Առաջին «ողջույնը»՝ Ստրասբուրգից

Առաջին «ողջույնը»՝ Ստրասբուրգից

Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը սկսում է տեղափոխվել միջազգային հարթակներ: Մասնավորապես, փետրվարի 1-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես եկան հատուկ հայտարարությամբ: Անհանգստություն հայտնելով վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահի միջեւ առաջացած լարվածությունից՝ համազեկուցողները հատուկ ընդգծում են, որ «վերահսկողությունն ու փոխզսպումն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության եւ հարգվեն գործով ու բառերով՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ»: Հատուկ նշվում է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Եվ այնուհետեւ. «Համաձայն եվրոպական ստանդարտների, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամ կենսաթոշակը պետք է լինի խիստ կամավոր, եւ պետք է հարգվի այդ սկզբունքը: Որպես համազեկուցողներ՝ մենք ուշադիր հետեւելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս սկզբունքին համապատասխան»:

Ասված է բավականին պարզորոշ, բայց, այդքանով հանդերձ, Հայաստանի խորհրդարանի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, ամեն ինչ մանիպուլացնելու սովորության համաձայն, հերթական անգամ փորձում են էշը սայլից առաջ դնել: Ինչ մեկնաբանություններ ասես որ չարվեցին հայտարարության շուրջ, մասնավորապես՝ այն կոնտեքստում, որ դա ուղղված է ոչ թե կառավարությանը, այլ՝ ՍԴ-ին: Մնում էր միայն հայտարարել, որ արդեն ԵԽԽՎ-ն է պահանջում Հրայր Թովմասյանի հրաժարականը: Մինչդեռ իրականում սա առաջին լուրջ ահազանգը պետք է լինի Փաշինյանի կառավարության համար: Հայաստանը 19 տարի Եվրախորհրդի անդամ է, նույնքան ժամանակահատված ներկայացված է ԵԽԽՎ-ում: Կան շատ հստակ պարտավորություններ՝ եվրոպական իրավական նորմերի շրջանակներում, որոնք անտեսել կամ այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Հայաստանը, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ շարունակում են մնալ ԵԽԽՎ մոնիթորինգի տակ: Ի՞նչ է սա նշանակում: Այն, որ հիշյալ պետությունները, լինելով Եվրախորհրդի լիիրավ անդամ, միաժամանակ շարունակում են համարվել անցումային ժողովրդավարության երկրներ: ԵԽԽՎ մոնիթորիգը, ըստ էության, վերահսկողական գործառույթ է, որպեսզի կայացած ժողովրդավարություն չունեցող պետությունները չշեղվեն համընդհանուր եվրոպական նորմերից եւ չափորոշիչներից: Իսկ նրանք, ովքեր շեղվում են, բնականաբար, ենթարկվում են համապատասխան ճնշման եւ պատժամիջոցների: 

Հիմա Ստրասբուրգից Հայաստանի կառավարությանը հասկացնում են, որ խորհրդարանական վերջին ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդի հնչեցրած դրական գնահատականն ամենեւին էլ ապագա սխալների ինդուլգենցիա չէ՝ գալիք 5 տարիների կտրվածքով: Եթե անգամ ներկա իշխանությանը հաջողվել է անցկացնել նախորդների համեմատ կոպիտ խախտումներով աչքի չընկած, քիչ թե շատ տանելի ընտրություններ, դա դեռ չի նշանակում, որ կարելի է թքել բոլոր եվրոպական իրավական նորմերի վրա ու, մկրատն առած, ըստ հայեցողության վերաձեւել պետական համակարգը: Այդպիսի գործողություններ ձեռնարկող իշխանություններին Ստրասբուրգում իրենց տեղը ցույց տալու ձեւը գիտեն եւ ինչ-որ փուլում չեն հապաղի այն կիրառել:

Հայաստանը, հաստատ, Ռուսաստանից ավելի քաշով պետություն չէ, բայց ռուսական պատվիրակությունը մոտ 5 տարի զրկված էր ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Եվ որքան էլ Մոսկվան փորձում էր ցույց տալ, թե այդ հանգամանքն իրենց առանձնապես չի մտահոգում, այնուհանդերձ, աննախադեպ ոգեւորություն ապրեցին, երբ նախորդ տարի Ռուսաստանի իրավունքները ԵԽԽՎ-ում վերականգնվեցին ամբողջ ծավալով: Մեկ այլ օրինակ կարող է ծառայել Լեհաստանը, ուր կառավարությունը փորձում էր սահմանափակել դատավորների անկախությունը, բայց Ստրասբուրգն ու Բրյուսելն անմիջապես միջամտեցին ու հասկացրին պաշտոնական Վարշավային, որ չափը պետք է ճանաչել: Սա՝ այն դեպքում, երբ Լեհաստանը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, քաղաքական կշռի տեսանկյունից ոչ մի համեմատություն չի կարող ունենալ Հայաստանի հետ: Կաչինսկու կառավարությունն էլ ձեւավորվել է եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում եւ լեգիտիմությամբ, հաստատ, չի զիջում Հայաստանի իշխանություններին: Լեհաստանն էլ տնտեսապես այսօր Եվրամիության 27 պետությունների մեջ (բնականաբար, առանց Մեծ Բրիտանիայի), Միության 5-րդ տնտեսությունն ունեցող երկիրն է՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Իսպանիայից հետո: Եվ, այնուհանդերձ, Վարշավայի նկատմամբ պնդօղակները ձգեցին: Հայաստանի հանդեպ նույնը անելու որեւէ խոչընդոտ Ստրասբուրգը չունի: Մանավանդ որ գործող կառավարությունն այդպես էլ չկարողացավ Եվրամիության հետ հարաբերությունների նոր, գրագետ ու փոխշահավետ օրակարգ մշակել եւ նախկինների պես մնաց սոսկ Բրյուսելից ու Ստրասբուրգից ֆինանսական աջակցություն սպասողի կարգավիճակում: Իսկ այդ «օրակարգին» Եվրոպայում շատ լավ ծանոթ են Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունների հետ հարաբերություններից եւ վաղուց արդեն հոգնել են:

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ