Ադրբեջանցիները խոշտանգել են վազաշենցի կնոջը, մտածել են, որ մահացել է, թողել գնացել են՝ կրակի տալով տունը

Ադրբեջանցիները խոշտանգել են վազաշենցի կնոջը, մտածել են, որ մահացել է, թողել գնացել են՝ կրակի տալով տունը

Որքան ուժեղանում է Փաշինյանի՝ «սահմանազատում» օպերացիայի անվան տակ Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մարմաջը, այնքան Տավուշի գյուղերի բնակիչների մոտ արթնանում են դաժան ու ցավոտ հիշողություններ այն սեւ օրերի մասին, երբ ադրբեջանցիները ներխուժում էին իրենց գյուղերն ու տները: Վազաշեն գյուղի բնակչուհի Ռայա Կարապետյանը Վազաշեն հարս է եկել Նոյեմբերյանից: Աղջիկն ութ ամսական է եղել, երբ սկսվել են իրենց ընտանիքին պատուհասած դժոխային օրերը: 

Ռայան պատմում է. «1992թ․ դեկտեմբերի 29-ի առավոտյան, սովորականի նման, տնից դուրս եկա, որ գնամ աղջկաս համար կաթ գնեմ՝ ներքեւի թաղից: Հենց տան դուռը բացեցի, լսեցի ավտոմատի այնպիսի կրակահերթ, կարծես թե կարկուտ թափվելիս լիներ: Վախից տուն մտա: Երբ կրակոցներն ավարտվեցին, ամուսնուս հետ նորից դուրս եկանք, տեսանք՝ մարդիկ փախչում են, երեխաներին տանում են չգիտեմ ուր: Մեկ էլ տանկի ուժեղ որոտ լսվեց: Ամուսինս երեխային վերցրեց ու ասաց, որ թուրքը մտել է գյուղ, որ իր ետեւից գնանք: Ես համոզում էի սկեսուրիս՝ Գեղեցիկ Հովսեփյանին, որ դուրս գա մեզ հետ, բայց ինքն էլ մեզ էր համոզում, որ տնից դուրս չգանք: Ասում էր՝ ճամփին որտեղ կորած գյուլլա կա, կգա կկպնի, մնացեք տանը, ավելի ապահով է: Ո՛չ ինքն ինձ համոզեց՝ մնալ տանը, ո՛չ ես՝ իրեն, որ հետներս գա: Բռնեցի տալիս երեխայի ձեռքից ու գնացի: Ձմեռ էր, ձյունը նստած: Տնից որ դուրս եկա, մեր տուն բերող ճանապարհին սպիտակ հագուստով վեց տղամարդ էին գալիս: Հետո իմացա, որ ադրբեջանցիներ են եղել: Մեզ վրա չկրակեցին, հավանաբար, չէին տեսել: Բայց հետո պարզվեց, որ եկել են մտել մեր տուն: Ամուսինս մեզ հասցրեց մինչեւ ճանապարհ ու ասաց, որ գնանք գյուղապետի տուն: Մենք անտառների միջով, մի կերպ, դժվար ճամփեքով հասանք Վասիլի՝ այն ժամանակվա գյուղապետի տուն:  Հավաքվեցինք նրա տան բակում, որ տեսնենք՝ ինչ է ասում, ինչ անենք:

Նա էլ մոլորված՝ չգիտեր ինչ ասեր, ասում էր՝ կա՛մ պետք է մտնենք անտառները, կա՛մ բեռնատարներով դուրս գանք գյուղից: Չգիտեր՝ ինչ ասեր: Ոչ մի տարբերակն էլ երաշխավորված չէր, որ անվտանգ է: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը՝ գրկի երեխայիս հետ բարձրացա բեռնատարի թափքը… Սարսափելի ցուրտ էր, հագներս հագուստ չկար: Ճանապարհն ահավոր դժոխային էր. անցնում էինք կրակոցների տակով, տեսնում էինք, թե ինչպես են վիրավորներին այստեղից այնտեղ տանում: Մի կերպ հասանք Իջեւան՝ հարազատներիս տուն: Իջեւանն էլ էր կրակահերթերի տակ: 
Իսկ թե ինչ է կատարվել ինձնից հետո մեր տանը, իմացա հետո՝ ամուսինս եկավ ու պատմեց, որ մեր հարեւանները՝ չորս հոգի, տարեց ամուսիններ, եկել են եւ տեսնելով, որ սկեսուրս տանն է, որոշել են բոլորով մի տեղ մնալ՝ մտածելով, որ այդտեղ ապահով է: Բայց այն վեց տղամարդը, որոնց ես տեսել էի մեր տնից դուրս գալիս, եկել մտել են մեր տուն եւ անմիջապես սպանել մեր չորս տարեց հարեւաններին: Հետո սկսել են խոշտանգել սկեսուրիս եւ պահանջել, որ ասի իր ֆիդայի որդիների տեղը: Նա, բնականաբար, չի ասել: Ասել է, որ որդի չունի: Կտրել են կուրծքը, ականջը, հոնքը, ամբողջ մարմինը ծակծկել են դանակով, կտրտել երակները, արյունաքամ արել, ավտոմատով հարվածելով՝ բերանից հանել ոսկե ատամնաշարը: Ծնոտը ջարդել էին ու տեղից գցել: Հետո մտածել են, որ մահացել է, թողել են գնացել՝ կրակի տալով տունը: Ամուսինս ու եղբայրը մեզ տեղավորելուց հետո գալիս են տուն եւ տեսնում՝ հարեւանները սպանված, մայրը՝ արյան մեջ շաղախված, տունն էլ սկսել է այրվել:  Սկզբում մտածել են, թե մայրը մահացել է, բայց նա սկսել է խոսել եւ տղաներին ասել է, որ շուտ փախչեն: Բայց նրանք հո այդպես չէի՞ն թողնելու իրենց մորը: Արյունաշաղախ ու կտրտված մարմինը գրկում են ու մի կերպ դուրս բերում գյուղից: Մի կերպ հասցնում են Իջեւան: Իսկ ամուսնուս քույրը, ով իմանում է կատարվածի մասին, ուզում է գալ հասնել մորը, նա էլ է ճանապարհին վիրավորվում: Մի խոսքով, Իջեւանի հիվանդանոցում նույն պալատում իրար կողք-կողքի պառկած էին մայր ու դուստր: Ես էի խնամում: Սկեսուրիս վիճակը սարսափելի էր, անճանաչելի: Մարմնի վրա տեղ չկար, որ անվնաս մնացած լիներ: Իսկ երբ գնացի տուն եւ տեսա, թե ինչ է կատարվել, սարսափելի էր. ամբողջ հատակն արյան լիճ էր կապել, պատերը՝ արյունոտ: Կարծես կենդանի մորթած լինեին… Մի կերպ, սարսափով ու ցավով մաքրեցի… դա հարազատիս արյունն էր, իմ ընտանիքի անդամինը: Այդ օրը գյուղում ունեցանք 13 զոհ: Մի երիտասարդ կնոջ իր որդու հետ՝ Տանյային ու Սլավիկին, տնից գողացան, գերի տարան: Նրանցից այլեւս տեղեկություն չունեցանք: Տան մեջ սպանեցին մեկ այլ կնոջ ու իր որդուն: Մեր հարեւան տատիկի տունն այրեցին, նրան մորթեցին գերեզմաններում: Այրեցին շատ տներ: Դրանք մեր կյանքի ամենասարսափելի օրերից են»: 

Հարցին, թե հնարավո՞ր է, ինչպես Փաշինյանն է ասում, Տավուշի գյուղերը հանձնելուց հետո խաղաղություն հաստատվի, մոռանան անցյալը, Ռայան պատասխանեց. «Մենք այսքան տարի չլքեցինք մեր գյուղը, մեր տունը: Մի կերպ վերականգնեցինք մեր ավերված տունը: Պահեցինք, պաշտպանեցինք, որ սահմանը չդատարկվի, թուրքը նորից Ղազախից չգա մտնի հայի տուն: Ես այդ ամենի միջով անցնելիս՝ երիտասարդ տարիքից շատ առողջական խնդիրներ եմ ձեռք բերել: Բայց ասել եմ, որ հանուն մեր տան, մեր գյուղի պիտի դիմանամ: Իսկ այսօրվա իշխանության գործելաոճը մեզ զարմացնում ու զայրացնում է: Ո՞նց կարելի է թուրքին թույլ տալ՝ նորից գա հասնի տանդ շեմը: Դա անթույլատրելի է: Այն ամենը, ինչ ես ու իմ ընտանիքն ենք տեսել, չեն տեսել Երեւանում ապրող այն պաշտոնյաները, ովքեր հեշտորեն գյուղեր ու ճանապարհներ են տալիս թուրքին: Մեր տղաներն այդ տարիներին ընդամենը յոթ ավտոմատով դիմադրել են տանկերով զինված ադրբեջանցիներին, քանի որ հասկացել են հողի, հայրենիքի գինը: Իսկ այսօր այդ ամենը հեշտությամբ զիջում են արյունարբու թշնամուն: Անկարելի է, անթույլատրելի է…»։