Էխ, Դանի, Դանի, տենց էլ չհասկացար իրավապաշտպանությունն ինչ է

Էխ, Դանի, Դանի, տենց էլ չհասկացար իրավապաշտպանությունն ինչ է

Առավոտ բարլուսով մտնում եմ ֆեյսբուք՝ տեսնեմ ինչ է կատարվում, ինչ նորություն կա մեր աշխարհում, մեկ էլ հոպ՝ Դանիի ստատուսն է դեմս «հելնում»։ Կարդում եմ․

«Սա խենթանոց է, որը վերջին օրերին սաստկացել է
Նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները նախաքննական մարմնից ստանալով և դրան հղում անելով հրապարակելը որակվում է որպես անմեղության կանխավարկածի խախտում: 
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է, որ կարող է գնահատել, թե ինչն է անմեղության կանխավարկածի խախտում, իսկ ինչը՝ ոչ:
Մեկը, որ 3 տարի գլխավոր դատախազ է եղել, իսկ հետո «մարտի 1-ի» գործով հարցաքննվել ու բան չի պատմել, հիմա հետախուզման մեջից հայտարարում է, որ կարող է օգնել «մարտի 1-ի» գործի բացահայտմանը, եթե իշխանությունները իր համար շոու սարքեն:
Էլ չասեմ, թե ոնց են մանր ու խոշոր գողերը պահի տակ «քաղհալածյալ» դառնում, արյունարբու մարդասպաններին ու թալանչիներին ծառայողները՝ «քաղաքացիական ակտիվիստ», իսկ ամեն տեսակի սուտ խոսողները՝ «լրագրող»: Լավ, սա վերջ ունի՞»։

Այ սենց իմաստուն մտքեր է հայտնել մեծն սահմանադրագետ, ընտրական եւ ուրիշ տեխնոլոգիաների գիտակ Դանին՝ Դանիել Իոաննիսյանը մեր ժամանակների մասին։ Ու մի 180 «հորթ» էլ լայքել են էս ստատուսը։

Ու ոչ մեկը էս տղուն չի բացատրել, որ դու իրավապաշտպան ես քեզ կոչել ու էսքան տարի մեր «գլուխը հարթուկել», բա քեզ փող տվող դոնորներդ չեն բացատրե՞լ, որ իրավապաշտպանը պետք է բոլորի իրավունքները պաշտպանի՝ անկախ սեռից, ազգային ու կրոնական պատկանելությունից, հայացքներից, նույնիսկ՝ անկախ իր կատարած հանցանքից։ Իսկ եթե դու դեռ դատավճիռը չտեսած մարդուն «արյունարբու մարդասպան ու թալանչի» ես ասում, իսկ նրանց պաշտպանողների մասին «քաղակտիվիստ»՝ չակերտների մեջ, ուրեմն էսքան տարի քեզ իզուր են միջազգայինները փող տվել։

Ուրեմն դու լավ չես հասկացել, չէ՝ առհասարակ չես հասկացել, իրավապաշտպանն ով է եւ ինչով է զբաղվում։ Ուրեմն դու մարդկանց պաշտպանել ես՝ ելնելով իրենց հայացքներից ու քաղաքական պատկանելությունից։ Էդ դեպքում՝ հարց է առաջանում․ երբ որ պաշտպանում էիր սեռական փոքրամասնություններին, ի՞նչ տեսանկյունից էիր պաշտպանում, որովհետեւ սիրո՞ւմ էիր իրենց, կարեկցո՞ւմ էիր, խրախուսո՞ւմ էիր, ուզում էիր անարգել գործեն ու բազմանա՞ն։ Բա մենք էլ գիտեինք, թե ուղղակի գեյերն էլ մարդ են՝ անկախ իրենց սեռական կողմնորոշումից, դու էլ իրավապաշտպան ես՝ անկախ ու անաչառ, եւ պաշտպանում ես, որովհետեւ բոլոր մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել, այդ թվում՝ գեյերի։ Բա ոնց եղավ, որ տարբել կասկածելի խմբերի իրավունքները պաշտպանում էիր, հիմա չես հասկանում, որ կա արդար դատաքննության իրավունք, անմեղության կանխավարկած, փաստաբան ու իրավապաշտպան ունենալու իրավունք։ Հիմա դու ո՞վ ես՝ ըստ նպատակահարմարության մարդու իրավունքներ ու դեմոկրատական արժեքներ պաշտպանո՞ղ, թե՞ քաղաքական պատվեր կատարող։

Ու որ գրում ես «ամեն տեսակի սուտ խոսող լրագրող» է կոչվում, ո՞ւմ նկատի ունես՝ կարո՞ղ է նախկին լրագրող ու այսօր լրագրողներից առավել շատ սուտ խոսող Նիկոլ Փաշինյանին, որի ստերը մեկ-մեկ քո ֆիպ-ն էլ է բռնում։ Բա եթե երկրիդ վարչապետը պարբերաբար բռնվում է ստերի վրա, ինչի՞ չես համարձակվում գրես՝ «սա խենթանոց է, որովհետեւ վարչապետն է սուտ խոսում», փոխարենը «թռնում ես» լրագրողների դեմքին։ Բա վերեւից սկսիր, արդար ու օբյեկտիվ եղիր։ Թե՞ դուխդ հերիքում է մենակ Գեւորգ Կոստանյանին «կպնելու» համար, այն էլ՝ առանց անունը նշելու։

Սահակ Ղուկասյան