Խաղաղությունը միակողմանի լինել չի կարող

Խաղաղությունը միակողմանի լինել չի կարող

Երևանյան փողոցներում ու հրապարակներում հինգուկես տարի առաջ տրտինգ տվող երբեմնի «դուխով» Նիկոլը վերածվել է «խեղճ հարիֆի»: Չբավարարվելով «դուխով» մականվամբ՝ 2019-ի նոյեմբերի վերջին Իտալիայի հայ առաքելական (թե՞ կաթողիկե) եկեղեցում ինքն իրեն Հիսուս պատկերացնող Նիկոլը անցած տարեվերջին արգելում է հանրայինով հեռարձակել Հիսուսի երկրային աթոռապահներից մեկի տարեմուտի ուղերձը: 2020-ի օգոստոսին Սարդարապատում նշվող՝ տարածաշրջանի լավագույն բանակն, իր ընտանիքի ասելով, վերածվել է «դասալիքների բանակի»: Իսկ դրա գլխավոր հրամանատարն էլ կողքանց դիտողի: «Արցախը Հայաստան է և վերջ» գոչող Նիկոլն, ի վերջո, լուծել է Ղարաբաղյան խնդիրը՝ հայաթափելով Արցախը:

Դժբախտաբար, նիկոլական փոխակերպումները փոխակերպեցին նաև Հայաստանը: Նախքան Նիկոլին վարչապետ կարգելն իրոք հպարտ քաղաքացիների մեծամասնությունը վերածվեց վերջինիս գլխավորությամբ մանկուրտների և խեղճերի զանգվածի: Որոնք ցանկանում են միայն մի բան՝ «թողեք հանգիստ ապրենք»: Ինչը քաղաքականության լեզվով նշանակում է ազգային արժանապատվությունից զուրկ պարտվողական խաղաղության ջատագովության: Իսկ, ինչպես հայտնի է, պարտվողական քաղաքականության իրականացման պարագայում հանգիստ ապրելը թույլատրվում է միայն այն աշխարհում:

Վերադառնանք «մեր» Նիկոլին: Թշնամանալով Հայաստանի իրական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ՝ Նիկոլը ձեռք բերեց Եվրամիության բարեհաճությունը: Արցախը թշնամուն հանձնելուց հետո արցախցինների առաջնային կարիքները հոգալու նպատակով ԵՄ-ից ստացավ 50 միլիոն եվրոյի աջակցություն: Դրա մասին ասված ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի՝ «Հայաստանին և պայծառ հայ մարդկանց» ուղղված ամանորյա ուղերձում: Դրանում նշվում է նաև մոտալուտ 110 միլիոն եվրոյի ներդրումների մասին: Մարդ մնում է բացականչի՝ «Ականջդ կանչի, Ալեքսանդր Գրիգորևիչ, քո միջոցով Իլհամը պատրաստ էր Արցախը հանձնելու դիմաց ՀՀ երրորդ նախագահին, որին որոշ ժամանակ անց ազգովի մերժեցինք, փոխանցել 5 միլիարդ դոլար, իսկ «պողպատե մանդատով թավշյա» Նիկոլին տվեցին ընդամենը 50 միլիոն եվրո»: Չմոռանամ ավելացնել, որ ուղերձում դեսպանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը միմյանց հետ կապված են ընդհանուր քաղաքական արժեհամակարգով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ»: Բա՜ ...

Դեսպանի ասելով, ԵՄ-ն «էապես նոր մակարդակի կբարձրացնի անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը»: Թե դա ինչպես է արտահայտվելու՝ տեղյակ չեմ: Եթե, իհարկե, հաշվի չառնենք ֆրանսիական մի քանի զրահամեքենաներն ու ՀՕՊ կայանքները: Դրան գումարած՝ ԵՄ-ի հետ կապ չունեցող՝ հնդկական հրթիռների մի քանի կայանքները: Իսկ թշնամի երկիրն, օրինակ, 2024-ին ռազմական արտադրության մեջ ներդնելու է շուրջ 600 միլիոն դոլար։ Որպեսզի Հայաստանի նկատմամբ, ըստ դրա ղեկավարի, «անեն այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Եվ շարունակեն անել այն, ինչ անում էին նախկինում»։ Որպեսզի, Իլհամի ասելով, «Հայաստանի ղեկավարությունը հետևություններ անի պատմության այս դասերից և վարվի այնպես, որպեսզի չհրահրի իրենց զայրույթը»: Այսինքն, բաց տեքստով Իլհամը շարունակում է վիրավորել ու սպառնալ Նիկոլին ու մեզ բոլորիս:

Իսկ ի՞նչ է դրան հակադրում Նիկոլի իշխանությունը՝ բացի մի քանի ֆրանսիական ու հնդկական ռազմական միավորներից: Ընդամենը պարտվողական խաղաղություն և մեկ էլ ԵՄ դեսպանի ամանորյա ուղերձում նշված ինչ-որ խոստումներ: Ի դեպ, ինչպես արձանագրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը»։ Իսկ խաղաղությունը, ինչպես գիտենք, միակողմանի լինել չի կարող: