Ադրբեջանի ՆԳՆ-ն «լրտեսական ցանց է բացահայտել»․ կան ձերբակալվածներ

Ադրբեջանի ՆԳՆ-ն «լրտեսական ցանց է բացահայտել»․ կան ձերբակալվածներ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները գործողություններ են իրականացրել SalamNews և InterAz տեղեկատվական հրատարակությունների խմբագրություններում։

Հաղորդվում է, որ առնվազն յոթ մարդ է ձերբակալվել՝ Իրանի օգտին աշխատելու կասկածանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նշված լրատվամիջոցները զբաղվել են Իրանի քաղաքականության և նրա շահերի քարոզչությամբ։

İnterAz հեռուստաալիքը ստեղծվել է 2002 թվականին, իսկ 2007 թվականին գրանցվել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության միջտարածքային տեսչությունում։ 

Հեռուստաալիքի հիմնադիրը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, լրագրող Սալեհ Խուդիևն է։ 2016 թվականին հեռուստաալիքը ձեռք է բերել Մաթլաբ Բաղիրովը, որը հայտնի է Հաջի Մաթլաբ անունով, ով կրոնական կրթություն է ստացել իրանական Ղոմում և Սիրիայում։

Հատկանշական է, որ այս գործողությունները տեղի են ունենում Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպից հետո Բաքվի և Թեհրանի լարված հարաբերությունների ֆոնին։