Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ազատ է արձակվել

Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ազատ է արձակվել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց նրա շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանը։ 
Նրա խոսքով՝ գրավի չափը 25 միլիոն դրամ է․ խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ․ իրենք բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել  առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։