Դրամահավաք է սկսվել տունն այրած Աղավնոյի բնակչին բնակարան գնելու համար

Դրամահավաք է սկսվել տունն այրած Աղավնոյի բնակչին բնակարան գնելու համար

Օրերս Աղավնոյի բնակիչներից մեկն այրել էր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ 28 տարի իր ընտանիքի հետ ապրել է այդ տանը, իսկ այժմ տունն անցնում է ադրբեջանական կողմին։ Ըստ նրա՝ իր հայրը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ինքը ևս բազմաթիվ հարազատների է կորցրել։ «Ասում են փոխհատուցում են տալու։ Էլ ոչ մեկ մեզ չի կարող փոխհատուցել էս հողի համար։ Էսի եթե իմ երեխեն չի վայելելու, թուրքը չպիտի վայելի», – նշել էր նա։

Օգոստոսի 5-ին, հիշեցնենք,  Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը  հանդիպել էր Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տեղեկացնանք, որ նախաձեռնություն է սկսվել, որով դրամահավաք է կազմակերպվում տունն այրած Աղավնոյի բնակչին՝ Արամին, բնակարան գնելու համար։