ԱԺ-ում աչք չեն բացում գործուղումներից

ԱԺ-ում աչք չեն բացում գործուղումներից

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության լոզունգներից մեկն էլ պետական բյուջեի խնայողությունն էր, թալանին վերջ տալը, ամեն լուման նպատակային ծախսելու պահանջը: Հեղափոխականներն ասում էին, որ հարկատուների վճարած գումարները խնայելն այս կառավարության առաջնահերթությունների շարքն է դասվում: Սակայն վերջին շրջանում կառավարության եւ Ազգային ժողովի գործուղումների ցանկը տեսնելով՝ կարելի է մոտավոր պատկերացնել, թե ինչքան գումար է ծախսվում անիմաստ գործուղումների վրա, ինչը մի բանի մասին է խոսում՝ խնայողությունների թեման օրակարգից դուրս է եկել։

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, հոկտեմբերի սկզբներից սկսած՝ մեկ ամսվա կտրվածքով մոտ 20 գործուղում է եղել արտերկիր, կարելի է ասել՝ հատուկենտ օրերի միայն չեն մեկնել գործուղման։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 11-12-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) է գործուղվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով երկու օր անց էլ մեկնել է Փարիզ։ 14-18-ը նա Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ՝ իմքայլական Սոնա Ղազարյանի, ԲՀԿ-ական Արման Աբովյանի եւ ԼՀԿ-ական Արկադի Խաչատրյանի հետ եղել է Փարիզում։ Այցին մասնակցել է նաեւ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։ Հոկտեմբերի 13-16-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) է գործուղվել «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ մասնակցելու «Վերականգնելով 1989-ի խոստումը» խորագրով համաժողովին։  

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 20-23-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) են գործուղել ՍԾՏՀ ԽՎ-ում պատվիրակության անդամ՝ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին եւ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Էվաջյանին: Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար հոկտեմբերի 17-20-ը ներառյալ ԱԺ-ն Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղել պատգամավորներ Նարեկ Մկրտչյանին, Ալեքսեյ Սանդիկովին եւ Մաթեւոս Ասատրյանին։

«Չինաստան-Կենտրոնական Ասիա» համագործակցության 7-րդ համաժողովին մասնակցելու համար հոկտեմբերի 16-ից երեք օրով Նանին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) են մեկնել մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իմքայլականներ Արուսյակ Ջուլհակյանը, Գեւորգ Պապոյանը, Շիրակ Թորոսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փորձագետ Արեւիկ Նավոյանը։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 21-23-ը Սանկտ Պետերբուրգ են մեկնել Լենա Նազարյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ իմքայլական Գոռ Գեւորգյանը։ Հելսինկյան կոմիտեի Հայաստանի բարեփոխումների օրակարգին նվիրված լսումներին հանդես գալու համար հոկտեմբերի 21-23-ը Վաշինգտոն են գործուղել իշխող ուժից Համազասպ Դանիելյանին։ Պաշտոնական այցով հոկտեմբերի 26-28-ը Հռոմ եւ հոկտեմբերի 29-30-ը Նեապոլ է մեկնել ԱԺ մեծ՝ 12 հոգանոց պատվիրակություն՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ 

ՀԱՊԿ ԽՎ առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցությունը եւ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի համատեղ արտագնա նիստին մասնակցելու համար էլ հոկտեմբերի 27-30-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) են գործուղվել համանուն մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու  երկու պատգամավոր իշխող ուժից։

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացին մասնակցելու համար հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը Բարսելոնա են մեկնել իշխող խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Սարգիս Խանդանյանը։ Հոկտեմբերի վերջին օրերն էլ աչքի են ընկնում առատ վոյաժներով՝ Կիեւ, Մոսկվա, Թբիլիսի, կրկին Պրահա, Ռեյկյավիկ, Դոլոմոն, Հանոյ, Դանանգ, Ստոկհոլմ։ Կիեւում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին 29-31-ը ներառյալ մասնակցել են Եվրանեսթ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը եւ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը։ Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը աշխատանքային այցով Պրահայում են եղել պետաիրավականի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, հանձնաժողովի իշխանական անդամներ Նազելի Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը, Սիսակ Գաբրիելյանը, ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը եւ ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը։

ՀԱՊԿ քարտուղարության «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության դերի մասին» միջազգային համաժողովը միակ միջոցառումն է, որին մասնակցելու է մեկնել ընդամենը մեկ հոգի՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը։ Հոկտեմբերի 28-30-ն էլ աշխատանքային այցով Թբիլիսիում են անցկացրել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Էդվարդ Անդրեասյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Վարազդատ Եղիազարյանը։ Պաշտոնական այցով նոյեմբերի 4-6-ը եւ 8-ին Հանոյ եւ 7-ին Դանանգ (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) են գործուղել Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանին, պատգամավորներ Կարեն Սիմոնյանին, Վահե Ղալումյանին, Մաթեւոս Ասատրյանին եւ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանին: Նույն օրերին Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) են գործուղվել ԼՀԿ-ական Անի Սամսոնյանն ու Գայանե Աբրահամյանը: Կին առաջնորդների համաշխարհային ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար նոյեմբերի 17-21-ը Ռեյկյավիկ (Իսլանդիա) կմեկնեն ԱԺ փոխնախագահ  Լենա Նազարյանն ու ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանը։ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային վեհաժողովի 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 13-17-ը Դելեմոն (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվեն Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Եղոյանը, Սոնա Ղազարյանը եւ ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։

Այսպիսով՝ մեկ ամսվա կտրվածքով մոտ 70 հոգու գործուղման ծախս է արվել, ամենակարճ գործուղումը եղել է երեք օրով։ Ծախսերի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար նշենք, որ ամենամոտ՝ Մոսկվա գործուղման համար մեկ պատգամավորի հաշվով, ավիատոմսերի գներն ու հյուրանոցը ներառյալ, մոտ 1500 դոլար գումար է ծախսվում, եվրոպական պետությունների դեպքում գումարի չափը կրկնապատկվում է։