Հայ պատմաբանները գաղտնի քննարկում են ունեցել թուրք պատմաբանների հետ․ պատմաբան Աշոտ Մելքոնյան

Հայ պատմաբանները գաղտնի քննարկում են ունեցել թուրք պատմաբանների հետ․ պատմաբան Աշոտ Մելքոնյան

Սա հերթական լարված թակարդն է, որի մեջ, ցավոք , հայտնվեցինք: Մեզ համար ցավալի է, որ մեր գործընկերները ևս ներգրավվել են այդ գործում։ Այս մասին այսօր « Տեսակետ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Ասուլիսի թեման էր «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին»։

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ամեն ինչ արվել է գաղտնիության պայմաններում, ոչ մեկը չի իմացել, որ հայ պատմաբանները կապի մեջ են թուրքերի հետ․ արդյունքում՝ ունենք  երկու գիրք, որոնցում հենց հայկական կողմը հայերին մեղադրում է ռազմատենչ պահվածքի, միլիտարիզացված լինելու և այլնի մեջ։ Այդ գրքերում հայ և թուրք պատմաբանները խորհուրդներ են տալիս՝ ինչպես պետք է գրվի հայոց պատմությունը, ինչպես՝ Թուրքիայի պատմությունը, որ հաշտվենք և խնդիրներ չունենանք։

«Անկախության հռչակումից հետո, երբ շատ երկրներ մեկը մյուսի հետևից ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, թուրքական կողմը 90-ական թվականների վերջին օրակարգ բերեց այսպես կոչված «հայ-թուրքական հաշտեցման» հանձնաժողովների գործունեությունը։ Սա զոհի և ոճրագործի հաշտեցման խնդիր ուներ։ Հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր։ Մեր իշխանությունները թաքցնում էին, որ իրենք պաշտոնապես մասնակցում էին այդ բանակցություններին։ ԱՄՆ-ում այդ բանակցությունները ընթացան 90-ականների վերջից մինչև 2003 թվականը, երբ հայկական կողմը ներքաշվեց այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ կարող է հավուր պատշաճի թուրքական կողմին ապացուցել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սակայն թուրքական կողմը փորձեց մեզ համար նոր ծուղակներ լարել, և դրա հետևանքով հայկական կողմը ուշացած դուրս եկավ այդ ծրագրից։ Հաջորդ ծուղակը, որ թուրքերը մեզ համար պատրաստեցին, դրանք հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններն էին, բոլորդ հիշում եք հայ հասարակության խռովքը, և, բարեբախտաբար, այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք ստորագրված էին, դուրս մնացին օրակարգից։ Եվրոպական զանազան կառույցներ տասնամյակներ շարունակ, թուրքերի հետ համագործակցելով, փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ, թշնամու կերպարը մեզանում մեղմել, գուցե և վերացնել, և զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել հաշտեցնել կողմերին։ Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը ուշադրություն հրավիրեց թուրքական կեղծարարության վրա, որով տարիներ շարունակ զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել են մոռացության մատնել Ցեղասպանության թեման և «հաշտեցնել կողմերին»։

«Եթե Գերմանիան իր մեջ ուժ գտավ ճանաչելու հրեաների Ցեղասպանությունը և տարիներ շարունակ միլիարդների գումարներ է վճարում, իսկ հրեաները դեռ պնդում են, որ դա քիչ է, ապա ինչո՞ւ պետք է հայերը մոռանան ու հաշտվեն»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։