Ընդդիմադիր դաշտում ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում

Ընդդիմադիր դաշտում ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում

Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի և հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին ընդդիմադիր դաշտը բավականին բազմաշերտ է և բաժանված է տարբեր հատվածների։

Մինչ Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմի սկսելը արդեն իսկ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան», արտախորհրդարանական «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հանդես էին գալիս գործող իշխանություններին հեռացնելու կոչով։ 2020-ի սեպտեմբերի 22-ին կուսակցությունները հայտարարոթյամբ էին հանդես եկել, որով համապետական հանրահավաք էին հրավիրել 2020-ի հոկտեմբերի 8-ին, որը սակայն տեղի չէր ունեցել պատերազմի պատճառով։

Իսկ 45-օրյա պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, որը հետագայում պետք է դառնար «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի թեկնածու, հանդես էր եկել հայտարարությամբ։ Մանուկյանն անդրադարձել էր ԼՂ պատերազմի հետևանքով առաջացած ծանր իրավիճակին՝ նշելով, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, իշխանությունը հանձնի ողջ բանակին, իսկ բանակն իր հերթին, ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին։

Իսկ արդեն նոյեմբերի 9-ին (երբ դեռ Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրել կապիտուլյացիայի համաձայնագիրը) 17 կուսակցություն հանդես էր եկել համատեղ հայտարարությամբ։ «Անդառնալի կորուստները [պատերազմի ընթացքում, երբ դեռ հրադադար չէր հաստատվել] կանխելու համար պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը»,- նշված էր հայտարարության մեջ:


Հայտարարության տակ ստորագրած կուսակցություններն էին՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն»,  «Հայրենիք», «Մեկ Հայաստան», «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները։
Նույն օրը Փաշինյանը ստորագրել էր եռակողմ հայտարարության տակ, որով սկիզբ էր դրվել Հայաստանի և Արցախի կապիտուլյացիային։  


Հաջորդ օրը 17 կուսակցությունների անունից կրկին հայտարարություն էր տարածվել, որով նոյեմբերի 11-ին հանրահավաք էին հրավիրել՝ ներկայացնելու «ստեղծված իրավիճակից ելքը»։ Այդ օրը ընդդիմադիր կուսակցությունները պահանջել էին կառավարության հրաժարականը, Նոյեմբերյան համաձայնագրի կետերի վերանայում, հստակեցում՝ նոր բանակցողով։
Նոյեմբերի 12-ին «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով այդ օրը Ռուսաստանի Դաշնությունում էր, հայտարարություն էր տարածել, որ իր ինքը, իր գործընկերները ընդդիմադիր «17 կուսակցությունների» միջոցառումներին չեն մասնակցել և չեն մասնակցելու։ «Պատերազմական գործողությունների դադարեցումն այս պահին անայլընտրանք է։ Համաձայնագրի չեղարկումը նշանակելու է խաղաղապահների դուրս բերում և պատերազմի տեղափոխում ՀՀ տարածք», - նշել էր պատգամավորը, որն այժմ էլ պահանջում է իմքայլական վարչապետի հրաժարականը։ 

Մի շարք հանրահավաքներից, ակցիաներից հետո դեկտեմբերի 3-ին 17 կուսակցությունների խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ժամանակավոր կառավարության ղեկավարի՝ վարչապետի թեկնածու է առաջադրում Վազգեն Մանուկյանին, և ընդլայնում պայքարի ձևաչափը՝ կազմավորելով «Հայրենիքի փրկության շարժում» վերկուսակցական նախաձեռնությունը։

Այդ օրը «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, հարցազրույց տալով լրատվամիջոցներից մեկին, ասել էր, որ տեղյակ չէ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության մասին և չի մասնակցել Մանուկյանի թեկնածության առաջադրման քննարկումներին։

Նույն օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր ժամանակավոր վարչապետի թեկնածու առաջադրելու մասին, որը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ ԼՀ-ն նույնպես անհրաժեշտ է համարում կառավարության հրաժարականը, և ժամանակավոր կառավարության ներքո արտահերթ ընտրությունների անցկացումը։

Սրան հաջորդած ժամանակահատվածում ընդդիմադիր դաշտն ավելի բյուրեղացավ, և ընդգծվեցին ընդդիմադիր տարբեր ճամբարները, որոնք բոլորն էլ պահանջում էին կառավարության ու նրա ղեկավարի հրաժարականը՝ հաշվի առնելով Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ճգնաժամային և վտանգավոր իրավիճակը։

Դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության մասին, որի ներկայացնում են «Ռեֆորմիստների» (Վահան Բաբայան), «Սահմանադրական իրավունք միություն» (Հայկ Բաբուխանյան), «Ազգային միաբանություն» (Արտաշես Գեղամյան), , «Արդարություն եւ բարգավաճում» (Գայ Պետրոսյան) կուսակցությունները, Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանը։ Նախաձեռնությունը նույնպես պահանջում է կառավարության հրաժարականը, բացի այդ, առաջարկում է Ռուսաստանի և Բելոռուսի հետ Միութենական պետության ստեղծում՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակը։

Միութենական պետության ստեղծելու անհրաժեշտության մասին դեկտեմբերի 26-ին հայտարարել էր նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նա կարծում է, որ այն անհրաժեշտ է «պատերազմից հետո առաջացած խնդիրների հնարավորինս սեղմ ժամկետներում լուծման համար»։

2021-ի հունվարի 21-ին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարություն տարածեց, որ կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»։ ««Հայրենիքի փրկության շարժման» հիմնական  «առաքելությունը» ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև (Նիկոլ Փաշինյանը սիրով խոնարհվեց Պուտինի առաջ, որովհետև նրան հետաքրքրում է բացառապես սեփական աթոռի պահպանումը)։ Նման դաշինքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը անելիք չունի։ […] «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կհասնի Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացմանը բոլոր լեգալ քաղաքական ճանապարհներով՝ «Հայրենքի փրկության շարժումից» դուրս»,- հայտարարել էր Սուրենյանցը։

Մեկ այլ ընդդիմադիր թև է «Ազգային - ժողովրդավարական բևեռ» նախաձեռնությունը, որի նախաձեռնող խմբի անդամներն են՝ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, «Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանը։ Այս նախաձեռնությունը նույնպես պահանջում է կառավարության հրաժարականը։ 

Մեկ այլ թև է իրենից ներկայացնում «Ազգային առաջընթաց» (Հայկ Գրիգորյան) «Ազգային ինքնորոշում» միավորում (Պարույր Հայրիկյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Պետրոս Մակեյան), «Հայ կառուցողական» (Անդրիաս Ղուկասյան), «Հայրենիք և պատիվ» (Գառնիկ Մարգարյան), «Հայք»/«Հայկազուններ» (Արտյոմ Խաչիկյան), «Պահպանողական» (Միքայել Հայրապետյան) կուսակցությունների համագործակցութունը։ Հունվարի 19-ին «Հրապարակի» հետ զրույցում «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանն ասել էր, որ անհնար էր համար թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Վազգեն Մանուկյանի վարչապետության ներքո թափանցիկ ընտրությունների իրականացում, քանի որ երկուսն էլ «ուզում են այդ անցումային շրջանում ղեկավարել կառավարությունը զուտ վարչական ռեսուրսին տիրապետելու և իրենց քաղաքական ուժերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»։ Այս կուսակցությունների համագործակցությունը նախընտրական կոնսուլտացիաների մեջ է տարբեր ուժերի հետ՝ մասնավորապես «Ժառագություն», «Ազգային – Ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության հետ։ 


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների քայլերը նույնպես հստակեցնելու անհրաժեշտություն կա։ Քոչարյանը դեռևս 2018-ին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ 2020-ի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիք» ՀԸ-ին տված հարցազրույցում կոչ էր արել մասնակցել «Հայրենիքի փրկության շարժման» հավաքներին։ Իսկ արդեն 2021 թվականի հունվարի 19-ին երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել մեկնաբանել շարժման գործողությունների օրակարգը։ «Իրենք իրենց օրակարգն ունեն։ Ես չեմ ուզում մեկնաբանել այդ ամեն ինչը։ Ճիշտ էլ չեմ համարում»,- նշել էր կրտսեր Քոչարյանը։ Այս ամենից հետևում է, որ ընդդիմադիր դաշտի այս թևի գործողություններում էլ հստակեցման կարիք կա։

Դեռևս պարզ չէ, թե ինչ քայլերի կդիմեն «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունները։ 

2020-ի դեկտեմբերի 6-ին ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ կոչով։ «Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»,- նշել էր Տեր-Պետրոսանը: Այդ կոչով նա միևնույն ժամանակ քննադատել էր հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի՝ Փաշինյանին «զոռով» հեռացնելու ելույթը։ Իսկ թե քաղաքական զարգացումներում կոնկրետ ինչ դիրքավորում կընտրի ՀԱԿ-ը, դեռ հստակեցնելու կարիք կա, քանի որ կուսակցության հետ փոխկապակցված Գագիկ Ջհանգիրյանը երեկ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ Անահիտ Ավանեսյանը հունվարի 18-ին նշանակվել է Առողջապահության նախարար։ Հատկանշական է նաև, որ դեռևս 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը քաղաքական դաշտի առանցքային միավորումներից էր՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

«Քաղաքացու որոշում» կուսակցության քայլերի մասով էլ դեռ հստակեցնելու բաներ կան։ Կուսակցությունը նախկինում նույնպես անհրաժեշտ էր համարում արտահերթ ընտրությունների անցկացումը և ժամանակավոր կառավարության ձևավորումը՝ չեզոք ղեկավարի գլխավորությամբ։ Հունվարի 21-ին «Հրապարակին» տված հարցազրույցում ՔՈ ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանն ասել էր, որ կուսակցությունը միշտ պատրաստվում է ընտրությունների։ «Առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ դեռևս չունենք կուսակցության որոշում։ Նշեմ, որ մեզ մոտ այդպիսի որոշում կայացնելը կախված չէ միայն կուսակցության Գործադիր մարմնից, այն ենթադրում է կուսակցության մյուս անդամների ներառողական մասնակցությունն ու նրանց դիրքորոշումը»,- նշել էր նա։