Իրական ժողովրդավարացման տապալումը

Իրական ժողովրդավարացման տապալումը

Ենթադրվում է, որ ոչ մի երկրում և ոչ մի ժամանակ ժողովրդավարությունը միաժամանակ չի կարող լինել ոստիկանապետություն: Եվ երբ ընդդմադիր քաղաքական գործիչ Փաշինյանը ՀՀ երրորդ նախագահի կառավարման համակարգն անվանում էր ոստիկանապետություն՝ դրան համաձայն էինք: Քանի որ թե՛  ընդդիմադիր այլ անձանց (պարտադիր չէր, որ դրանք լինեին հանրահայտ գործիչներ) և թե՛ միջազգային համապատասխան կազմակերպւթյունների ուսումնասիրություններով Հայաստանը գտնվում էր անցումային փուլում: Իսկ այդ փուլում գտնվող երկիրը կարող էր ունենալ թե՛ հիպերտրոֆացված (չափից դուրս ուժեղացված) և թե՛ դրա հակառակ տարբերակի (հիպոտրոֆացված) ոստիկանություն: Թե ինչպիսին կլիներ իրավապահ այդ կառույցը՝ կախված էր պետության ներքին և արտաքին մարտահրավերներից կա՛մ նույնիսկ սպառնալիքներից և կա՛մ դրանց բացակայությունից:

Հաշվի առնելով, որ մեր անկախ պետականությունը ծնունդ առավ Ղարաբաղյան շարժման և ապա պատերազմի ընթացքում, բնական էր, որ բազմաթիվ լինեին նաև մարտահրավերները: Եվ դրանց առկայության պարագյում ոստիկանությունն էլ պետք է լիներ հիպերտրոֆացված: Սակայն քանի որ ժողովրդի համբերությունը սովորաբար կարճ է լինում (հատկապես բազմաթիվ դարերի պետականության բացակայության պայմաններում՝ երբ առկա չեն եղել երկարատև պետական ծրագրեր), ապա նրա լավագույն ներկայացուցիչներն էլ անհամբեր են լինում երկրում իրականացվող բարեփոխումների արագության և արդյունքների առումով: Մեր հասարակության գրագետ հատվածն, օրինակ, չզգաց ու նաև չգիտակցեց, որ ՀՀ երրորդ նախագահի ժամկետի վերջին մի քանի տարում խորհրդարանն արդեն ազատվել էր մականունավոր «ազգընտիրների» մեծամասնությունից: Եվ ինչն ավելի հատկանշական է, նախագահի՝ «50-50-ի Սաշիկ» մականունով եղբոր, ներկայությունից: 

Զարմանալիորեն, նույնը կարող ենք ասել «սերժական» ոստիկանության վերաբերյալ: Հետպատերազմական (խոսքն առաջին Արցախյանի մասին է) առաջին տարիների բռի ոստիկանններն աստիճանաբար վերածվում էին ավելի քաղաքակիրթ ծառայողների: Համենայն դեպս, 2018-ին ոստիկաններն արդեն այն չէին, ինչպիսին էին 2004-ին և 2008-ին: 2018-ի ապրիլին փողոց չեմ փակել, սակայն մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչ արագությամբ ու բավական քաղաքակիրթ տարբերակով էին նույնիսկ բերետավորները «հարձակվում» փողոց փակող երիտասարդների վրա ու մի քանի հոգու առևանգելով՝ լցնում մեքենաներն ու տանում: Ու երբ համեմատում եմ 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո ծագած ընդդիմադիր շարժումների ժամանակ ոստիկանության վարքագծի հետ, ապա պարզ երևում է հետընթացը: Ինչին չէր կարող խոչընդոտել ոստիկաններին պարեկներ անվանելն ու հերթական անգամ համազգեստ փոփոխելը: Բնական է, որ չի կարող խոչընդոտել նաև ներքին գունավոր գլխարկներով բերետավորներին ազգային գվարդիա անվանելն ու նրանց համար նոր համազգեստ կարելը:   

Եվ մի օրինաչափություն ևս. ի տարբերություն դասական բնույթի ժողովրդավարացման՝ երբ այդ գործընթացը տևում էր տասնամյակներ և նույնիսկ մեկ-երկու հարյուրամյակ, նիկոլականն իբրև թե կյանքի կոչվեց անմիջապես: Դրա համար, Նիկոլի կարծիքով, անհրաժեշտ էր ընդամենը նրա կողմից մեր երկիրը «ժողովրդավարության բաստիոն» անվանելը: Բայց քանի որ հասարակական գործընթացները պահանջում են որոշակի երկար ժամանակահատված՝ մեկ անձի ցանկությունը բավարար չէ: Հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ ցանկությունն իրականում կեղծ էր: Որովհետև եթե Նիկոլը ցանկություն ունենար իրական ժողովրդավարություն կառուցելու մեր երկրում, ապա կգիտակցեր, որ ինքը տապալել է «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսի տրամաբանությամբ առաջնորդված գործընթացը: Իսկ դա նշանակում է, որ ուղղակի պետք է կամավոր հրաժարական ներկայացներ՝ իր տեղը զիջելով այն անձին, ով կկարողանար նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո երկիրը զերծ պահել թե՛ ներքին և թե՛ հատկապես արտաքին ցնցումներից: Եվ իր հրաժարականով ապահովեր իշխանության փոփոխության գործընթացը, այսինքն, իրական ժողովրդավարացման գործընթացը: Այնինչ, դա տեղի չունեցավ, և մնացածն արդեն դրա հետևանքն էր: