Հազար ու մի սուտ

Հազար ու մի սուտ

Մարզական լրագրողի հուշերից

Ֆուտբոլային ասպարեզներում վեճեր, նույնիսկ խուլիգանական արարքներ քիչ չեն լինում։ Իսկ թե ով է մեղավոր, ում է անհրաժեշտ տուգանել, ինչպիսի պատիժ կիրառել, բնականաբար, որոշում է մրցավարը` միջադեպերի անմիջական վկան, նա, ով նման դեպքերում ավելի հաճախ իրավացի ու արդար է ճանաչվում։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Լոնդոնում՝ աշխարհի 1966 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ, այս առումով տարօրինակ էր ու շատ բանով անհասկանալի։

Տարեց ֆուտբոլասերները գուցե կմտաբերեն, որ խոսքը Անգլիա-Գերմանիա հանդիպման մասին է։ Կհիշեն, թե ինչպես, երբ հաշիվը հավասար էր՝ 2:2, դաշտի տերերի գրոհներից մեկի ժամանակ գնդակը դիպավ մրցակիցների դարպասի հորիզոնական ձողին, ապա՝ կանաչ հողածածկին եւ ետ գլորվեց։ Ոգեւորված անգլիացիները ձեռքերը վեր բարձրացրին՝ համոզված լինելով, որ գնդակն անցել է դարպասային գիծը։ Գերմանացիներն էլ չէին կասկածում, որ ոչ մի գոլ էլ չի եղել։ Գլխավոր մրցավարն էլ տարակուսանքի մեջ չէր կարողանում հստակ կողմնորոշվել։ Եվ այդ անորոշ պահին նրան օգնության եկավ եզրային մրցավարը՝ բաքվեցի Թոֆիկ Բահրամովը․ ի տես բոլորի նրա ցույց տված ազդանշանը վկայում էր, որ անգլիացիների խփած գնդակն անցել է որոշիչ գիծը, հետեւաբար՝ գոլն անվիճելի է։ 

Այսպես, հաշիվը դարձավ 3:2, ապա հիասթափված գերմանացիները եւս մեկ գոլ ընդունեցին, եւ խաղը շահելով 4:2 հաշվով, ֆուտբոլի հայրենիքի ներկայացուցիչներն առաջին անգամ հռչակվեցին աշխարհի չեմպիոններ՝ պարգեւատրվելով հաղթանակի աստվածուհի Նիկեի անունը կրող գավաթով։ Բահրամովին էլ, ի նշան երախտագիտության, բրիտանական թագուհի Եղիսաբեթը նվիրեց նույնանման գավաթի փոքր տարբերակը։ Սա առիթ էր, որպեսզի Թոֆիկ Բահրամովը ճանաչվի սովետների ամենահեղինակավոր մրցավարներից մեկը։ Լայն արձագանք ստացավ նաեւ նրա հեղինակած «Հազար ու մի խաղ» գիրքը, նրա մասին՝ որպես ազնիվ ու արդար մրցավարի, հրապարակվեցին մի շարք մեկնաբանություններ։

Խոստովանում եմ, ես էլ այդպես էի մտածում մինչ այն օրը, երբ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագրություն, որտեղ աշխատում էի, եկան երկու մռայլ անձինք: Ներկայացան՝ ժամանել են Մոսկվայից, Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցներ են, իսկ խմբագրություն, պարզվեց, նրանց բերել է մի լուրջ ահազանգ․ ֆուտբոլի աշխարհում մեծ հարգանք վայելող Թոֆիկ Բահրամովին ինչ-որ մի հայ մարզասեր նամակ է գրել, անպատվել ու սպառնացել սպանել։ Ուստի հարկ է անպայման բացահայտել պոտենցիալ մարդասպանին, եւ, հաշվի առնելով այն, որ նա հաստատ ֆուտբոլասեր է, շատ հավանական է, որ երբեւէ մեր խմբագրություն էլ ինչ-որ առիթով  այցելած լինի։ Ուսումնասիրելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկի» նամականին՝ ձեռագրով հնարավոր կլինի գտնել սպառնացողի հետքը։ 

Երկու օր կագեբեական գործակալները խմբագրության արխիվի սենյակից դուրս չէին գալիս, փնտրտուքով էին տարված։ Սակայն, որքան էլ ջանացին, ոչ մի հետք չգտան ու ձեռնունայն հեռացան։

Ակամա մտածեցի` արդյոք եղե՞լ է նման սպառնալիք, թե՞ այդ ամենը մտացածին է, որ հորինել է Բահրամովը։ Պատասխանը երկար չսպասեցրեց։ Շատ շուտով պարզվեց, որ սույն «հարգարժան մրցավար» կոչեցյալը բնավ էլ օրինապաշտ չէ, ինչպես նրան ներկայացնում էին որոշ լրագրողներ։ Ամպրոպը ճայթեց պարզկա երկնքում։ Դու մի ասա, «Հազար ու մի խաղի» հեղինակն իրականում սուտասան, անազնիվի մեկն է, որն իսկական մրցավարի պատիվն էլ ոտնատակ է արել, ինչը դրսեւորվեց հենց վերոհիշյալ խաղում, եւ սա ի լուր աշխարհի խոստովանեցին հենց անգլիացի ֆուտբոլիստները, նրանք, որ հիշյալ խաղապահին բոլորից մոտ էին վիճելի միջադեպին ու, հասկանալի է, սխալվել չէին կարող։ Նրանք, թեեւ ուշացումով, ազնվություն ունեցան եւ համոզված պնդեցին, որ այն ժամանակ բնավ գոլ չի եղել, միաժամանակ ամեն ինչում մեղադրեցին անազնիվ քայլի դիմաց Բահրամովին, նրան, ով խախտել է մարզական բարոյականության ու էթիկայի նորմերը։ Նրա այդ ստահակությունն էլ իրավունք է տալիս պնդելու, որ բաքվեցին նույնանման անարդարություններով «աչքի է ընկել» նաեւ այլ հազար ու մի խաղային իրավիճակներում՝ զրպարտելով նաեւ անհայտ հայ ֆուտբոլասերին։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ