Tert.am-ը փոխե՞լ է գործելաոճը, ո՞վ է տնօրինում այն

Tert.am-ը փոխե՞լ է գործելաոճը, ո՞վ է տնօրինում այն

«Քառյակ մեդիային» պատկանող Tert.am-ը, որը ոչ վաղ անցյալում Հայաստանի ամենաընդդիմադիր ու ամենամեծ դիտելիություն ունեցող լրատվամիջոցներից էր, բավականին փոխել է դիմագիծը: Սկսենք լավից․ օրինակ, մամուլի տեսություններն ավելի լավն են դարձել՝ ոչ թե մեր թերթի առաջին էջի լուրերն են տարածում, ինչպես մյուս լրատվամիջոցները, այլ հոդվածներին եւ հարցազրույցներին են ուշադրություն դարձնում։ Իհարկե, օրենքը պահանջում է, որ դրանք մասնակիորեն մեջբերվեն, քանի որ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքը դա է պահանջում, իսկ իրենք ամբողջությամբ են վերահրապարակում, բայց, ամեն դեպքում, մտածված եւ խելացի ոճ է այդ իմաստով որդեգրել Tert.am-ը՝ ոչ թե ֆաստ-ֆուդ լրատվություն փոխանցելով, այլ` բարձրորակ նյութեր։

Սակայն շատերը նկատում են, որ Միքայել Մինասյանից եւ «Քառյակ մեդիայից» տարանջատվելուց հետո լրատվամիջոցը կարծես ավելի չեզոք եւ անգամ մի քիչ իշխանամետ է դարձել։ Օրինակ` իշխանական պատգամավորների ֆեյսբուքյան գրառումներն այստեղ մշտապես զետեղվում են: Սուր, քննադատական խոսքը նվազել է։ Tert.am-ի հարցազրույցների տաղավարում կարելի է տեսնել ամենատարբեր պրոիշխանական ներկայացուցիչներին: Բացի այդ, Tert.am-ը չմասնակցեց լրատվամիջոցների բոյկոտին՝ հարցեր ուղարկեց Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսին։

Վերջին շրջանում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ լրատվամիջոցը «Քառյակ մեդիայից» գնել է կամ ուղղակի հովանավորում է Ռուբեն Վարդանյանը: Թերեւս նաեւ դրանով է բացատրվում այն, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որը վերջին տարիներին ընդհատակ է անցել՝ չի խոսում լրագրողների հետ, հարցազրույցներ չի տալիս, սկսել է հարցազրույցներ տալ Tert.am-ին:

Մենք կապ հաստատեցինք կայքի տնօրեն Արամ Անտինյանի հետ` հասկանալու, թե ինչ գործելաոճ է որդեգրել հայտնի լրատվամիջոցը, եւ, մասնավորապես՝ ինչու չբոյկոտեցին Նիկոլ Փաշինյանի ասուլիսը,նաեւ՝ ճի՞շտ են այն լուրերը, թե կայքը գնել է կամ հովանավորում է Ռուբեն Վարդանյանը: Անտինյանը, լսելով մեր հարցերը, նշեց, որ չի ցանկանում խոսել, եթե ասելիք ունենա՝ իր ֆեյսբուքյան էջում կամ կայքում կգրի: