Ռուբեն Հայրապետյանին՝ նոր մեղադրանք. մանրամասներ՝ աճուրդի գործից

Ռուբեն Հայրապետյանին՝ նոր մեղադրանք. մանրամասներ՝ աճուրդի գործից

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Ն.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» միության նախկին նախագահ Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Ըստ ՀՔԾ-ի՝Երևան համայնքին հասցվել է 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այս գործի վերաբերյալ «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել. մենք տեղեկացանք, որ այդ հողակտորը ֆուտբոլի ֆեդերացիան նվիրաբերել է քաղաքապետարանին, վերջինս հանել է այն աճուրդի, որն էլ վաճառվել է 169 միլիոն դրամով:

«Նվիրաբերել են քաղաքապետարանին, քաղաքապետարանն այդ հողակտորը հանել է աճուրդի, աճուրդին եկել է մի մասնակից, որը հետագայում պարզվել է, որ Ռուբեն Հայրապետյանի մտերիմներից է: Հիմա մի հատ էլ չարաշահում հաշվում են այդ կնոջ վրա: Ասում են՝ քո գործողությունների արդյունքում համայնքը կրել է վնաս, նա ասում է՝ եթե մենք այդ հողակտորը նվեր ենք ստացել ու դրանից ստացել ենք գումար, ո՞նց կարող է դա վնաս լինել: Մեր քննչական մարմիններն էլ գնացել են ինչ-որ մի գնահատողից տեղեկանք են բերել ու ասում են՝ էս գույքի գինն էսքան է՝ 800 միլիոն դրամից ավելի է: Այստեղ երկու հարց է առաջանում՝ եթե մեղադրանք կա Ռուբեն Հայրապետյանին, ասում են՝ նա Ֆուտբոլի ֆեդերացիային վնաս է պատճառել, ո՞նց կարող են նույն բանն էլ քաղաքապետարանի վրա հաշվեն, եթե այդ քաղաքապետարանը նվերը չընդուներ, չվաճառեր, ինքը եկամուտ չէր ունենա։ Օդից ունեցել է100 միլիոնից ավելի եկամուտ: Այդ տարբերության վրա այդ կնոջը կալանավորել են: Ամբողջ նպատակն այն է, որ ինքը մյուս պաշտոնյաների վրա ցուցմունք տա»,-նշեց իրավապահ մարմնի մեր աղբյուրը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ անհասկանալի է, թե սրա հետ ինչ կապ ունի հանձնաժողովի քարտուղարը. «Քարտուղարն ընդամենը կազմակերպչական գործ է անում, գինը որոշում է հանձնաժողովը: Ընդ որում՝ որոշել է ստանդարտ գին ու հիմա էլ այդ գնով շարունակում են վաճառել այդ կատեգորիայի տարածքները: Մի ամսվա կալանք են դրել, այդտեղ էլ տխմար բան են արել. մի հոդվածով առաջադրել են, դատարանն ասել է՝ մյուս հոդվածով է իրականում, բայց կալանքը կիրառել է, դե որ խեղճանա, մի բան գրի: Ուղղակի ո՞նց կարաս երկու տարբեր սուբյեկտի վրա վնաս պատճառել հաշվես»:

Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ մեզ փոխանցեց, որ այս գործով նոր մեղադրանք կա, սակայն չմանրամասնեց՝ ինչի մասին  է խոսքը, ապա ավելացրեց՝ խափանման միջոց չկա ընտրված։

Նա նաեւ նշեց, որ ՀՔԾ-ն, թեպետ իմանալով, որ Հայրապետյանը Հայաստանում չէ, այս գործով ծանուցել է հարցաքննության ներկայանալու մասին:

Մենք տեղեկացանք, որ Ն.Տ-ն 50 անց կին է, որը մեկը տարի առաջ է քաղաքապետարանից դուրս եկել: