Սեյրան Օհանյա՞նն է խոսում բանակում անարդարություններից

Սեյրան Օհանյա՞նն է խոսում բանակում անարդարություններից

Որքան էլ ուզում ենք այսօրվա ընդդիմությանը չքննադատել, երբեմնի ամենաբարձր պաշտոնյաներին չհիշեցնել, թե ովքեր են իրենք եղել իրենց «նախորդ կյանքում», որպեսզի ջուր չլցնենք ազգակործան իշխանության ջրաղացին, չի ստացվում: Այսօրվա ընդդիմադիրներից` անցյալի իշխանավորներից ոմանք այնպիսի հարցերում են մեղադրում ներկայիս իշխանությանը, որ, պարզապես, չես կարող չհակադարձել: 

Ինչպես գիտենք, կառավարությունը նախատեսում է «բարեփոխումներ» իրականացնել բանակում, եւ շարքային կազմի համար մտադիր են ստեղծել 24 մլն դրամի դիմաց ծառայությունից վաղաժամկետ ազատվելու (4,5 ամիս հետո) հնարավորություն։ Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Փաշինյանի կառավարությունից որեւէ լավ բան սպասելն արդեն անիմաստ է: Այս օրենքը շատ լավ տեղավորվում է բանակը քանդելու եւ կազմալուծելու նրա ծրագրի մեջ, որն իրականացնում է իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ՝ Ալիեւի պահանջով: 

Այս օրենքով, փաստորեն, նորից հնարավորություն է տրվում սոցիալապես ապահով ընտանիքների տղաներին՝ ազատվել զինվորական ծառայությունից: Այս խավը նախկինում էլ էր արտոնյալ: Դժվար է հիշել որեւէ օլիգարխի կամ միջինից բարձր ապահովվածության ընտանիքի տղայի, ով ծառայել է բանակում, այն էլ՝ սահմանին: Պարզապես հիմա դա արվելու է օրենքով: Եթե նախկինում այդ գումարները մտնում էին զինկոմիսարների կամ բժշկական հանձնաժողովների գրպանը, վերջիններս էլ այդ փողերից «մուծվում» էին վերեւներին, ապա հիմա դա արվելու է օրենքով, ու այդ գումարները մտնելու են բյուջե: Այլ հարց է, թե այդ բյուջեն ինչպես է ծախսվելու: 

Բայց զավեշտալի է, որ հարցի սոցիալական արդարության մասին խոսում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նախկին նախարարի՝ կխախտվեն սոցիալական արդարությունն ու միասնականությունը. «Ես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր հարստացել են։ Ի վերջո, նրանց վճարած հարկերի շնորհիվ մենք գոյություն ունենք ու զարգացնում ենք մեր երկիրը։ Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, իսկ մնացածը ձգտելու են վաճառել իրենց ողջ ունեցվածքը եւ ազատվել զինվորական ծառայությունից»։ 

Սեյրան Օհանյանը հաղթական պատերազմի գեներալ է, լավ զինվորական, հայրենասեր: Դա ապացուցել է իր կյանքով… Բայց Հայաստանում բոլորը գիտեն, որ սոցիալական անհավասարությունը բանակում «թեւածում» է անցյալից, նաեւ՝ հենց Օհանյանի նախարարության օրոք: Որեւէ մեկը կարո՞ղ է մատնացույց անել մի օլիգարխի, մի մեծահարուստ պաշտոնյայի, որեւէ ազդեցիկ մարդու որդու, ով նորմալ, հավասար պայմաններում ծառայել է կամ, առհասարակ, ծառայել է Սեյրան Օհանյանի ղեկավարած հայկական բանակում: Ովքե՞ր էին գնում բանակ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, սահմաններում ու վտանգավոր զորամասերում հենց այս խավի երեխաներն էին ծառայում: Փողատերերն իրենց երեխաների համար գտնում էին ուղիներ, որեւէ «անհրաժեշտ» թուղթ, միջոց եւ որդիներին ազատում ծառայությունից: Իսկ այդ թուղթը փո՛ղ արժեր, մե՛ծ փող: Լավագույն դեպքում՝ հարուստների տղաները «ծառայում» էին իրենց մոտիկ մի «շտաբում», Երեւանում, ՊՆ-ում, զինդատախազությունում կամ զինվորական ծառայությանը հավասարեցված որեւէ կառույցում:

Սեյրան Օհանյանի ղեկավարած բանակում զինվորական պաշտոնյաներից ոմանց որդիները բանակի հաշվին, իբր լավ ծառայության համար, պետությունից բնակարան էին ստանում: Այն դեպքում, երբ բանակին նվիրված կամ պատերազմում հաշմանդամություն ստացած շատերը վարձով են ապրում: Գուցե գեներալ Օհանյանն արդարանա, թե ինքը տեղյակ չի եղել այս ամենից: Բայց դա անհավանական է. բոլոր զինկոմիսարիատներն աշխատել են անմիջապես ՊՆ-ի եւ նախարար Օհանյանի ենթակայությամբ, ամբողջ երկիրը գիտեր այդ մասին, Օհանյանը չէր կարող չիմանալ: Առանց նրա իմացության կատարված գործարքները շուտ բացահայտվում էին:

Օհանյանի օրոք բանակում տիրած սոցիալական անհավասարության ամենավառ ապացույցը զինկոմիսարների՝ իրենց պաշտոնավարման տարիներին ձեռք բերած հարստությունն է, առանձնատներն ու թանկ մեքենաները, արտերկրում ձեռք բերած անշարժ գույքը: 

Այս իշխանությանը կարելի է քննադատել ամեն ինչում: Բայց ոմանք որոշ հարցերի շուրջ պարզապես պետք է լռեն, ինչպես պետք է լռի Սեյրան Օհանյանը, երբ խոսվում է բանակում անարդարությունների եւ սոցիալական անհավասարության մասին: