«Հրապարակ». Պետությունը 25 տարի հետո Մսրա Մելիքի պես զարթնել է ու դատավարություն սկսել միությունների դեմ

«Հրապարակ». Պետությունը 25 տարի հետո Մսրա Մելիքի պես զարթնել է ու դատավարություն սկսել միությունների դեմ

Իշխանությունը, ի դեմս ՀՀ Գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը։

Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ, որպես անվավերության հետեւանք, վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը դատարանում փորձելու է պնդել, որ Կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարներն անօրինական եղանակով են Գրողների միության շենքն օտարել։

Այս առիթով շաբաթ օրը Գրողների միությունն արտահերթ համագումար էր հրավիրել, որի ժամանակ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ, դատախազությունից բացի, նյութերը գնացել են նաեւ Հակակոռուպցիոն կոմիտե։ «1999-ին Հայաստանի գրողների միության նախագահ եղել է Հրանտ Մաթեւոսյանը, հիմա մտածում են՝ ման գան, գտնեն՝ կոռուպցիոն ի՞նչ գործարքներ է արել, որ Գրողների միության շենքին սեփականաշնորհման իրավունք է տրվել։ Այսինքն՝ Վահագն Դավթյանից, Ռազմիկ Դավոյանից մինչեւ Հրանտ Մաթեւոսյան պետք է նայեն՝ կոռուպցիոն ինչ գործարքներ են այս մարդիկ արել։ Այս իրավիճակն ինձ հիշեցրել է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպը եւ շատ այլ զավեշտալի վեպեր ու կոմեդիաներ։ Սա մեր կյանքի կոմեդիաներից է, որին մենք պետք է դիմադրենք»։

Ըստ ՀԳՄ նախագահի, սեփականաշնորհման որոշումները հենց այնպես չեն կայացվել, դրա համար բոլոր հիմքերը կան, բայց դատախազությունը գտել բերել է 1990 թվականի Սովետմիության ինչ-որ որոշում, որն արգելում է ՀԿ-ներին, միավորումներին՝ ինչ-որ սեփականության իրավունք ունենալ․ «Սովետմիության օրենքները երբ պետք է, հիշում են, երբ պետք չէ, չեն հիշում։ Այն տպավորությունն է, որ 30 տարի մեր պետությունը վիրտուալ պետություն է եղել, օդի մեջ ծածանվել է, ով ինչ որոշում ուզեցել, կայացրել է։ Եվ պետությունը քնած է եղել, փաստորեն, 25 տարի հետո Մսրա Մելիքի պես զարթնել է ու մեկ էլ տեսել է՝ շենքերը ձեռքից տարել են, ամեն ինչ տարել են։ Հիմա դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քրտնաջան, Վարչական դատարանն ավելի քրտնաջան՝ արագ լծվել են այս գործին։ Վարչապետի կողմից Ազգային ժողովում հայտարարվեց՝ մենք ստեղծագործական միությունների համար ենք մտածում, որ հանկարծ իրենց շենքերը չծախեն։ Ընկերներ, մեր փոխարեն շատ են վախենում, եկեք այդ վախը փարատենք այս առաջարկությամբ՝ գուցե կարողանան կոմպրոմիսի գալ ու իրենց հրահանգած փաթեթները հետ վերցնեն, նստեն մեզ հետ քննարկեն։ Մենք այս շենքն ինչո՞ւ պիտի վաճառենք կամ թույլ տանք, որ վաճառվի»։ 

Ինչպես նշեց Միլիտոնյանը, փաստաբանների հետ միասին գրողներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի իրենց սեփականաշնորհման իրավունքը չզիջեն, եթե պետք լինի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան էլ կդիմեն․ «Սեփականաշնորհման իրավունքը չենք զիջելու եւ դրա համար ամեն ինչ անելու ենք։ Աննահանջ պետք է պայքարենք մեր շենքերի ու իրավունքի համար»: 

Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Գրողների միությունը երբեք չի հանդիսացել պետական կառույց եւ ընդամենը խորհրդային շրջանում օգտվել է պետական որոշակի աջակցությունից, իսկ երբ երկիրն անկախացավ, 1993թ․ գործող օրենսդրությանը համապատասխան, գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն՝ հանդիսանալով ԽՍՀՄ շրջանում գործող Գրողների միության իրավահաջորդը, ինչը կանոնադրության մեջ ֆիքսված է։ «Եթե սովորական քննություն տարվեր, ապա վաղեմության ժամկետով, օրենքի կիրառմամբ գործը կկարճվեր, միակ տեղը, որտեղ գործը վաղեմության ժամկետով չի կարճվում, դա Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված գործերն են»,- նկատեց Մ․ Մանուկյանը, ով այստեղ անթաքույց միտում է տեսնում ՀԳՄ գույքն օտարելու հարցում։ 

Գրականագետ Ազատ Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ հասկանալի չէ, թե այս քայլով կառավարությունն ինչ ավանտյուրայի է գնում, բայց պետք է մերժել այս քաղաքականությունը, որ տարվում է ստեղծագործական միությունների դեմ։ «Սկզբում հայտարարում են, որ մայրաքաղաքի բուհերն են քանդում, հետո հայտարարում են, որ ստեղծագործական միությունների շենքերն են հետ վերցնում... ինչո՞ւ է այսպես արվում, չէ՞ որ Երեւանը Հայաստանի դեմքն է եւ Երեւանն իր դեմքն ունի, բայց Երեւանն ուզում են դարձնել հյուրանոցների քաղաք, Երեւանը տարիներ շարունակ, հատկապես խորհրդային տարիներին, եղել է մեր մշակույթի կենտրոնը, ու այդ ստեղծագործական միությունների շենքերը պատահաբար չեն հայտնվել, դրանք մեր մշակույթի կենտրոնական օջախն են։ Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ է սա կատարվում, սրա իմաստը ո՞րն է։ Մենք պետք է հայտարարություն ընդունենք` մերժելով այս քաղաքականությունը, իսկ մնացածն իրավաբանները երեւի կարողանան ապացուցել, որ կառավարությունը սխալվում է: Բան ունեն ասելու, թող գան, երկխոսեն այս մարդկանց հետ»,-նշեց Եղիազարյանն ու նկատեց, որ որեւէ հանրային քննարկում չի կազմակերպվել։  

«Ես գիտեմ, որ շենքերը վաճառվելու են, պետական մեծ պարտք կա։ Գիտեմ նաեւ, որ թելադրողներ կան, թե ովքեր ինչ են ուզում։ Հստակ գիտեմ, թե համալսարանի շենքն ինչու է օտարվում, մյուսը, մյուսը։ Դրանք վաճառվում են, վաճառվելու է եւ սա,- ամբիոնից հայտարարեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։-Վաճառվելու է, եւ այդ գումարն ուղղորդվելու է այլ տեղ, ինչքա՜ն փուչ գործարքներ արվեցին, ինչ-որ Սնուփ Դոգ էին բերում, չերգելու համար միլիոններ էին տալիս, այս էին անում, այն էին անում։ Սա էլ եթե ծախեն, փոշիացնելու են, սրանք երկիր կամ հայրենի՞ք են սարքելու, էս մարդը ելնում ասում է՝ ի՞նչ հայրենիք է սա որ։ Այսինքն՝ սա մեծ խնդիր է, եւ եթե մենք կարողանանք միասնական հանդես գալ՝ բոլոր միություններով, կրթական հաստատություններով, ուսանողներով, կկարողանանք հաջողության հասնել։ Եթե ոչ, ամենափայլուն իրավաբանները չեն կարող սրանց համառությունը՝ հայրենիք կործանողի համառությունը կոտրել։ Ես այս միությունների օտարումը համարում եմ պետության կործանում։ Սրանց որ ասես՝ Ավետիք Իսահակյանից երկու տող ասա, կասեն՝ մենք չենք կարող, գրականությունից թույլ ենք։ Սրանք փող հաշվելուց են ուժեղ, հիմա փող հաշվողի հետ գրական հույզերով, ապրումներով, հայրենատիրոջ զգացողությամբ կարո՞ղ ենք մրցել։ Իհարկե, չենք կարող։ Սրանց հետ աղմուկով, ուժով պետք է լինենք։ Այդ ուժը կգոյացնենք, կունենանք ե՛ւ այս միությունները, ե՛ւ Հայաստանը։ Չենք գոյացնի, սա էլ կտանեն, Հայաստանն էլ կտանեն։ Եվ ոչ միայն գրողները, այլեւ ընդհանրապես հայ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի եւ նյութապաշտ շուն-շանորդիներին տեղը դնի»։

Գրող Շանթ Մկրտչյանի կարծիքով՝ սրանք կոնկրետ քայլեր են, որ իրականացվում են իշխանության կողմից, որովհետեւ երկիրը տնտեսական խնդիրների մեջ է․ «Բոլոր տեղերից ինչ հնարավոր է, ուզում են բերեն, բյուջե լցնեն, որովհետեւ, ըստ էության, տնտեսություն չկա, շինարարությունից բացի։ Եվ այդպես նայում են՝ ինչքան թույլ օղակներ կան, որ կարելի է վերցնել, պետականացնել, հետո վաճառել։ Շատ պրակտիկ մոտեցում են որդեգրել, բայց այսպիսի դեպքերում պետք է նկատի առնել, որ բիզնեսի օրենքը բարոյական օրենքի հետ չի համատեղվում։ Սա այս դեպքն է։ Մենք ունենք մշակութային ավանդույթներ, որոնք պետք է շարունակենք, մեզ վերապահված է այդ առաքելությունը, որպեսզի կարողանանք այդ ամենը շարունակել, եթե մենք անընդհատ կտրում ենք, տակը ոչինչ չի մնում, դե արի՝ անընդհատ զրոյից սկսի, եւ դրա համար շատ ու շատ ոլորտներ տեսնում ենք, որ էլի գալիս ենք զրոյից՝ դարձ ի շրջանս յուր, կարծես սատանի անիվի մեջ հայտնվես։ Պետության, անկախության համար գրողներն ինչքան ավյուն ու կյանք են դրել, անգամ չքավոր, խեղճ վիճակներում էլ մինչեւ այսօր պետության ու ժողովրդի կողքն են։ Ինչի՞ համար է այս բոլորը․․․ քանի ուշ չէ, թող հետքայլ անեն ու վերջացնեն այս պատմությունը»։ 

Գրող, դրամատուրգ Դավիթ Մուրադյանն էլ նկատեց, որ գուցե հուզական հնչի, բայց սա իրենց տունն է. «Բոլորիս կյանքն անցել է ու շարունակվում է այս տան մեջ, իսկ տունն արժանապատվություն է, տունը մարդու եւ ազգի արժանապատվությունն է, տունն ընդհանրապես երկրի արժանապատվությունն է, եւ այս արժանապատվության պահանջը, գիտակցումը մեզ՝ բոլորիս, այստեղ պետք է միավորի, անկախ նրանից, թե ով ում հայացքների հետ է համաձայն կամ ոչ համաձայն: Բայց հանուն այս տան եւ մեր ընդհանուր ստեղծագործական արժանապատվության, մենք պետք է կանգնենք մեր միության ղեկավարության մեջքին եւ ամբողջ այս ընթացքում լինենք նրա պաշտպանը»:
Հանդիպմանը ներկա 290 գրողները միաձայն քվեարկեցին, որպեսզի ՀԳՄ գույքը՝ սեփականության իրավունքով, մնա ՀԳՄ-ին։