Ինչ է հետաքրքրում մարդկանց մեդիասպառման առումով

Ինչ է հետաքրքրում մարդկանց մեդիասպառման առումով

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ այս տարվա հունիսի 23-ից հուլիսի 9-ը տասնութ տարեկանից բարձր 1200 անձանց շրջանում անցկացվել է հարցում՝ հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի վերաբերյալ։ Այսօր ներկայացվել են ուսումնասիրության արդյունքները։ Սխալների հավանականությունը +- 2․8 տոկոս է։ Հարցումն իրականացնողներից Դանիել Իոաննիսյանը նշեց, թե սոցիալական ցանցերից առավել վստահություն են ներկայացնում պաշտոնյաների լայվերը, ոչ թե սովորական գրառումները։

Հարցման արդյունքները ներկայացնելիս նախաբանում բանախոսը նշեց, թե ինչու են անցկացրել հարցումը՝ ասելով, որ Հայաստանի մեդիադաշտում հեղափոխությունից հետո արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, և, հետևաբար, ոչ պակաս հեղափոխական փոփոխություններ կան մեդիայի սպառման հարցում։ Նա նշեց, որ իրենց շատ կարևոր էր հասկանալ միտումները ճշգրիտ թվերով․ ինչպես է սպառվում մեդիան, որ հանգամանքներն են ազդում մարդկանց կարծիքի վրա ավելի շատ կամ քիչ, որ հատվածն է առավել տեղեկացված, որ հատվածներն են առավել գրագետ` ըստ սոցիալական սեռատարիքային խնդիրների, ինչպես նաև՝ հասկանալ, թե տեղեկատվության սպառման և տարածման հարցում ինչով են քաղաքացիներն առաջնորդվում, որ քաղաքացիներն ունեն ավելի բարձր մեդիագրագիտություն, որոնք սատարում են իշխանությանը, արևմտյան կուրսի՞ն, թե՞ պրոռուսական կուրսի կողմնակիցները։

Եվ այսպես․ հարցին, թե ինչ տեղեկատվություն է հետաքրքրում, հարցվածների հիմնական մասը նշել է՝ ներքին քաղաքական անցուդարձը։ Հետո արդեն՝ մշակութային, երաժշտական, զվարճանքային և այլն։ Ըստ տարիքային խմբերի պատասխանների բաշխվածոթյունը․ երիտասարդներին ավելի շատ հետաքրքում են երաժշտական նորությունները, ինֆորմացիան, իսկ որքան խմբի տարիքը մեծանում է, այնքան ավելի շատ հետաքրքրում են արտաքին, ներքին քաղաքական թեմաները։

Իսկ տեղեկատվության հիմնական աղբյուրները համացանցն ու հեռուստատեսությունն են,  հետո՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ռադիո, հարևաններ, տպագիր թերթեր։ Իսկ ըստ լեզուների՝ նախապատվությունը տրվում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։ Ի՞նչ են անում մարդիկ այդ տեղեկատվության հետ։ Հիմանականում պասիվ սպառողներ են, ընդունում են ի գիտություն։