Թոշակի անցեք, պարոն Մանուկյան

Թոշակի անցեք, պարոն Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» ակումբ է հիմնադրել եւ անոնսավորել, որ այն կարող է դառնալ քաղաքական քննարկումների հարթակ: Մինչ այդ, սակայն, խստորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, համարում, որ նա չի գնացել խոստումների կատարման ճանապարհով, ինչը, մասնավորապես, հանգեցրել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի նվազման:

Վազգեն Մանուկյանի հայտարարության «մեխը» հենց այդ ընդգծումն է եւ ուղղակի արձագանքն այն դիտարկումների, թե սահմանադրական դատարանի նախագահի փոփոխությունը կապված է ԼՂ կարգավորման հետ: Գեներացվում է տեսակետ, թե Արցախի հարցում իշխանությունը պատրաստ է զիջումների, սահմանադրական դատարանն է վերջին կառույցը, որ կարող է կանխել դա, ուստի Հրայր Թովմասյանին հեռացնելով՝ Նիկոլ Փաշինյանը ԼՂ –ի «հանձնումը լեգիտիմացնելու» ճանապարհ է հարթում:

Ավելի վաղ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը չէր բացառել սցենարի կրկնությունը, երբ իշխանությունից հեռացվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ դեր է ունեցել Վազգեն Մանուկյանը 1998-ի իշխանափոխության փուլում՝ հայտնի է: Հայտնի է նաեւ, որ 1996թ. նախագահական ընտրություններին նրա թեկնածությունը պաշտպանել եւ հետընտրական զարգացումներում լուրջ դերակատար է եղել ՀՅԴ-ն: Անհերքելի փաստ է, որ հետագա երկու տասնամյակներին Վազգեն Մանուկյանը եւ ՀՅԴ-ն եղել են նույն՝ իշխանական ճամբարում: Թե այդ ընթացքում որքանո՞վ է ամրապնդվել-զորացել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը՝ վկայում է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը: Խոսքը բանակի, ժամկետային ծառայության 18-20 տարեկան զինվորների բացառիկ քաջության մասին չէ: Դա քննարկումից դուրս է եւ արժանի միայն խոնարհումի:

Խոսքն այն մասին է, թե լիովին համերաշխված լինելով ռուսական աշխարհաքաղաքականությանը, Հայաստանն ինչու՞ դարձավ ադրբեջանական ագրեսիայի թիրախ: Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, բոլոր նրանք, որ այսօր ահազանգում են անվտանգության հնարավոր մարտահրավերների մասին, այս հարցի պատասխանն ունե՞ն, կարո՞ղ են հիմնավոր բացատրություն տալ՝ եթե 2011թ.-ին Կազանում Ադրբեջանը համաձայներ եւ ստորագրեր առաջարկվող փաստաթուղթը, ի՞նչ էր հետեւելու դրան: Պայմանագիրը ներկայացվելու էր սահմանադրական դատարան, որտեղ այն սահմանադրությանը հակասո՞ղ էր ճանաչվելու եւ վավերացման ոչ ենթակա՞: Ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքու՞մ: Թե՞ ամեն ինչ ընթանալու էր հարթ: Եւ ի՞նչ արտառոց վտանգ են այսօր տեսնում իրենք: Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությու՞նը նկատի ունեն: Բայց այդ ե՞րբ եւ ու՞մ է Մոսկվան տվել ԼՂ անկախությունը ճանաչելու հավաստիացում: Ե՞րբ է եղել, որ Ռուսաստանն Ադրբեջանի դեմ թշնամաբար էր տրամադրված: Ո՞վ  եւ ինչպե՞ս է հիմնավորում, թե Հայաստանի բարեկամությունը Մոսկվան ավելի թանկ է գնահատում, քան Ադրբեջանի հետ առեւտրա-տնտեսական, ռազմա-տեխնիկական եւ այլ հարաբերությունները: Չկա նման բան:  Երկու տասնամյակը բավական էր, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները բարձրանային, ասենք, իսրայելա-ամերիկյան համագործակցության մակարդակի: Չի ստացվել, չէր կարող ստացվել, չի ստացվելու:

Ուրեմն ինչու՞ զուր ջանք, ռեսուրսներ եւ նյարդեր ծախսել, եթե ապրիորի հայտնի է, որ Ռուսաստանն Ադրբեջանը դիտարկում է բարեկամ երկիր: Եւ դա աշխարհաքաղաքական օրինաչափություն է, պայմանավորված չէ Պուտին-Ալիեւ անձնական մտերմությամբ: Քաղաքական նոր էլիտան, որ ձեւավորվում է Հայաստանում, որքան կարելի է հասկանալ նրա քայլերի տրամաբանությունից, այս ճշմարտությունը գիտակցել է: Դա հսկայական առաջընթաց է մեր ժողովրդի քաղաքական ընկալումներում: Դիմադիր կանգնել, փորձել վերադառնալ «առանց ռուսի մենք կորած ենք» կարծրատիպին, այն դարձնել պետական կյանքի անկյունաքար, նշանակում է Հայաստանը մղել քաղաքակրթության լուսանցք, աշխարհաքաղաքական զարգացումների ետնաբեմ: Քաղաքական գործիչը պետք է կարողանա ճիշտ եւ արժանապատվորեն ընտրել հեռանալու ժամանակը: Իսկ երբ նա, այդ ճշմարտությունը գիտակցելով հանդերձ, ոչ միայն մնում է ասպարեզում, այլեւ քաղաքական ռեինկառնացիա է նախաձեռնում, հասարակությունն է պարտավոր ուժ գտնել իր մեջ եւ բացեիաբաց ասել. «Թոշակի անցեք, պարոն Մանուկյան»: