Բա որ կինդ մեռնում է, խի՞ ես բերել էստեղ, տար, թող տանը մեռնի

Բա որ կինդ մեռնում է, խի՞ ես բերել էստեղ, տար, թող տանը մեռնի

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ, 10 զավակի հայր եւ զինծառայող Ալբերտ Հարությունյանը վրդովված է բժիշկների վերաբերմունքից։ Նա իր հղի կնոջը տարել է «Մարտակերտ ԲԿ» շրջանային բուժմիավորում, քանի որ կինն իրեն շատ վատ է զգացել, ասել է, որ բժշկի հետազոտման կարիք ունի։ Իմանալով, որ բժիշկն այնտեղ չէ, խնդրել է վերջինիս հեռախոսահամարը: Սակայն գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը, որը բուժող բժշկի ամուսինն է, գռեհիկ պատասխան է տվել հղի կնոջ ամուսնուն, թե «ժամին նայե՞լ ես, որ հեռախոսահամար ես ուզում»: Ի պատասխան՝ Հարությունյանն ասել է, որ կինը շատ վատ է, ցավից մեռնում է, Օհանյանը, ըստ Ալբերտ Հարությունյանի, պատասխանել է․ «Որ մեռնում է, խի՞ ես բերել, տար տուն՝ թող ընդեղ մեռնի»:

Մեզ հետ զրույցում Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից։ «Կինս պետք է 10-րդ երեխան ունենար, բերել եմ իրենց մոտ։ Մեր ժամից շուտ էր, էլի, առավոտ շուտ էր, ես հերթապահ մասից հեռախոսի համար ուզեցի, ասացի, որ իր բժշկի հետ եմ ուզում խոսել, որովհետեւ կինս հղի է, ուրիշ հիվանդություններ էլ ունի եւ իրեն վատ է զգում։ Ինձ մուննաթով ասացին՝ չե՞ս տեսնում ժամը քանիսն է, ասում եմ՝ քույր ջան, ժամն ի՞նչ կապ ունի, թողնենք հիվանդն էստեղ մեռնի՞, հետո՞ ինչ, որ ժամը շուտ է։ Այդ պահին դուրս է գալիս գլխավոր բժիշկ Օհանյան Գագիկը (նա նաեւ տնօրենն է՝ Կ․ Ս․), ասում է՝ ի՞նչ է եղել, ասում եմ՝ ցավերը բռնել են, թողնենք էստեղ մեռնի՞, պատասխանեց․ «Որ պետք ա մեռնի, խի՞ ես բերել էստեղ, տար՝ թող տանը մեռնի, բերել ես էստեղ, որ ի՞նչ անես»։ Սա գլխավոր բժշկի խոսքերն են»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը մեկ այլ դեպք էլ պատմեց՝ կապված Գագիկ Օհանյանի հետ․ «2 օր առաջ էլ Գագիկ Օհանյանը միջնեկ աղջկաս՝ 17 տարեկան երեխային, կանչում է իր աշխատասենյակ ու ասում՝ «գիտես, չէ՞, որ մերդ չարորակ ռակ ա»։ Պատկերացնո՞ւմ եք, դա էդպես բաց տեքստով, նույնիսկ ամուսնուն չեն կարողանում ասել, որ նման հիվանդություն կա, էդպես կանչում է երեխիս, ճակատին շրխկացնում, երեխաս էլ լացում է։ Հետո երեխայիս ասել եմ, որ այդպիսի բան չկա, ո՞նց կարելի է երեխային նման բաներ ասել»։ Զինծառայողը նշեց, որ իր կինն ամենեւին էլ քաղցկեղով հիվանդ չէ։ Հարությունյանը պատմեց, որ «Մարտակերտ» ԲԿ-ից նման վերաբերմունքի արժանանալուց հետո կնոջը տարել է Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ կինը բարեհաջող ծննդաբերել է։ Նաեւ նշեց, որ բողոքով դիմել է Արցախի առողջապահության նախարարությանը։ «Կնոջս մի կերպ հասցրել եմ Ստեփանակերտի հիվանդանոց ու միանգամից մտել եմ նախարարություն։ Նախարարությունում բողոք եմ արել, ինձ ասում են՝ լավ, պետք չի էդպես ջղայնանալ։ Ասում եմ՝ ո՞նց չջղայնանամ, կնոջս ցավերը բռնած, ես իմ մեքենայով բերում եմ, բա որ ճամփին մի բան լիներ, պատասխանն ո՞վ էր տալու։ Ես էլ զինծառայող եմ, իմ զորամասի հրամանատարն ինձ զորավարժությունից ազատում է, ասում է՝ գնա, շուտ հասիր։ Ես զորավարժությունը թողում եմ, որ հիվանդին օգնություն ցուցաբերեմ, դու՝ գլխավոր բժիշկ, ինձ ասում ես՝ տար տուն, թող մեռնի՞»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ինքը չի պատրաստվում բավարարվել զուտ նկատողությամբ, եւ նշում է, որ Գագիկ Օհանյանը մեծահարուստ է, բիզնեսով է զբաղվում նաեւ, նրա ընտանիքը խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ ունի, ուստի իրենց մյուսներից առավել ապահովված են զգում ու պաշտպանված։

Մենք փորձեցինք լսել նաեւ տեղի ունեցածի վերաբերյալ Գագիկ Օհանյանի տեսակետը, զանգահարեցինք «Մարտակերտ» ԲԿ, սակայն ընդունարանի աշխատակիցն ասաց, որ տնօրենը տարածքում չէ։ Խնդրեցինք բջջային հեռախոսահամար տրամադրել, որով Օհանյանի հետ փորձեցինք կապվել ժամեր շարունակ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Հաջորդ օրը եւս մեր բազում փորձերից հետո տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց։