Եվրոպական փողեր եւ ոչ մի հստակություն

Եվրոպական փողեր եւ ոչ մի հստակություն

Արեւելյան գործընկերության երկրների համար Եվրամիությունն աջակցության մեծ ծրագիր է նախատեսել, որի մի մասը երկրներին կտրվի նվիրատվության տեսքով, մյուսը՝ վարկերի: Ընդհանուր առմամբ՝ 17 մլրդ եվրո ներդրում է կատարվելու: 

Հայաստանն այս գումարից ստանալու է 2,6 մլրդ դոլար: Ավելի վաղ, Բրյուսելում հուլիսի 2-ին ներկայացված փաստաթղթով հայտարարվել էր, որ ԵՄ-ն 1.6 մլրդ եվրոյի ներդրումներ է իրականացնելու Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանի բաժինն ավելացրին 1 մլրդ-ով: Ուկրաինայի բաժինն այս «եվրոգաթայից» կլինի 1,94 մլրդ, Մոլդովայինը՝ 1,63 մլրդ, Բելառուսինը՝ մոտ 900 մլն, իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ամենափոքր աջակցությունը կստանա՝ ընդամենը 140 մլն եվրո։ 
Ամենամեծ բաժինը տրամադրվելու է Վրաստանին՝ շուրջ 4 միլիարդ եվրոյի օգնություն՝ հետհամաճարակային փուլում տնտեսական զարգացումը խթանելու եւ բնակչության սոցիալական պայմանները բարելավելու նպատակով։ Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով ներկայացնելով նախագիծը՝ չէր թաքցրել իր ժողովրդից, որ գումարի մի մասը վարկ է: 

«Դրա ընդհանուր ծավալը կազմելու է 3 միլիարդ 900 միլիոն եվրո, որից 1 միլիարդ 175 միլիոնը Վրաստանին կփոխանցվի դրամաշնորհի, մնացածը՝ վարկի տեսքով»,- հայտարարել էր Վրաստանի վարչապետը: 

Հայաստանի կառավարությունն առայժմ չի հայտնում, թե այս գումարի որ մասն է վարկ հանդիսանալու, այսինքն՝ ավելացնելու է ՀՀ առանց այդ էլ ռիսկային չափերի հասած արտաքին պարտքը: Հայաստանի պետական պարտքը, ընդհանուր առմամբ, 2020 թվականին կազմել է 7 մլրդ 969 մլն ԱՄՆ դոլար՝ կազմելով ՀՆԱ-ի 63,5 տոկոսը: Ինչի՞ վրա է ծախսվելու գումարը՝ սա եւս հարց է, որի մասին առայժմ մոտավոր պատկերացում ունենք: 

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, կոնկրետացրել է հինգ ուղղություն՝ պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդում, «Հյուսիս-հարավ» մայրուղու եւ աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման եւ նորարարության խթանում, Երեւանի զարգացում՝ որպես կանաչ եւ խելացի քաղաք: 

Մենք զրուցել ենք Մհեր Գրիգորյանի հետ: 

- Պարոն Գրիգորյան, այս 2,6 մլրդ եվրոյի ո՞ր մասն է վարկ, ո՞ր մասը՝ նվիրատվություն: 

- Դա ավելի հստակ կլինի կոնկրետ ծրագրերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու եւ իրականացնելու ընթացքում: Այս փուլում սահմանումը հետեւյալն է՝ որ համագործակցության շրջանակներում մեզ կտրամադրվեն ֆինանսական գործիքներ, որոնք են՝ անհատույց դրամաշնորհը, արտոնյալ վարկերը, վարկերի համաֆինանսավորումը եւ երաշխիքները: 

- Բանկայի՞ն երաշխիքներ: 

- Անունը «բանկային» չդնենք, որովհետեւ տվյալ դեպքում կարող է նաեւ սուվերեն վարկ լինել: 

- Այսինքն՝ որքանո՞վ է ավելանալու պետական պարտքը, մենք դեռ չե՞նք կարող ասել: 

- Պետական պարտքի խնդիր չեմ կարծում, որ կա, կամ իմաստ ունի այս փուլում քննարկել ընդհանրապես, որովհետեւ նախեւառաջ չի բացառվում, որ դրամաշնորհային եւ անհատույց գործիքների բաղադրիչը շատ մեծ լինի, եւ երկրորդը՝ արդեն երբ որ կոնկրետ ծրագրեր կհամաձայնեցնենք, յուրաքանչյուր ծրագիր իր մասով այդ տեղեկատվությունը հստակ կպարունակի: Բնականաբար, մեր ձգտումը լինելու է, որ մաքսիմալ շատ լինի անհատույց ֆինանսական գործիքների բաղադրիչը կոնկրետ ծրագրերի մեջ: 

- Ձեր հայտարարած ուղղություններին՝ Սյունիքի դիմադրողականության բարձրացում, «Հյուսիս-հարավ» մայրուղու, ենթակառուցվածքների կառուցում, ԵՄ-ն համաձա՞յն է:

- Այո, այդ հինգ ուղենիշները, որոնք ես հայտարարել եմ, այլեւս համաձայնեցված ուղղություններ են՝ մեր համագործակցության: 

- Իսկ ի՞նչ է նշանակում «Սյունիքի դիմադրողականության ամրապնդում»-ը, դա ենթադրո՞ւմ է ենթակառուցվածքների ստեղծում, ի՞նչ:  

-  Սոցիալ-տնտեսական եւ կրթական, առողջապահական ցանկացած ծրագիր կլանվում է այդ սահմանման մեջ: 

- Այդ դեպքում ինչո՞ւ միայն Սյունիքի: 

- Եթե չեմ սխալվում, ըստ սահմանման՝ հարավային մարզեր է գրված, կարծում եմ, որ այնտեղ մասնավորապես ներդրումների ծավալը պետք է ավելի մեծ լինի, որովհետեւ նույն ենթակառուցվածքների մասով անելիքներն ավելի շատ են: 

- Մեր կառավարությունը եվրոպացիներին առաջարկելու կոնկրետ ծրագրեր ունի՞, որ ներդրումները դրանց համար արվեն: 

- Հիմա ինտենսիվ դրա վրա ենք աշխատում: Կարծում եմ, այս փուլում ճանապարհային քարտեզ կունենանք, որով ավելի կկոնկրետացնենք անելիքները: Հետո արդեն այդ ամենը պետք է թղթակցվի մեր բյուջեի, կառավարության ծրագրերի, բյուջեով նախատեսված, այլ դոնորների հետ իրականացվող ծրագրերի հետ՝ օրինակ, Հյուսիս-հարավի: Այսինքն՝ գաղափարը պետք է ինկորպորացնենք մեր ընդհանուր անելիքների հետ: 

- Գյուղատնտեսությունը նայվելո՞ւ է, ներառվելո՞ւ է, թե՞ ոչ: 

- Գյուղատնտեսության ոլորտում մենք, այսպես թե այնպես, ունենք ծրագրեր: Բնականաբար, այս համագործակցության շրջանակում ե՛ւ եղած ծրագրերն ընդլայնելու հնարավորություն կունենանք, ե՛ւ նոր ծրագրեր իրականացնելու: Գյուղատնտեսությունը կա հա՛մ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության» հատվածում, այսինքն՝ այդ սահմանումը կլանում է գյուղատնտեսությունը, կա նաեւ հարավային մարզերի զարգացման հատվածում: Անպայման կա գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ խելացի գյուղատնտեսությունը, կաթիլային ոռոգումը:  

Այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե արդյոք կառավարությունը գիտի՞, թե ինչ է անելու եվրոպական փողերի հետ, արդյոք ունի՞ տնտեսությունը փոսից հանելու լուրջ ծրագիր՝ վարչապետի սեղանին դրված, որի համար վերջինս գիշերները չի քնում ու որն առաջարկում է նման դեպքերում: Հայաստանի առաջնահերթությունները ինֆրաստրուկտուրան է՝ դեպի հարավ, դեպի հյուսիս, ենթակառուցվածքները, որոնց համար գումար հայթայթելն ամենաբարդն է: Մինչդեռ պաշտոնապես հաստատված նման ծրագիր մենք չունենք: Միակը հին ու չարչրկված Հյուսիս-հարավն է, որի կառուցման հետ կապված համաձայնությունը, եթե հավատանք փոխվարչապետի պաշտոնակատարին, հստակ է:

Ստացվում է, որ մենք կարող ենք «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին շարունակել դեպի Իրան: Սա նորություն է այն իմաստով, որ մինչեւ վերջերս մենք ինչ «դեմ էինք տալիս» ֆինանսավորման համար, Եվրոպան ասում էր՝ քաղաքական առումով նպատակահարմար չէ, չնայած մեզ հենց դա էր պետք: Մնում է, որ գումարների տրամադրման պայմաններում չլինեն պարտադիր կետեր՝ եվրոպացի մասնագետներին ինչ-որ անիմաստ խորհրդատվությունների, այլ ծառայությունների համար վճարելու վերաբերյալ, որի արդյունքում տրամադրված գումարների առնվազն կեսն ինչպես տալիս էին, այնպես էլ հետ էին առնում, հետո էլ ասում էին՝ փողը վերջացավ: Մեկ էլ՝ որ էկոնոմիկայի նախարարը թեւի տակ չդնի ու բերի օդից բռնած անիմաստ ծրագրեր: Օրինակ, ջերմոցների զարգացման, երբ երկրում վարունգի գերարտադրություն է, գյուղացու բերքը չենք կարողանում գնել, կամ նոր ոռոգելի հողերի ծրագիր, երբ հինը չենք կարողանում ոռոգել, կամ կաթիլային ոռոգման ծրագիր, որն անհատակ տակառ է պետության համար: Փողը տալիս-տալիս են, օգուտ չկա: