Իշխանությունը գաղափարագողությամբ է զբաղված

Իշխանությունը գաղափարագողությամբ է զբաղված

Երեկ Հայաստանի կառավարությունը հաստատեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը եւ այն կներկայացնի ԱԺ:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ մինչեւ 2019 թվականի վերջը պարտադիր զինվորական ծառայություն չանցած որոշակի խմբի հնարավորություն էր տրված օրենքով սահմանված չափով պետական բյուջե գումար վճարելով՝ չենթարկվել քրեական պատասխանատվության եւ կանգնել զինվորական հաշվառման։ 2020 թվականի հունվարի 1-ից այս կարգը չի գործում։ 20 թվականից իշխանությունն էր փորձում վերանայել գործող կարգը։ Ավելի վաղ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախագիծ էին ներկայացրել, որով խստացվում էր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը՝ առավելագույնը 6 տարի (գործող 3 տարվա փոխարեն)։ 

Նախագծով առաջարկվում էր նաեւ վճարել մոտ 5,5 միլիոն դրամ կամ շուրջ 10 հազար դոլար՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Տարեսկզբին, սակայն, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը հետաձգվեց: Իսկ այսօր օրակարգ է բերվել առանց նախապայմանի, առանց տուգանքի տարբերակը, որին անցած տարի՝ 2020 թվականին, դեմ էին իշխանականները։

Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույն նախագիծն անցած տարի երկու անգամ խորհրդարան է ներկայացրել, բայց իշխող ուժը մերժել է՝ ռազմահայրենասիրական բոցաշունչ ճառերով։ «Պաշտպանության նախարարությունն ասում է` եթե համաներումն ընդունենք, ապա 18 տարեկան մեկ այլ քաղաքացի կարող է մտածել, որ կարող է խուսափել բանակից ու հետագայում համաներվել: Կարող ենք նայել, թե վերջին համաներմամբ ինչ հանցագործություններ կատարած անձինք են համաներման տակ ընկել, էս իմաստով բանակից խուսափելը հանրային նվազ վտանգ ունեցող հանցագործություն է»,- անցած տարվա մարտին նախագծի քննարկմանը իշխանություններին այսպես էր փորձում համոզել Մարուքյանը։ 

Ուշագրավ է, որ նա կանխատեսում էր նաեւ, որ իշխանությունը ՀՀԿ-ի պես՝ հին ու բարի ավանդույթներով, կգողանա գաղափարը եւ որոշ ժամանակ հետո իր անունից կներկայացնի։ Նշենք նաեւ, որ այս նախագծի շահառուների թիվը Մարուքյանենց նախագծով՝ 5 հազար է․ «Այո, մինչեւ պատերազմը երկու անգամ ներկայացրել ենք այս նախագիծը, եւ եթե ընդունած լինեին, այդ հինգ հազար տղամարդը պատերազմի ընթացքում Հայաստան կվերադառնար, բայց երկու անգամն էլ մերժվել է ՊՆ-ի, Գլխավոր շտաբի, կառավարության բացասական եզրակացություններով։ Կարող եք նաեւ հիշել իշխող խմբակցության ելույթները, թե ինչեր էին խոսում այն ժամանակ։ Իսկ հիմա իշխանությունը, ըստ էության, գաղափարագողությամբ է զբաղված, մեր գաղափարը վերցրել են, դարձրել իրենց նախագիծ՝ ընտրություններից առաջ փիառ անելու։ Ես բան չունեմ ասելու, խնդիրը կա, պետք է լուծել, մեզ փիառ պետք չէ, իշխանությանն է պետք, բայց այս դեգրադացված իշխանությունն ինչքան էլ փիառ անի, փրկություն չունի»։

Այս նախագծի հետ կապված մի նրբություն էլ կա․ եթե 2020 թվականին այն նորմալ էր եւ կարելի էր ընդունել, ապա 2021 թվականին՝ աղետալի պատերազմից հետո, ռազմի դաշտը լքելու եւ բանակում զինծառայությունից խուսափելու բազում դեպքերի ֆոնին այն իրոք դավաճանություն է երկրի շահերին եւ զինծառայողների հանդեպ՝ անբարոյականություն։