Ե՛վ ՀՀ ԱԳՆ-Ն է ճիշտ, և՛ Էլմար Մամեդյարովը 

Ե՛վ ՀՀ ԱԳՆ-Ն է ճիշտ, և՛ Էլմար Մամեդյարովը 

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները` կապված Վաշինգտոնում տեղի ունեցած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մանրամասների հետ։ Հիշեցնենք. Մամեդյարովն ասել էր, որ համանախագահներն առաջարկներ են ներկայացրել, որոնք կապված են հայկական զորքերի դուրսբերման եւ խաղաղապահների տեղակայման հետ։ Նաղդալյանը հերքել է դա․ «Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Ինչպես նշել էինք դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր:

Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու խաղաղությանը նպաստող միջավայրը եւ պահպանելու հրադադարը, եւ այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին եւ ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը եւ առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ խաթարում խաղաղ գործընթացը»։ 

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այս հերքումն արդեն հաստատում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները՝ գոնե համանախագահների կողմից ներկայացված առաջարկների մասով։ Ինչու։ Հանդիպումից անմիջապես հետո Մամեդյարովը բավականին բազմանշանակ ակնարկ էր արել, թե կոնկրետ առաջարկություններ են արվել փաստաթղթերի տեսքով, թեեւ դրանց մասին արդեն 15 տարի խոսվում է։

Պարզ է, որ ակնարկը վերաբերում է հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներին, որոնք Իլհամ Ալիեւը, ժառանգություն ստանալով հորից, արդեն 15 տարի է՝ բանակցային օրակարգում քննարկում է։ Եվ Մադրիդյան սկզբունքները՝ անկախ նրանից, թե որ խմբագրությամբ են, ինչպես նկատել է ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրենց մեջ պարունակում են զորքերի դուրսբերման եւ խաղաղապահների տեղակայման դրույթները։ Թվարկենք հիմնական դրույթները․ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականության հարգում, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգում, ԼՂԻՄ հարակից, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հանձնում, բոլոր կողմերի փախստականների վերադարձ, խաղաղապահների տեղակայում, զորքերի դուրսբերում, ԼՂ միջանկյալ կարգավիճակի շնորհում, վերջնական կարգավիճակի որոշում՝ հանրաքվեի միջոցով։ Կարելի է ասել, որ համաշխարհային աշխարհակարգն այսկերպ է տեսնում հակամարտության լուծումը։ Ավելին, նույն բանակցային փաթեթում նշված է, որ գալու է մի հանգրվան, որ Ստեփանակերտը միանալու է բանակցություններին։ 

Անդրադառնալով Աննա Նաղդալյանի հայտարարության երկրորդ մասին՝ կապված հրադադարի ռեժիմն ապահովելու եւ այլնի հետ, դրանք նույնպես լիովին տեղավորվում են քննարկումների այն մոդելի մեջ, որի մասին խոսել է Մամեդյարովը։  Մեկ տարի է արդեն՝ բանակցությունների հետ կապված պաշտոնական բոլոր հայտարարություններում, որոնք արվել են հաշտարար միջնորդների՝ ՄԽ եռանախագահության կողմից, շեշտվել են խաղաղության միջավայրի, վստահության մթնոլորտի վերականգնման, հումանիտար միջոցառումների հարցերը։

Ինչո՞ւ է այս ամենը շեշտվում։ Խնդիրն այն է, որ Հայաստանը, հանդես գալով որպես Արցախի անվտանգության երաշխավոր, նաեւ Արցախում բնակվող բնիկ ժողովրդի կյանքի իրավունքի՝ որպես միջազգային-իրավական բարձրագույն արժեքի, անձեռնմխելիության, երաշխավորն է։ Ի՞նչ է սա նշանակում։ Այն, որ Հայաստանը բացեիբաց ասում է, որ եթե ինքը դուրս գա Արցախից, կարեւոր չէ՝ խոսքը ԼՂԻՄ-ի կամ հարակից շրջանների մասին է, ապա կվտանգվի ԼՂԻՄ-ում բնակվող ժողովրդի կյանքի իրավունքը, եւ կարող են կրկնվել այն կոտորածները, որոնք եղան անցյալ դարի վերջին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներում խաղաղապահների տեղակայումն ու նաեւ միջազգային դրոշի ներքո իրավակարգի պաշտպանությունն իրականացնելու համար ռազմա-ոստիկանական ստորաբաժանումների առկայությունը հենց բնակչության կյանքի իրավունքի ապահովման երաշխիքն է լինելու (ի դեպ, մի քանի տարի առաջ ՀԱՊԿ կազմում նույնիսկ նման ստորաբաժանումներ ստեղծելու փորձ է արվել)։ Սակայն հաշվի առնելով այն, որ հակամարտությունը չափազանց ձգձգված է, եւ հակադիր կողմերը միմյանց հանդեպ կուտակած չափազանց մեծ քանակի նեգատիվ ունեն, ինչը կարող է լարվածության առիթ դառնալ փախստականների վերադարձից հետո, համանախագահներն առաջարկում են խաղաղության միջավայրն ապահովող, վստահության մթնոլորտը վերականգնող հումանիտար միջոցառումներ իրականացնել։ Պարզ ասած՝ Աննա Նաղդալյանն ընդամենը ներկայացրել է քննարկումների մի հատվածը, սակայն չի բացել փակագծերը։