Պետական ինստիտուտները կազմաքանդվում են

Պետական ինստիտուտները կազմաքանդվում են

Վերջին օրերին՝ Զատիկի նախօրեին, ձվի շուկայում տիրող իրավիճակը եւ պատկան մարմինների չգոյությունը եւս մեկ անգամ ի ցույց դրեց, որ նոյեմբերի 9-ից հետո սկսվել է պետական ինստիտուտների կազմաքանդման գործընթաց, կամ անգործությունն ու թալանն է նրանց գործունեությունը, ինչով եւ զբաղվում է այս դեպքում ՏՄՊՊՀ-ն, որը դարձել է օլիգարխների շահերի սպասարկողը, մեծ հաշվով՝ օրվա իշխանությունները եւս ներկայացնում են օլիգարխների շահերը, չնայած նրանց վերջին հենարանը մնացել է (եթե կա) ունեզուրկ եւ իրավազուրկ շերտը։

Վերադառնալով ձվի շուկայում ընթացող գործընթացներին, որը սկսվել էր անցյալ տարվա ձմռան ամիսներից, երբ մի քանի խոշոր տնտեսվարողներ նախաձեռնեցին դեմպինգ՝ ձվի գինն իջավ մինչեւ 15-20 դրամ։ Ինչպես միշտ, ՏՄՊՊՀ-ն ուշացած վարույթ հարուցեց, եւ տպավորություն ձեւավորվեց, թե շուկան աստիճանաբար կարգավորվեց, բայց պարզվում է՝ արդեն վտանգվել էր փոքր ու միջին տնտեսվարողների գործունեությունը, ինչի ականատեսը եղանք Զատիկին, իսկ խոշոր տնտեսվարողներն իրենց համար ապահովեցին հիպեր գերշահույթ, որից իրենց «հասույթը» կստանան այն պետական կառույցները, որոնք պարտավոր էին կանխել նմանատիպ դրսեւորումները։

Որպեսզի ասելիքս ամբողջական լինի, ներկայացնում եմ մեկ այլ ոլորտում եւս ՏՄՊՊՀ-ի անգործության դրսեւորումը։ 2020թ․ մարտին դիմեցի ՏՄՊՊՀ, այն մասին, որ խոզի մսի շուկայում օլիգարխները՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ, 2019թ․ մարտ ամսվանից իրականացնում են դեմպինգի գործընթաց, եւ հազարավոր գյուղացիական տնտեսություններ՝ պարտադրված, խոզերի գլխաքանակը ոչնչացնում են կամ վարկային լրացուցիչ միջոցներ ներգրավելով՝ շարունակում են գոյատեւել։ Քանի որ դիմումս անպատասխան մնաց, մեկ ամիս անց նորից դիմեցի՝ պահանջելով  վարույթ սկսել։ Իբր վարույթ հարուցեցին, եւ «բազմակողմանի» ու «օբյեկտիվ»  ուսումնասիրությունների  արդյունքում այն կասեցվեց՝ «հիմնավորմամբ», թե այն, ինչ կատարվում է խոզի մսի շուկայում, օբյեկտիվ է։ Այդ որոշումն իմ կողմից բողոքարկվեց վարչական դատարան․ պահանջս էր՝ չեղարկել ՏՄՊՊՀ-ի վերոնշյալ որոշումը։ 

ՏՄՊՊՀ-ն, ի պատասխան, դատարանից պահանջել է մերժել իմ հայցը, քանի որ ես շահագրգիռ անձ չեմ, մեկ այլ «հիմնավորում», որ խոզերի գլխաքանակը 2020թ․ հունվարին՝ 2019թ․ համեմատ, աճել է, այն դեպքում, երբ նույն պաշտոնական  վիճակագրական տվյալներով՝ 2021թ․ հունվարին՝ 2020թ․ համեմատ, գլխաքանակը նվազել է  9․1 տոկոսով՝  23 հազարով, վստահ եմ, որ իրական պատկերն ավելի վատ է։

Եզրափակելով ասելիքս՝ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, որ այլեւս ի զորու չէ կառավարել երկիրը։ Նման մթնոլորտում ինքն ու իր իշխանությունը չեն կարող ապահովել արտահերթ ընտրություններ՝ առանց ցնցումների, իրենք մեկ անելիք  ունեն՝ պետք է կամավոր հեռանան, որպեսզի ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը կապահովի արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը պետականության  կազմաքանդման գործընթացը կանգնեցնելու միակ  հույսն է։ 

Պետրոս Մակեյան