Վճռաբեկն իր վրայից գցեց Քոչարյանի խափանման միջոցի պատասխանատվությունը

Վճռաբեկն իր վրայից գցեց Քոչարյանի խափանման միջոցի պատասխանատվությունը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն օրերս որոշում է կայացրել, որով, փաստորեն, վճռաբեկ եւ վերաքննիչ դատարաններին նոր լիազորություն է վերագրել։ Որոշել է գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաբերյալ կարգավորումը տարածել նաեւ միջանկյալ ակտերի վրա։ Այս որոշումը պալատն անվանել է նախադեպային։ Արձանագրել է, որ «որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման եւ արդար դատաքննության իրավունքի երաշխիք»։ Ուստի, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս պետք է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Այսինքն, վճռաբեկի քրեական պալատը որոշել է գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայելիս, օգտվել վերջնական ակտերի համար սահմանված կարգավորումից: 

Ինչո՞ւ։ Ո՞րն է վճռաբեկի շահը։ Բանն այն է, որ վերջնական դատական ակտի դեպքում վերադաս դատարանը որոշումներ ընդունելու լայն սպեկտր ունի՝ կարող է ուժի մեջ թողնել ակտը, կարող է բեկանել, ուղարկել նոր քննության, կարող է նոր ակտ կայացնել կամ թողնել ակտն ուժի մեջ, բայց փոխել պատճառաբանությունը։

Միջանկյալ ակտի դեպքում վերադաս դատարանի հնարավորությունը սահմանափակ է։ Այն կարող է կա՛մ ուժի մեջ թողնել ստորադաս դատարանի ակտը, կա՛մ բեկանել եւ նոր որոշում կայացնել նրա փոխարեն, այլ ոչ թե ուղարկել նոր քննության։ 

Ասենք, վերաքննիչ դատարանը կարող է որոշում կայացնել՝ Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից կամ հակառակը։ Սա նշանակում է, որ միջանկյալ դատական ակտի դեպքում ավելի մեծ է վերադաս դատարանի պատասխանատվությունը, վերադաս դատարանն է հանդիսանում վերջնական որոշում կայացնողը: Իսկ սա նշանակում է, որ այն չի կարող ձգձգել հարցի լուծումը, մանիպուլացնել կամ իր վրայից գցել այն, չի կարող խուսափել պատասխանատվությունից, գլխացավանքից։    

Անցյալ տարի վերաքննիչ դատարանը՝ հուլիսի 11-ի, եւ վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ սեպտեմբերի 18-ի որոշումներով միջանկյալ ակտերը վերանայելիս իր հնարավորությունների սպեկտրն ընդլայնելու հարցը բարձրացրել էին ՍԴ-ի առաջ։ Սակայն Սահմանադրական դատարանը, հստակ որոշում ընդունելու փոխարեն, իր հերթին էր խուսափել պատասխանատվությունից ու, կոպիտ ասած, ցրել է դատարաններին։ Մի դեպքում հետ է վերադարձրել դիմումը, մյուսում վարույթ է սկսել ու կարճել է։

Եվ ահա՝ վճռաբեկը, օգտվելով այն հանգամանքից, որ ՍԴ-ն «լոլոներ» է գրել, որոշել է յուրովի մեկնաբանելով օրենքը, սեփական ուժերով լուծել այս կնճռոտ հարցը՝ որոշել է,  որ վճռաբեկ դատարանը կարող է գործն ուղարկել նոր քննության։ Այսպիսով, վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հետեւյալն է․ մենք ինչո՞ւ որոշում կայացնենք, այլ կուղարկենք նոր քննության՝ բարդ գործերի պատասխանատվությունը գցելով առաջին ատյանի վրա։

Այսպիսով, առաջին ատյանի գործը, որն առանց այդ էլ քիչ չէր, ավելանում է, իսկ վերադաս դատարանները պատասխանատվությունից խուսափելու նոր հնարավորություն են ստանում։ Իսկ ամենակարեւորն այն է, որ ավելորդ գլխացավանքից կազատվեն Քոչարյանի խափանման միջոց գրավի բողոքարկման ժամանակ։

ՀՀ դատախազությունը, ինչպես հայտնի է, վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ։

Բողոքի քննության ժամանակ վճռաբեկ դատարանի քրեական պալատը կամուկացի մեջ էր հայտնվելու՝ ո՛չ վերաքննիչի որոշումն ուժի մեջ թողնելն է անվտանգ, ո՛չ բեկանելը: Երկու դեպքում էլ որոշում կայացնող դատավորը ընկնելու էր  հարվածների տակ: Եւ ահա, վճռաբեկը գտել է մի երրորդ՝ «ղզիկ» տարբերակ՝ բեկանել, բայց ուղարկել նոր քննության։ Ինչպես ասում են՝ ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ ոչխարները՝ ողջ։

ՀԳ Այս նյութում մենք ներկայացրել ենք Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիրքորոշումը, առաջիկայում կներկայացնենք նաեւ Սահմանադրական դատարանինը, որը հիմնովին տարբերվում է վերը շարադրվածից։

Հ. Գ. Քանի որ հարցն իրոք կարևոր է դատական ակտերի վերանայման և արդար դատաքննության իրավունքի տեսակետից, առաջիկայում կներկայացնենք նաև Սահմանադրական Դատարանի տեսակետը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի «նախադեպային» որոշման շուրջ: