Ծիծաղելիդ իմ, Նիկոլ

Ծիծաղելիդ իմ, Նիկոլ

Չփորձես հերքել, պարոն Փաշինյան, որովհետեւ հենց իմ կողքին կանգնած, ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի աստիճանների վրա, ՀՅԴ երիտասարդների նստացույցի ժամանակ ես հայտարարել, որ դու եւ Արայիկ Հարությունյանը մեկ մարմին եք: Այլ կերպ չհասկանաք, նկատի ունեմ քո կառավարությունը, որն իբր գործում է որպես մեկ մարմին: Ահավասիկ, ճիշտ ժամանակն է, որ եւս մեկ անգամ պատասխան տաս այդ մարմնի կարեւորագույն օրգաններից մեկի՝ ԿԳՄՍ նախարարի հերթական այլանդակության համար: Եթե ուրիշ ոչինչ չասեմ, ապա այլեւս պարզ է, որ նա միլիոններ է քամուն տվել, ինչ-որ հանձնախմբեր է աշխատեցրել, որոնք, ոչ առանց իր ցուցումի, հանրակրթական պետական առարկաների չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի մի նախագիծ են երկնել, որ հրապարակումից անմիջապես հետո դարձել է մեր ազգային անվտանգությանը նետված մարտահրավեր: Արի հրապարակ եւ պատասխան տուր, պարոն Փաշինյան, քանզի, որպես մեկ մարմին, Արայիկ Հարությունյանի չափ եւ մի բան էլ ավելի, դու ես մեղավոր այդ մարտահրավերը նախաձեռնելու մեջ:

Մեզանում, կարծես, սովորություն է դարձել, որ որեւէ կոնկրետ հարցով զբաղվեն մարդիկ, որոնք պարզապես չեն համապատասխանում տվյալ հարցին ո՛չ ուղեղով, ո՛չ մասնագիտությամբ, ո՛չ հասակով, ո՛չ քաշով: Կարո՞ղ եք, օրինակ, մի լուրջ սահմանադրագետի անուն տալ, որ ներդրում է ունեցել ԱԺ կողմից միաձայն քվեարկված, աշխարհով մեկ պտտեցված, նախագահի կողմից չստորագրված եւ ի վերջո ԱԺ նախագահի կողմից հաստատված այս վերջին սահմանադրական փոփոխությունների մեջ: Չեք կարող: Այդ նախագծի հեղինակն իրավաբանությունից կիլոմետրերով հեռու Վահագն Հովակիմյանն է, միաձայն քվեարկողները՝ քիսո-միսոները, իսկ վերջնական ստորագրողն ու օրենքին ուժ տվողը՝ պատմաբան-արվեստագետ Արարատ Միրզոյանը: Ու թքած մարդկային ճակատագրերի վրա, որ այս փոփոխությունների արդյունքում կխեղվեն ու կբեկվեն հետագա տարիներին: Գրեթե նույն բանն է կատարվել նաեւ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթական պետական առարկաների չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծ հորջորջվող «փաստաթղթի» կազմման եւ հրապարակման գործընթացում: Մասնագետների գնահատմամբ, այդ «ապուշությունը» նույնիսկ հնարավոր չէ քննարկել ու շտկել, որովհետեւ ապուշությունը քննարկելն ինքնին ապուշություն կլինի: Եվ հարց է առաջանում՝ ովքե՞ր են աշխատել հանձնաժողովներում, ենթադրում եմ՝ մասնագիտական, որ կարողացել են այդպիսի ազգային խայտառակություն «նախագծել»:

Ինքս, լինելով բանասեր, մի տեսակ անհարմար եմ զգում կարծիք հայտնել այդ վայ-նախագծով «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների հետ կապված փոփոխությունների մասին: Ես ի՞նչ կարծիք հայտնեմ, երբ արդեն քանի օր է՝ ոլորտի ամենանախանձախնդիր մարդիկ՝ լեզվաբաններ ու գրականագետներ, քարը քարին չեն թողել ու կոչնակ են հնչեցնում մայր հայրենիքում Հայոց լեզվի ու Հայ գրականության բացահայտ ու լկտի ամորձատման այս խայտառակ փորձի կապակցությամբ: Եվ ամենացավալին այն է, որ, ինչպես վստահեցնում են մասնագետները, այս ամենն արվում է հատուկ, մտածված ու ծրագրավորված, որպեսզի մեր հետագա սերունդներին հնարավորինս հեռու պահեն իրենց արմատներից եւ այն ամենից, ինչը հայ է ու հայկական: Այստեղ պետք է ոչ թե կարծիք հայտնել, այլ քարն առնել ու տալ ազգային արժեքները պղծողի գլխին, քշել նրան ներկայից, ջնջել այնպես, որ ապագայում այլեւս ոչ ոք չհանդգնի ձեռք բարձրացնել քո մայրենի լեզվի, պատմության, գրականության, հավատի վրա:

1. «Ու երբ նախագծում «հայ գրականության» փոխարեն գրում են «գրականություն», այդպիսով առաջին հերթին նախարարը, ապա նրա հրահանգներով ծրագիրը պատրաստողները մատնում են խնամքով թաքցրած ծաղրական վերաբերմունքը հայ գրականության նկատմամբ»։
2. «Թե ինչով եւ ինչքան են խանգարում Մ. Մաշտոցը, Մ. Խորենացին, Եղիշեն, Այգեկցին, Գոշը, Բուզանդը եւ միջնադարի մյուս մեծերը հայ աշակերտին՝ «վերլուծելու» եւ «ինքնուրույն մտածողություն ձեւավորելու», հայտնի է միայն Սատանային եւ մեկ էլ սույն «քյալլագյոզության» հեղինակներին»։ 
3. «Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո առանց դիվանագիտության եւ քաղաքավարական սեթեւեթանքների միանգամից ասում եմ՝ ապուշություն է։ Այն աստիճանի անհեթեթություն, որ այն կետ առ կետ քննարկելն ու հերքելը ինքնաբերաբար նույնպես կվերածվի ապուշության»։
4. «Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել «Հայ գրականություն» առարկա։ Այն եղել է դարերով, եղել է առաջին հանրապետության տարիներին, եղել է խորհրդային տարիներին (հարցրե՛ք ձեր ծնողներին, տատիկ-պապիկներին), եղել է վերջին 30 տարիներին եւ պիտի լինի այսուհետեւ»։
5. «Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելու համար նախարարը պետք է տեղնուտեղը հրաժարական տա: Սա հրաժարականի հարց է, ոչ թե քննարկման կամ կոսմետիկ միջամտության, սա արմատական հարված է հայի ոգուն, հայությանը, սահմանին կռվող ու հայրենիք պաշտպանող զինվորի ուժին եւ ոգուն: Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելն ուղղակի ամոթ է եւ խայտառակություն»:
6. «Անգրագետ ձեւակերպումներով ինչպե՛ս կարելի է կազմել այնպիսի կարեւորագույն փաստաթուղթ, ինչպիսին դպրոցական առարկայական ծրագիրն է՝ թեկուզ դեռեւս նախագծային տարբերակով: Ինչպե՛ս կարելի է մասնագիտական այսօրինակ ապիկարությամբ ու լեզվական ապաշնորհությամբ, կրթության մասին այսպիսի պարզունակ պատկերացումներով ստանձնել առարկայական ծրագիր կազմելու ահռելի պատասխանատու գործը»։
7. «Պահանջում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակի կազմակերպված մրցույթին առնչվող փաստաթղթերը եւ այն մարդկանց անունները, որոնք «հաղթել» են: Եթե այս անգրագետ, փնթի շարադրությունն է նրանց «հաղթական» մտքի արգասիքը, ուրեմն՝ վայ մեր լեզվին»:

Միտումնավոր չեմ թվարկում այս տողերի հեղինակների անունները, որովհետեւ ԿԳՄՍ նախարարության թողարկած աղտեղության մասին արտահայտվել են շատ երեւելի մարդիկ, եւ անարդար կլինի որեւէ մեկին չհիշատակելը: Բայց ես սիրով կառանձնացնեի հայ բանասիրության ֆակուլտետում երբեւէ ուսանած Նիկոլ Փաշինյանին, եթե նա բարեհաճեր ձեռքն առնել իր կառավարության «քյալլագյոզությունն» ու փորձեր հասկանալ, թե իր հեղափոխական թիմն ինչ է անում մեր ժողովրդի գլխին եւ այն էլ միտումնավոր, ծրագրված, ծրագրավորված, վճարված օտար աղբյուրներից: Կան բաներ, պարոն Փաշինյան, որ քեզ կներվեն: Վաղը քեզ հաստատ պատասխանատվության չեն կանչի բյուջեն թալանելու եւ սեփական լանգուլվազին բաշխելու, տնտեսության հերն անիծելու, առողջապահական համակարգը քանդելու, ծաղկուն երկիրը կզացնելու, Ալիեւի հետ քիրվա դառնալու, դաշնակից պետություններին Հայաստանից վանելու եւ բազմաթիվ այլ անպիտանությունների համար: Բայց եթե, Աստված ոչ անի, կպար մեր լեզվին, մեր հոգեւոր արժեքներին ու հավատին, իմացած եղիր՝ հայոց պատմության մեջ կմնաս որպես դավաճան՝ այդ բառի բոլոր ամենավատ իմաստներով: