Անիշխանություն
«Իշխանություն վերցնելն ավելի դյուրին է, քան այն պահպանելը»,- գործնական քաղաքականության մեջ քանիցս իր իրավացիությունն ապացուցած լենինյան այս ձեւակերպումը Հայաստանի դեպքում միշտ գայթել է անհեթեթ իրականությանը: Վերջին 24 տարիների ընթացքում միմյանց փոխարինող հայ քաղաքական ղեկավարները իշխանությունը բացահայտ բռնազավթել են հասարակությունից, ապա բռնազավթել են նաեւ պետությունը: 1995թ. ի վեր Հայաստանում ո՛չ իշխանություն վերցնելն է դյուրին եղել, ո՛չ էլ այն պահպանելը, իսկ իշխանության բռնազավթման եւ պահպանման մեթոդներն ավելի ու ավելի բիրտ են դարձել: Ո՛չ լեգիտիմության բացակայությունը, ո՛չ հանրության ատելությունը, ո՛չ պետության միջազգային հեղինակության անվերջ անկումը չեն խոչընդոտել, որ Հայաստանում իշխանության պահպանման օրենքը գործի վայրագաբար:
Ձախողված հայկական հեղափոխությունները Հայաստանում գոցել էին հասարակության՝ իշխանափոխության իրականացման հնարավորությունների դուռը: 2018թ. ապրիլյան հեղափոխությունը, չնայած իր առեղծվածային բնույթին եւ կայծակնային արագությանը, հնարավորությունների դուռ բացեց Հայաստանի համար: Եվ գործնական քաղաքականությամբ իր իրավացիությունն ապացուցած ձեւակերպումը՝ «Իշխանություն վերցնելն ավելի դյուրին է, քան այն պահպանելը», հետհեղափոխական Հայաստանի դեպքում եւս սկսեց աշխատել ժամացույցի ճշգրտությամբ:
Հետհեղափոխական Հայաստանում իշխանություն պահպանելը դառնում է ավելի ու ավելի դժվար: Հակահեղափոխության բոլոր օջախները, որոնք միմյանց հետեւից փոշիանում էին Նիկոլ Փաշինյանի հանդեպ հանրության մեծ վստահության պայմաններում, հեղափոխությունից մեկ տարի անց դարձյալ սկսեցին վերահավաքել հեղափոխության քամուց ցաքուցրիվ եղած ավազահատիկները:
Մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը փառահեղորեն մսխեցին հեղափոխությունը՝ փոշիացնելով հանրային սպասումներն ու ձգտումները: Մեկ տարի շարունակ Փաշինյանը կարողացավ իշխանությունը պահպանել «սեւերի եւ սպիտակների» հակադրության խորացման, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հանրային խոր ատելության հետեւանքով: Սակայն հանրային վստահությունը շագրենու կաշվի պես պակասում է, իշխանության պահպանման նոր տեխնոլոգիաները՝ հնանում: Մանավանդ որ, հեղափոխությունից մեկ տարի անց անգամ Նիկոլին անվերապահորեն աջակցող հանրությունն արդյունքներ է պահանջում: Հետհեղափոխական Հայաստանում հեղափոխական փոփոխություններ չիրականացվեցին մի կողմից այդ փոփոխությունների բովանդակության եւ ուղղության մասին պատկերացումների եւ ծրագրերի բացակայության, մյուս կողմից՝ ապաշնորհ կադրային քաղաքականության պատճառով: Մեկ տարվա ընթացքում Հայաստանում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, սահմանադրական, դատաիրավական փոփոխություններ այդպես էլ չիրականացվեցին, եւ այժմ այդ բացակա փոփոխությունները հակահեղափոխության մեծ ներուժ են պարունակում: Հակահեղափոխությունը Հայաստանում դեռ չի հաղթել, սակայն անիշխանությունը հաղթում է հեղափոխության ձգտումներին:
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը մսխել են ոչ միայն հեղափոխությունը, այլեւ իրենց տրված ժամանակը: Իսկ ժամանակը թռչուն է, ինչպես իշխանությունը, որոնք մի օր անվերադարձ հեռանում են:
Հեղափոխությունից 14 ամիս անց Հայաստանում միակ իշխանությունն անիշխանությունն է: Ուշագրավն այն է, որ անիշխանության այդ լայնահուն գետը մի քանի վտակներ ունի, որոնցից ամենամեծը հենց հանրությունն է, որին մեկ տարի շարունակ վստահեցնում են, որ ինքն է «միակ իշխանությունը» Հայաստանում:
Անցնող 14 ամիսներն ապացուցեցին, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեսպոտիզմից ճնշված հայաստանյան հանրության մոտ ազատության եւ «միակ իշխանության» արատավոր ընկալումներ են ձեւավորվել: Այդ դեսպոտիզմից ազատագրված հանրությունը, որ հետհեղափոխական ամիսներին մերժում էր այլակարծությունը, ձաղկում Փաշինյանի իշխանության քննադատության յուրաքանչյուր փորձ, այժմ մերժում է նաեւ օրինականության վերականգնման՝ Փաշինյանի անգամ խիստ ուշացած փորձերը: Այդ հանրությունն ազատության արատավոր ընկալում է ձեռք բերել: Զանգվածայնորեն, անպատիժ եւ շարունակ խախտել ճանապարհային երթեւեկությունը, վարել եւ երթեւեկել՝ ահասարսուռ իրավիճակ ստեղծելով բոլորի համար, մեքենայի ազդանշանը եւ երաժշտությունը բարձր միացրել՝ իշխող անպատժելիության եւ տարակուսելի անօրինականության պայմաններում: Այդ հանրությունը ձգտում է անգթաբար շարունակել հատել անտառները, շահագործել Սեւանը, աղտոտել շրջակա միջավայրը եւ բնապահպանական աղետն ավարտին հասցնել: Սա հենց այն հանրությունն է, որ ձգտում է ոչ թե օրինականության հաստատման, այլ բացահայտ անարխիայի: Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը մեծապես նպաստեց նման հանրության ձեւավորմանը: Հանրային ընկալումները փոխելու, հանրությանը կրթելու փոխարեն այդ հանրությանը ներարկվեցին պոպուլիզմով հագեցած ագրեսիան, ապաքաղաքականությունը, ապագաղափարականությունը, ապազգայնությունը: Եվ այժմ անիշխանության այդ վտակը սպառնում է դուրս գալ ափերից:
Անիշխանության մյուս վտակները՝ կորսված ժամանակը, չիրականացված փոփոխությունները, ապաշնորհ կադրային քաղաքականությունը, ապաքաղաքական խորհրդարանը, Քոչարյան-Սարգսյան միավորումը, Հայաստանում ստեղծում են իշխանության քայքայման իրական վտանգներ: Երեւանյան փողոցներում գետի պես հոսող կենցաղային աղբը անիշխանության «նյութական» խորհրդանիշներից է:
Հեղափոխությունից 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցնում է իշխանությունը: Հայաստանում անիշխանությունը հաջորդում է կառավարման անարդյունավետությանն ու անփութությանը: Սա սողացող հակահեղափոխության առաջին գրավված բարձունքն է: Թեպետ իրականում այդ բարձունքը ոչ թե գրավել են, այլ Փաշինյանն ինքն է այն հանձնում:
«Սեւերի եւ սպիտակների» հակադրությամբ անհնար է եւս մեկ տարի կառավարել՝ իրականում չանելով եւ ոչ մի հաջողված գործնական քայլ: «Հանգիստ նստելու», «ասֆալտին փռելու» սպառնալիքներն արդեն չեն աշխատում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ տարում ձախողեց հեղափոխությունը եւ հանրության հույսերը: Եվ այժմ՝ հեղափոխությունից մեկ տարի անց, Փաշինյանն արագորեն կորցնում է իշխանությունը, թեպետ իշխանության խաբկանքը կարող է մատուցվել եւ ընկալվել որպես իրական իշխանություն:
Նիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը, եւ առաջիկայում այդ իշխանությունն անարժանապատիվ պահպանելու կամ արժանապատվորեն հանձնելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ բռնապետության հաստատում, կա՛մ ժողովրդավարության եւ օրինականության հաստատում՝ նոր Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի ընդունմամբ եւ խորհրդարանի նոր՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ՝ ազատ ընտրություններով նոր իշխանության ձեւավորմամբ:
Հայաստանում, ուր բռնապետություն հաստատելն անհնար է, դժվար է հաստատել նաեւ այնպիսի ժողովրդավարություն եւ ազատություն, որոնք չշփոթեն անարխիայի, ամենաթողության եւ ինքնիրավչության հետ:
Կարծիքներ