Փաստաբանը, տեսակցողը ՔԿՀ-ի կողմից պետք է տեղեկացվեն վարակիչ հիվանդության մասին

Փաստաբանը, տեսակցողը ՔԿՀ-ի կողմից պետք է տեղեկացվեն վարակիչ հիվանդության մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շրջանառության մեջ է դրել Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենք լրացման ու փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալի տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրել այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապելու հանգամանքի մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է տեսակցողին։ Նրանք կարող են լինել՝ վարույթն իրականացնող մարմինը, փաստաբանը, պաշտպանը, մերձավոր ազգականը կամ մեկ այլ անձ։

Որպես հիմնավորում նշվում է՝ ձերբակալված կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի մասին նախապես տեղեկատվություն ստանալը, նրան այցելող փաստաբաններին, ինչպես նաեւ նրա հետ անմիջական շփման մեջ գտնվող այլ անձանց չվարակելու, նրանց առողջական վիճակը հնարավոր վտանգի չենթարկելու կարեւոր նախապայման է հանդիսանում: