ եմ փակում»,- ասաց նա՝ շեշտելով, որ, «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր նախագահը եւ Արցախի ազատամարտի մասնակից լինելով հանդերձ, թալանով չի զբաղվել եւ չի ունեցել այնքան միջոցներ, որ միայնակ զբաղվեր հանքարդյունաբերությամբ։ Իսկ հիմա իրավունք ունի  սեփական բիզնեսն ունենալ՝ իր երեխաների վաղվա օրն ապահովելու համար։

Ի՞նչ ընթացք ունի քրեական գործը։ «Արեւիկ» ազգային պարկի հողերը համընկնո՞ւմ են Ձեր տարածքի հետ։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Ոչ։ Իրենք ընկել են կրակը իրենց իսկ բացած քրեական գործի պատճառով։ Հազար անգամ ասեցինք՝ կարճեք, գցեք մի կողմ, որովհետեւ այդ քրեական գործն անհիմն է հարուցվել մեր դեմ։ Ես Ձեզ պաշտոնապես հայտնում եմ, որ մեր տարածքը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի տարածքից դուրս։ Դրա վերաբերյալ կա լիազոր մարմնի տված փաստաթուղթ»,- ասում է Համլետ Հովսեփյանը։

Նա ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է․ Փիրումյանի 2013 թվականի մարտի 7-ի գրությունը՝ «ԱՏ Մետալս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Պրեսկովին ուղղված, որում ասվում է․ «Սյունիքի մարզի Տաշտուն եւ Լեռնաձոր համայնքների վարչական սահմաններում գտնվող Պրիխրեբտովոյե եւ Քարասար հանքերեւակումների տարածքները, ըստ ներկայացված փաստաթղթերի, գտնվում են «Արեւիկ» ազգային պարկի սահմաններից դուրս»։ «Ժամանակին սրանք վերցրել են ինչ-որ քարտեզներ ու նայել են, տեսել են, որ 34 հեկտարը համադրվում է «Արեւիկի» հողերի հետ, բայց կա կառավարության որոշում՝ 2015 թվականի, որտեղ նշված է, որ չկա նման համադրում։ Բացի դա, նոր, թարմ փաստաթուղթ ունենք, մենք վարչապետին ենք նամակ գրել, որում ասում ենք՝ Դուք ամեն տեղ գոռում եք, որ պետք է օգնեք գործարարին, բռնեք նրա ձեռքը, բայց մեր դեմ պայքարում են, թույլ չեն տալիս, որ մենք ներդրումներ անենք»։

Մարզի իշխանությունների հետ Հովսեփյանը ծանոթ էլ չէ։ Նա չգիտի, թե ով է փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որի հետ իրեն կապում են։ «Ես նույնիսկ նրա դեմքը չեմ տեսել»,- վստահեցնում է Համլետ Հովսեփյանը։ Նա կարծում է, որ Սյունիքի հանքարդյունաբերողների շրջանում մրցակիցներ ունի, Քաջարանի գործարանատերերի մերձավորներից, որոնք իր դեմ աշխատում են։

«Հիմա մեր գործարանը դեռ պատրաստ չէ։ Երբ որ պատրաստ լինի շահագործման, մենք հանքաքարը մեզ մոտ արդեն կմշակենք։ Մենք խտանյութ չենք վաճառելու, ինչպես մյուսները, այլ լիարժեք արդյունաբերական ցիկլ ենք ապահովելու։ Մեր գործարանը բարձր չափանիշներով է կառուցվելու»,- վստահեցնում է նախկին վարչապետերի խորհրդականը։