Մեր ռեսուրսները շատ փոքր են, իրար քննադատելու ժամանակ չկա

Մեր ռեսուրսները շատ փոքր են, իրար քննադատելու ժամանակ չկա

Շաբաթ օրվանից որոշ ընդդիմադիր գործիչներ իշխանություններից ավելի ակտիվ լծվել են Տավուշի Ոսկեպար համայնքում կազմակերպվող պայքարը քննադատելու գործին: Նշում են, թե Ոսկեպարում տեղի ունեցած հավաքն անիմաստ ու անարդյունք էր, իսկ որ ամենաշատը խոցել է այդ զանգվածին` քոչարին է, որը հավաքի սկզբում ներկա երիտասարդներն ի տես աշխարհի պարեցին: Մեծ թվով գրառումներ արվեցին, թե՝ ինչներիդ վրա եք պարում, տենց պարեցիք, որ երկիրն էս վիճակին հասավ եւ այլն։

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն ասում է.

«Քննադատողները քննադատելու որոշակի իրավունք ունեն, որովհետև վերջին վեց տարիների ընթացքում միայն պարտություններ ենք արձանագրում, օրինակ` ինչ-որ խմբեր են ձևավորվում, որոշ նպատակների համար, սակայն ձախողվում են: Ձախողվում են, քանի որ ճնշիչ ուժն ավելի մեծ է: Որոշ քննադատների մոտ այս օրերին արթնանում են դեժավյուներ, նրանց մոտ հիմնականում վատ հիշողություններ են արթնանում, այդ իմաստով նրանց դժգոհությունն ընկալելի է: Մյուս պատճառն էլ հանրային հաղորդակցման թերացումներից է գալիս: Այն, ինչ տեղի է ունեցել Ոսկեպարում շատ էական է: Այն բոլորիս համար կարևոր գաղափար էր, համակարգված կենտրոն ստեղծելու առումով: Չգիտես ինչու այդ ամենի մեջ ամենաշատը երևացել էր երգը, պարը: Ի դեպ` քննադատողներին մի բան կասեմ հայ ժողովուրդն իր երկրում որտեղ ու երբ կուզի՝ կերգի ու կպարի: Եթե Ոսկեպարում կա գոյության հարց և վատ չէ, երբ նման միջոցառումներ են տեղի ունենում: Ոսկեպարում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահռչակումը: Տեղի ունեցան ելույթներ, ներկայացվեցին թեզեր, ասվեց, թե ինչ կեղտոտ խաղեր կարող են խաղալ դավաճանները և այլն: Բագրատ Սրբազանը նշեց, թե ինչ վտանգավոր խաղեր կարող են խաղալ և ինչպես վերջում մեղադրեն մարդկանց: Օրինակ ասաց, որ սահմանազատման գործին կարող են գյուղացիներին ներգրավել և հետո որոշում կայացնելուց հետո ողջ մեղքը բարդեն գյուղացիների վրա: Ես կարծում եմ` նման դավաճանական գործողությունների մասին նախապես իմանալն ու հանրությանը հայտնելը շատ կարևոր գործ է: Մարդիկ պետք է հնարավորինս իրազեկված լինեն: Մյուս կարևոր բանը, որ տեղի ունեցավ այդ օրը՝ Ոսկեպարի գյուղապետի ելույթն էր: Ես առաջին անգամ էի լսում, որ նա նման հստակ ու կոշտ դիրքորոշում հայտներ: Մարդը հստակ ասաց, որ ոսկեպարցին իր սահմանը գծել է և թուրքը ոսկեպարցու բակով չի անցնելու»: 

Իսկ ի՞նչ վատ բան կա, երբ մարդիկ իրենց հայրենի հողում ազգային պարեր են պարում և թուրքի աչքը մտցնում, որ հայ ժողովուրդը չի վախենում, չի ընկճվում, Իշխանյանը շեշտեց.

«Կարող ենք սրան երկու կողմից նայել: Արդեն ասացի, որ մարդկանց մոտ վատ հիշողություններ են արթնանում` ձախողումների մասով: Սա առաջին կողմն է, երկրորդ կողմն էլ` դավաճանական քարոզն է: Հնչում է որոշակի քննադատություն, իսկ որոշ շրջանակներ այն զարգացնում են: Արդյունքում պայքարի դուրս եկած մարդկանց կաշկանդում են, ամեն ինչ անում են, որ մարդիկ գործողություններ չանեն, փոխարեն ասեն. «Դե գնանք էնտեղ որ ի՞նչ, անկապ պարենք հետ գա՞նք» ու այսպես շարունակ։ Մեր հանրությունը խիստ կախված է հասարակությունից, կոմպլեքսներ ունի: Այս իշխանությունը, դա լավ իմանալով, վեց տարի շարունակ կիրառում է ու հաջողությունների հասնում: Պետք է մի բան հասկանալ, քանի դեռ արդյունքի չենք հասել, պետք է անընդհատ պայքարել: Չի կարելի կոտրվել ու հիասթափվել: Բոլոր տեսակի կենտրոնները, որոնք ձևավորվում են հանուն հայրենիքի, պետք է լինեն մեր աջակցության կենտրոնում, այլ ոչ թե հիասթափեցնենք ու կոտրենք բոլորին` աջ ու ձախ: Կան նաև թեզեր, թե ինչու եք Ոսկեպար գնացել, այդ հարցի օբյեկտը Երևանում նստած է և այլն: Այո, հարցի օբյեկտը Երևանում նստած է, սակայն վտանգված են Տավուշի գյուղերը և մենք չենք կարող այնտեղ չլինել հիմա, չաջակցել նրանց: Եթե այս պահին ոսկեպարցու կողքին չկանգնենք, առանց մի րոպե մտածելու Ոսկեպարը ժամ առաջ կհանձնվի թշնամուն: Պետք է մի բան հաշվի առնել, մեր ռեսուրսները շատ փոքր են, իրար քննադատելու ժամանակ չկա: Քաղաքագիտական կրթությունն էլ առանձնապես տարածված չէ։ Գոնե նրանք, ովքեր քիչ թե շատ ունեն որոշակի գիտելիքներ, պետք է աշխատեն մեկ նպատակով, մեկ ուղղությամբ», - ասաց նա։