Ոչ թե ընկճվել ու խուճապի մատնվել, այլ դիմակայել - 2 

Ոչ թե ընկճվել ու խուճապի մատնվել, այլ դիմակայել - 2 

Երեւանը պետք է պահանջի հրավիրել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ՝ քննարկելու եռակողմ հայտարարության ժամկետների եւ պայմանների խախտման հարցը: Մասնավորապես, Լաչինի միջանցքի վաղաժամկետ վերացման հարցը, ինչը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիակատար շրջափակմանը, կյանքի համար տարրական պայմաններից նրան զրկելուն, հումանիտար աղետի եւ, ի վերջո, տարհանմանը Հայաստան, որը հնարավորություն չունի ընդունելու փախստական դարձած 100 հազարից ավելի այդ մարդկանց: 

Միաժամանակ, Երեւանն անհատապես պետք է դիմի բոլոր կարեւոր պետությունների ղեկավարներին, հեղինակավոր միջազգային եւ մարդասիրական կազմակերպություններին, կարեւորագույն լրատվամիջոցներին՝ բացատրելով, թե արհեստականորեն ինչպիսի աղետ են պատրաստում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որպեսզի ստիպեն Հայաստանին հրաժարվելու Զանգեզուրի՝ Իրանին սահմանակից մասից: Դա կհանգեցնի նրան, որ հարեւան պետությունների հետ Հայաստանի ունեցած 4 սահմաններից կմնա միայն մեկը: Մյուսները փակ կլինեն դեպի ծով ելք չունեցող մեր երկրի համար: Իսկ դա կարող է հումանիտար աղետի պատճառ դառնալ բուն Հայաստանում: 

Այդպիսով Երեւանն աշխարհի ուշադրությունը կփորձի սեւեռել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վրա:  

Քանի որ Մեծ Թուրանի գաղափարով տոգորված Էրդողանի կառավարման եւ կյանքի ժամկետները սպառվելուն մոտ են, իսկ Իլհամ Ալիեւը հայտնի խաղամոլ է, նրանք, չի բացառվում, չկարողանան զսպել իրենց կրքերը եւ կատարեն ավելի բացահայտ հանցագործություններ: Դա Երեւանին հնարավորություն կընձեռի՝ աշխարհին, որի ուշադրությունն արդեն իսկ սեւեռված կլինի հայերի վրա, հիշեցնելու 102 տարի առաջ տեղի ունեցած Լենին-Ստալին-Աթաթուրք հանցավոր գործարքի մասին, որի անպատիժ մնալը հանգեցրեց դրա կրկնությանը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի եւ երկրորդ աշխարհամարտի տեսքով: Այն գործարքի, որի հետեւանքով հայկական Ղարաբաղն ու Նախիջեւանը հանձնվեցին նորաստեղծ Ադրբեջանին: Եթե ադրբեջանցիները շարունակեն արցախցիների դեմ ռազմական ուժ եւ այլ հանցավոր միջոցներ կիրառելով տարհանել նրանց, չի բացառվում, որ Արցախի դեպքն Արեւմուտքը նմանեցնի Կոսովոյի դեպքին եւ ճանաչի նրա անկախությունը: Նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկի, որոնք կպաշտպանեն մեր հայրենակիցներին:

Արցախում եւ ՀՀ սահմաններին տեղի ունեցող զինված բախումներից բացի, կլինեն հայերին ընկճելու, թեւաթափ անելու, անպաշտպան ու դժբախտ լինելու զգացումները նրանց մոտ թարմացնելու եւ ուժեղացնելու գործողություններ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Երեւանում կլինեն իրավիճակի ապակայունացման գործողություններ, հնարավոր է լինեն դժբախտ պատահարներ, աղետներ, բացառված չեն ահաբեկչությունները, ռազմական հեղաշրջման փորձը, նոր Հոկտեմբերի 27: Դրանք, ցավոք, կզուգորդվեն մարդկային զոհերով, որոնց մեջ կլինեն կանայք, նաեւ, ավա՜ղ, հղի կանայք, երեխաներ, հանրահայտ գործիչներ: Եվ այդ զոհերն անընդհատ կցուցադրվեն ու կհիշատակվեն լրատվամիջոցներով, կհայտարարվեն սգո օրեր, փողոցներում կձգվեն սեւ ժապավեններ եւ այլն: Որպեսզի հայ ժողովուրդը չմոռանա, թե ինչքան դժբախտ է, անպաշտպան, բոլորի կողմից լքված, ցեղասպանված ու ցեղասպանվող…

Պետք չէ վախենալ, թե Ադրբեջանը, Թուրքիան կամ այլ պետություն կարող են հարձակվել ու գրավել Հայաստանը կամ նրա մի մասը: Ագրեսորին դա չի ներվի, եւ նա ստիպված կլինի վճարել անասելի մեծ չափի կործանիչ վճար: Հայաստանը, ի տարբերություն Արցախի, աշխարհի կողմից ճանաչված պետություն է: Այդ պատճառով էլ այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ, հնարավոր չէ կրկնել որպես եվրոպական երկիր ճանաչված Հայաստանի պարագայում: Վկա՝ Ռուսաստանը, նրա մեկուսացումն ու նրա դեմ կիրառվող պատժամիջոցները: 

Դրանք հենց այն պատճառով են կիրառվել, որպեսզի հետագայում ոչ մի պետության ղեկավարի մտքով իսկ չանցնի, թե ինքն ինքնակամ կարող է փոխել Եվրոպայի սահմանները: Բոլոր այդպիսիները, հատկապես նրանք, ովքեր բռնապետներ են եւ ցանկանում են իրենց գահը պահպանել, մինչեւ մահվան օրը պետք է իմանան, որ գտնվում են Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի «սեւ ցուցակում»: Եվ վաղ թե ուշ գահընկեց են արվելու՝ անկախ այն բանից, թե որքան գազ ու նավթ ունեն, կամ թե իրենց ղեկավարած երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, թե ոչ: 

Այո, Արեւմուտքը դանդաղ է գործում, բայց անշեղորեն է դա անում: Նրան դժվար է կաշառել ու կանգնեցնել: Վկան՝ Սադամ Հուսեյնը եւ Քադաֆին: Հիշենք Ուինսթոն Չերչիլի հայտնի աֆորիզմը․ Միացյալ Նահանգները միշտ էլ ճիշտ որոշում է կայացնում … նախապես փորձարկելով բոլոր մյուս հնարավորությունները:

Հայե՛ր, չհուսահատվեք ու թեւաթափ չլինեք: Կարեւորն այն է, որ մենք պահպանել ենք մեր պետականությունը: Այլապես մեր հարցերը կտնօրինեին այլ երկրի պաշտոնյաներ, որոնց համար գոնե բարոյական ամոթ ու հանցագործություն չէին համարվի նավթադոլարներով կաշառք վերցնելը կամ հայկական տարածքների հաշվին իրենց հետաքրքրող հարցերը լուծելը: Իսկ Հայաստանում, բարեբախտաբար, ղեկավարները փոխվում են: Դա արվում է նույն Արեւմուտքի պահանջով, այլապես նրանք կզրկվեն վերջինիս ֆինանսական աջակցությունից ու կհայտնվեն պատժամիջոցների ներքո: 

Հայաստանյան ղեկավարները կգան ու կգնան: Նրանց ընտրող ժողովուրդն էլ ժամանակի ընթացքում, հուսանք, փորձառություն ձեռք կբերի եւ այլեւս չի ընտրի խաբեբաներին, թալանչիներին եւ, ինչը որ ամենավատն է, այլ պետությունների շահերը սպասարկողներին: Այնպես որ, պետք չէ վախենալ այն ամենից, ինչ այսօր կատարվում է Արցախում ու Հայաստանում՝ անկայուն, քաոսային իրավիճակ ստեղծելու ձեւով: Այդ ամենն ամիսներ անց կվերանա: Չկա չարիք՝ առանց բարիքի: Իսկ անկախ պետականությունն ու Սյունիքն անասելի չափերի բարիքներ են:

Գրիգոր Էմին-Տերյան