Կարեւոր է ճիշտ մեթոդով «զանգը կախել»

Կարեւոր է ճիշտ մեթոդով «զանգը կախել»

Հայաստանյան լրատվադաշտը, հատկապես վերջինիս ոչ իշխանական եւ ոչ իշխանամերձ սեգմենտը թեկուզեւ հպանցիկ ուսումնասիրելիս հաճախ կարելի է հանդիպել ամենատարբեր ոչ իշխանական կամ ոչ իշխանամերձ ուժերի, խմբերի կամ գործիչների կոչերի, որ, օրինակ, անհրաժեշտ է սկսել ազգային ազատագրական պայքար ու տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կամ որ Փաշինյանի իշխանությանը պետք է հեռացնել եւ այլն։ Նմանատիպ կարգախոսների պակաս, կարելի է ասել, չկա, ու թումանյանական հայտնի հեքիաթի հետ զուգահեռներ անցկացնելով՝ կարող ենք ասել՝ հայաստանյան մեր հանրային-քաղաքական դիսկուրսում ճառ ասողներ՝ որքան ուզեք։ Սակայն որքան բազմաթիվ, բազմազան ու խայտաբղետ են ճառ ասողները, նույնքան էլ առկա է գործնական քայլեր կատարելու «ճանապարհային քարտեզ» առաջարկողների կամ ներկայացնողների, թումանյանական հեքիաթի հանգույն՝ «զանգ կախողների» պակաս՝ դեֆիցիտ։ Գործնականում կարելի է ասել, որ նրանք հազվադեպ են՝ լինեն անհատ գործիչներ, հանրային խմբեր թե քաղաքական ուժեր, որոնք առաջարկում են` ահա, այս եղանակով հասնել այն բանին, որ, պատկերավոր ասած՝ «Փաշինյանին տուն ճանապարհենք՝ իր թիմով հանդերձ»։ 

Գրեթե բոլորն առաջարկում են քաղաքական պայքար սկսել, դուրս գալ փողոց, ցույցեր, միտինգներ անել, ու այդպես շարունակ։ Տպավորություն կա, որ բոլորը մնացել են, այսպես ասած, 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների «շորշոփի» տակ ու չեն փորձում առաջ գնալ կամ գոնե նայել իրենց շուրջը։ Մինչդեռ այն, ինչ աշխատող էր 18 թվականին, այսօր այլեւս չի աշխատում, այն, ինչ հաջողություն բերեց Փաշինյանին, այսօր չի կարող հաջողություն բերել եւ ոչ մի «ազգափրկչի» ու «մեսիայի»` հազար ու մի պատճառով։

Նախ, 2018 թվականին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային քաղաքական իրավիճակն այսօրվա համեմատությամբ այլ էր՝ գույները համեմատաբար ավելի մեղմ էին, այսչափ խտացված չէին, կոշտ ուժի կիրառումն էլ ողջ աշխարհում մերժվում էր ու դատապարտվում։ Երկրորդ․ եթե հետհայացք ենք գցում, ապա կար որոշակի կոնսենսուս, որ մեր տարածաշրջանին պետք է նոր ճարտարապետություն, եւ դրա համար նաեւ Հայաստանում կարող է լինել նոր իշխանություն կամ տարածաշրջանի նոր ճարտարապետության հետ կապված՝ Հայաստանին առնչվող հարցերի մասով նոր բանակցող, եթե ավելի «ռեալ պոլիտիկի» դիրքերից նայենք։ Նաեւ կար համընդհանուր դժգոհություն Հայաստանում գործող ղարաբաղյան ծագումով իշխանություններից` դժգոհ էին ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ հայաստանյան իշխանության ու հասարակության ներսում:
Երրորդ․ կար փոփոխությունների հանրային պահանջ ներհայաստանյան իրականության մեջ։ Բացի այդ, այն ժամանակվա քաղաքական վերնախավն էլ հասկանում էր, որ մտնում ենք նոր դարաշրջան, ու դեմ չէր պատմության եւ սերունդների առաջ անեծքով չհիշվելու համար՝ խաղաղ ու հնարավորինս իրականությանը մոտ սցենարով դիրքերը զիջել, իշխանությունը փոխանցել։

Անգամ եթե ինքը` Սերժ Սարգսյանը, այդ ծրագրին համաձայն չէր, նրա մերձավոր շրջապատում` սկսած փոխվարչապետից մինչեւ փեսա, համաձայն էին, որ Սերժ Սարգսյանը սպառել է իրեն եւ պետք է հեռանա կամ նոր թիմ ձեւավորի: Ասել, թե Հայաստանում ժողովրդական զանգվածները կործանեցին հին կարգերը եւ այլն, կնշանակի՝ քաղաքական իմաստով տգետ լինել։ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ նման բառապաշարը եւ նման կատեգորիաները կարող են ակտուալ լինել։ Եթե, օրինակ, վերոգրյալ հանգամանքների գոնե մեծ մասի պարագայում համընկնում չլիներ, ապա ոչ մի բան տեղի չէր ունենա։ Հայաստանում, եթե կուզեք, նույնիսկ «քաղաքական զուգարանակոնքերն» են փոխվում որոշակի «արտաքին ու ներքին կոնսենսուսի» առկայության պարագայում, էլ ուր մնաց, թե, օրինակ, ղարաբաղյան հարցով կամ Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հարցերով բանակցողի փոփոխություն լիներ հենց այնպես։

Եթե որեւէ մեկը կասկածում է, ապա թող հեռու չգնա․ Էդգար Ղազարյանի ցույցը դրա ամենավառ ապացույցն է՝ հրապարակում հավաքած 2 հազար 500-ից մինչեւ 3 հազար մասնակցով։ Եվ, ուրեմն, խնդիրն այն չէ, թե պետք է այս ամենը գիտակցելով զենքերը ցած դնել ու չպայքարել։ Ոչ։ Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրականությունն աշխարհում եւ տարածաշրջանում, հասկանալ ամեն մի մանրուքը, ճիշտ հետեւություններ անել ու նոր միայն ձեռնամուխ լինել «զանգ կախելուն»։ Կարեւորը «զանգ կախելը» չէ, այլ՝ ճիշտ մեթոդով «կախելը», որպեսզի ամեն բան արդյունավետ լինի։