Արցախցիները չկարդացած թղթի տակ ստորագրություն չեն դնում
Ազատամարտիկների դաշինքի անդամներ Ռազմիկ Պետրոսյանն ու Գագիկ Մելքոնյանը աջակցում են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու հայտը։ Վերջին ամիսներին նրանք Արցախում եղել են Բաբայանի կողքին, մասնակցել ստորագրահավաքին, ծանոթ են արցախցիների տրամադրություններին։ Մենք զրուցեցինք «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։
- Պարոն Պետրոսյան, ավարտվեց ստորագրահավաքը, որով Սամվել Բաբայանը դիմելու է սահմանադրական փոփոխությունների առաջարկով, որպեսզի կարողանա առաջադրել իր թեկնածությունը։ Ի՞նչ ակնկալիքներ կան Արցախի իշխանություններից, մենք լսել ենք արձագանքներ, որ գործընթացը հակաիրավական է, հնարավոր է մերժվի Բաբայանի առաջարկը։
- Մենք ողջունել ենք իր հայտը եւ ինչով հնարավոր է, պատրաստ ենք աջակցել։ Ինչ վերաբերում է սահմանադրականության հարցին, կարծում եմ՝ մեկնաբանության խնդիր կա, իրենք մեկնաբանում են, թե առաջարկն արվում է, որ ՀՀ քաղաքացին ընտրվելու իրավունք ունենա։ Խոսքը դրա մասին չէ, այլ Արցախում գրանցված քաղաքացիների, որոնք այնտեղ չեն ապրում։ Մարդիկ, որոնք ունեն ընտրելու իրավունք, ապա պետք է փոխվի բնակության ցենզը, հիմա 10 տարվա մշտական բնակություն ունեցողները միայն կարող են առաջադրվել․ Բաբայանն առաջարկում է շեմն իջեցնել, որպեսզի նրանք, ովքեր աշխատանքի կամ այլ բերումով այնտեղ չեն ապրել, կարողանան առաջադրվել, այդ պարագայում ինքն էլ կարողանա առաջադրվել։ Խոսքն Արցախում գրանցված, բայց Հայաստանում բնակվածների մասին է, որը հակասահմանադրական չէ։
Այլ հարց է, որ Արցախի իշխանությունները կփորձեն մանիպուլյատիվ ճանապարհներով այլ բան ներկայացնել, իսկ սա վկայությունն է այն բանի, որ վախենում են այդ մարդու առաջադրումից։ Մեր խնդիրն այն է, որ ապահովեն ժողովրդի կամքը, նրանք, ովքեր ուզում են առաջադրվել, պետք է առաջադրվեն, թող ընտրությունների արդյունքները որոշեն։ Այդ մարդը հայրենիքի համար կյանք է տվել, պատրաստ է եղել իր կյանքը դնել զոհասեղանին, արժանացել է հերոսի կոչման, առաջին հիմնադիր հրամանատարն է եղել, հիմա այսօր էլ պատրաստ է ծառայել իր ժողովրդին, կարժանանա՞ ժողովրդի քվեին՝ շատ լավ, չէ՝ Աստված իր հետ։ Մենք չենք ասում, որ պիտի գնանք ժողովրդին համոզենք, որ ձայն տան Սամվել Բաբայանին։ Վայ-իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այսօր շատ արցախցիներ լքել են հայրենիքը, հիմա ի՞նչ անենք, այդ մարդիկ այսօր պատրաստ են, հույս ունեն, որ Հայաստանում կատարված հեղափոխությունը կարող են նաեւ իրականացնել Արցախում, դարձնել այն նորմալ երկիր, ազատվեն այդ կլանից։ Դրա հնարավորությունը մենք տեսնում ենք Բաբայանի միջոցով։
- Հայաստանի հեղափոխությունն Արցախում պրոյեկտելու վտանգների մասին բազում կարծիքներ են հնչել, շատերը դա հնարավոր են համարում միայն փողոցային պայքարի ճանապարհով եւ ասում են, որ նման իրավիճակից կարող են ավելի շուտ օգտվել հակառակորդները։
- Այսինքն՝ Արցախը կարող է բռնապետության, թալանի, մոնոպոլիաների մեջ ապրել, եւ դա ավելի քիչ վտանգավոր է, քան երբ որ ժողովրդավարությո՞ւն հաստատվի։ Այն ժամանակ, երբ Ղարաբաղը կոչվում էր ժողովրդավարության կղզյակ, ինքն ավելի անխոցելի էր, քանի հիմա, երբ գիտենք, որ այն մի քանի մարդու ձեռքին է։ Ամբողջ համայնքներն ու գյուղերը դատարկվել են։ Հիմա մենք ո՞ր տարբերակն ենք ընտրում՝ դատարկ Ղարաբա՞ղ, բայց դրսից դերասանություն անենք, որ իշխանությունն ամուր է, ժողովրդական ցնցումներ չկան։ Հեղափոխություն պետք չէ անել, ընդամենը մաքուր ընտրության հնարավորություն տալ, ժողովրդի կամքի արտահայտման հնարավորություն։ Ընդամենը այսքանը։ Ստորագրահավաքի հարցումների ժամանակ ես նկատեցի, որ իշխանությունները որքան էլ փորձեցին ամեն գնով խոչընդոտել գործընթացը, տարան նույնիսկ համայնքների կենտրոններում, հատուկ իրենց վերահսկողության տակ արեցին ստորագրահավաքը՝ իմանալով, որ այնտեղ ժողովուրդը կվախենա, չի մասնակցի, քանի որ Արցախում իրականում հետխորհրդային իրավիճակ է, ժողովուրդը վախենում է սովետական կագեբեի մեթոդներով աշխատող իրավապահներից։ Բայց դա չխանգարեց, որ մեծ թվով ժողովուրդ՝ ավելի քան 25 հազար, մասնակցի ստորագրահավաքին։
- Մինչդեռ համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որոնցից ակնհայտ էր, որ մանիպուլյացիաներ են արվել, հարցրել են՝ ուզո՞ւմ ես ընտրել Գագիկ Ծառուկյանին՝ ստորագրիր։
- Հա, իհարկե, ինչպե՞ս կարող էին մի 4-5 դերասանի չնկարեին ու չտարածեին։ Ես անձամբ գիտեմ, իրազեկված եմ․ հարցը դրվել է շատ ուղիղ՝ ուզո՞ւմ եք Սամվել Բաբայանը մասնակցի։ Երկրորդ․ արցախցիները գրագիտության առումով խնդիրներ չունեն, չկարդացած թղթի տակ ստորագրություն չեն դնում, իսկ հարցումների պաշտոնաթերթիկի հենց վերեւում նշված է նպատակը։
- Արցախի իշխանությունը Բաբայանին առաջադրվելու հնարավորություն կընձեռի՞։
- Իրենք ամեն գնով փորձելու են վերարտադրվել, բնականաբար՝ խոչընդոտել այս գործընթացը։ Իրենց համար, ինչպես Հայաստանում էր, վերարտադրվելն օրհասական խնդիր է։ Իշխանությունների համար իշխանություն պահելը լինել-չլինելու խնդիր է։ Ում կերպարով էլ լինի, ամեն ինչ անելու են, որ վերարտադրվեն, պահպանեն իրենց բանդան․ Սամվել Բաբայանից բացի, բոլորն էլ իրենց հարմար թեկնածու են։ Իրենք գիտեն, որ մենակ Բաբայան Սամոն իրենց չի ենթարկվի։
- Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մասին խոսվում է, թե Հայաստանի իշխանության համակրանքն է վայելում։
- Արայիկ Հարությունյանը նույն Բակո Սահակյանի, Սերժ Սարգսյանի կլանի ներկայացուցիչ է։ Ինչի՞ մասին է խոսքը։ Իրենք նույն թիմն են, աշխատել են համակարգում։
- Խոսվում է, որ եթե սահմանադրական փոփոխությունների չհասնի բանը, Բաբայանը կգնա փողոցային ընդվզման։
- Եթե մարդն իր ստորագրությունը դրել է, ապա դրա հետեւից գնալու է, երբ տեսնի, որ իր օրինական կամարտահայտումը մերժվում է։ Մենք վստահ ենք, որ արժանապատիվ արցախցին իր կամքի հետեւից գնալու է։ Ես 99 տոկոսով վստահ եմ, որ իշխանությունները ռիսկ չեն անի գնալ արկածախնդրության, այդ ծավալի ստորագրություն տված ժողովրդին՝ այդ կարգի արգելապատնեշներ շրջանցած, չեն մերժի։ Իսկ եթե գնան, դա արդեն կմնա իրենց խնդիրը, ժողովուրդը կըմբոստանա․ դա էլ է իր խնդիրը։
- Փողոցային պայքարի, խժդժությունների դեպքում հնարավո՞ր է ճակատ բացվի սահմանին, ինչպես պնդում են որոշ գործիչներ։
- Ադրբեջանի եւ Հայաստանի նախկին եւ Արցախի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը միշտ եղել է դա, որ պատերազմով վախեցնեն ժողովրդին։ Ավելի լավ է այդ պատերազմը լինի, քան երկիրը դատարկեն, Արցախը մեր հիմնական օջախներից մեկն է, որտեղ ժողովուրդը պետք է ազատ ապրի, ոչ թե հեռանա այս հողից, իսկ այսօր կորցնում ենք Արցախը, այն պահելու գլխավոր խնդիրն Արցախը վերաբնակեցնելն է, ինչը ներկա իշխանության պարագայում հնարավոր չէ։
Կարծիքներ